Ինչո՞վ էր տարբերվում Մեղրիի տարբերակը, որը Ձեր իշխանության տարիներին առաջարկվում էր իբրև լուծում ղարաբաղյան հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, այն տարբերակից, որը հիմա գործողության մեջ է եւ ադրբեջանցիներն անվանում են «Զանգեզուրի միջանցք». այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ այն ժամանակ Թուրքիան այդ պատմության մեջ չկար։
«Իսկ դուք տարբերությունը չե՞ք տեսնում։ Այն ժամանակ խոսքը գնում էր Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին, Քի Ուեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին մի միջանցքով, որը ևս ունենալու է նույն կարգավիճակը։ Միջանցքի լայնությունը անվտանգության տեսանկյունից ես այսպես էի ձևակերպել՝ գրադի հեռահարության երկու կողմի վրա՝ 42 կմ միջանցք։ Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ, այսօրվա Ղարաբաղի անորոշության և անվտանգային առումով և կարգավիճակի հետ. տարբերությունը դրա մեջ է»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը:
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ այդ տարբերակն, այնուամենայնիվ, չիրագործվեց, երկրորդ նախագահը պատասխանեց․ «Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Ուեսթում հրաժարվեց ստորագրել։ Ես իմ գրքում դրա մասին մանրամասնորեն գրել եմ։ Ինքն ասաց, որ չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին, ասաց՝ համարում է, որ ինքը գերագնահատել է իր հնարավորությունը՝ ազդելու հասարակական կարծիքի վրա։ Բավական անկեղծ էր այդ տեսանկյունից։ Վերջին պահին հրաժարվեց։ Հիմա պատկերացրեք՝ մենք ունենայինք Քի Ուեսթի լուծումը և համեմատեք այդ լուծումն այսօրվա վիճակի հետ։ Համեմատության եզրեր չկար։ Այդտեղ խոսք էր գնում ճանապարհի իրավունքի մասին, և խոսքը գնում էր միայն ավտոմոբիլային տրանսպորտի մասին։ Երկաթուղիների մասին գրված չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ