Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարդան Օսկանյանը բավական ոգեւորված էր». Ռոբերտ Քոչարյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատմության մասին

Դեկտեմբեր 27,2021 15:59

«Թուրքիան միշտ երեք նախապայման է դրել Հայաստանի առջեւ. Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ներառյալ Ղարաբաղը, 7 շրջանների անվերապահ վերադարձ եւ Ցեղասպանության ճանաչման հետ կապված էնտուզիազմ չդրսեւորելը կամ այլ կերպ ասած, այդ հարցը պատմաբաններին փոխանցելը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա զուգահեռներ անցկացրեց այդ հարաբերությունների կարգավորման ընթացքին վերաբերյալ՝ իր նախագահության շրջանում եւ այժմ. «Հիմա ավելացել է «Զանգեզուրի միջանցքի» նախապայմանը: Մեր մոտեցումը միշտ հետեւյալն է եղել՝ պատրաստ ենք հարաբերություններ կառուցել առանց նախապայմանների: Նույնիսկ երբ սահմանից խոսում էին, մենք ասում էինք՝ սահմանը մեր կողմից բաց է, փակ է մյուս կողմից: Ի՞նչ է կատարվել այդ երեք նախապայմանների հետ. սկսենք երկրորդից՝ ոչ թե 7 շրջանն է վերադարձվել, այլ բոնուսով, Շուշին ու Հադրութը: Ըստ էության, այդ նախապայմանն արդեն գոյություն չունի: Ցեղասպանության հետ կապված Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել, որ կարող է հաջողության հասնել Ցեղասպանության ճանաչման գործում, միգուցե հեռավոր ապագայում, բայց այսօր ՀՀ իշխանություններն այդ հարցն ամբողջությամբ թողել են Հայ Դատի գրասենյակների վրա: Երկրորդ, կարող են նման հարցերի դիմել պետություններ, որոնք Թուրքիային պատժելու որոշակի շահագրգռություն այս կամ այն պահին կարող են ունենալ: Այլ ռեսուրս չկա: Ըստ էության, երեք նախապայմաններից երկուսը իրենց համար բարեհաջող լուծված են»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ նախքան Բրյուսելի հանդիպումը՝ ԱԺ-ում վարչապետն ասաց, որ 2016-ից այլեւս չկա նույնիսկ տեսական տարբերակ Ղարաբաղի համար Ադրբեջանի կազմից դուրս, ինչը նշանակում է, որ ՀՀ առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում որեւէ տարբերակ, որեւէ կարգավիճակ Ադրբեջանից դուրս: Իր դիրքորոշումը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ վերահաստատեց. «Հիմա երեք նախապայմաններն էլ կատարվել են եւ երբ ասում են՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն դժվար է հորինել: Դուք բոլոր նախապայմանները կատարել եք, մի բան էլ ավելի, քննարկում եք միջանցքի հարցը»:

Ռոբերտ Քոչարյանը հիշեց, որ իր նախագահության տարիներին հայ-թուրքական շփումներ եղել են 2002-ին, երբ Էրդողանի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում: Առաջին հանդիպումը եղել է ԱԳ նախարարներ Աբդուլլահ Գյուլի եւ Վարդան Օսկանյանի միջեւ. «Վարդան Օսկանյանը բավական ոգեւորված էր, ինձ զանգեց, ասաց՝ ոնց որ թուրքական կողմը պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների: Ես ասացի՝ Վարդան, չեմ հավատում, դեռ նոր են, տաք են, երեւի չեն հասկացել, որ Ադրբեջանն իրենց կխանգարի: Դրա շուրջ մեծ աղմուկ մի հանի, որ չստացվի, որ սպասելիքներ ենք առաջացնում: Գյուլն ասել է՝ առանց նախապայմանների: Հիշո՞ւմ եք, մի թեզ էին առաջ քաշում՝ զրոյացնում ենք պրոբլեմները բոլոր հարեւանների հետ: Արդյունքում բոլոր հարեւանների հետ շատ ավելի խորը պրոբլեմներ ունեցան: Երկրորդ հանդիպումից հետո Օսկանյանն ինձ ասաց, որ ոնց որ հետ են քաշվում: Իսկ երրորդ հանդիպման ժամանակ ամբողջությամբ վերադարձանք այն կետին, ինչից սկսել ենք: Սա է եղել հայ-թուրքական հարաբերությունների հուսադրող մի պահը, որը տեւեց 6-7 ամիս, ոչ ավել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031