ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» (Wildberries) խոշորագույն ռուսական առցանց պլատֆորմի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:
Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առեւտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաեւ դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առեւտրաշրջանառության զարգացմանը համահունչ:
Հակոբ Արշակյանը կարեւորել է ապրանքների եւ ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաեւ տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը: Այս համատեքստում կարեւորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ «ՀայՓոստի» հետ համագործակցության զարգացումը:
Կարդացեք նաև
Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզի» միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի եւ տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով: «ՀայՓոստի» հետ համագործակցության վերաբերյալ նշվել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում:
«Վայլդբերիզ» ընկերությունն էլեկտրոնային առեւտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն առեւտրային գործունեություն է ծավալում աշխարհի 19 երկրում:
Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն:
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ եւ համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության եւ «ՀայՓոստի» միջեւ:
Ազգային ժողով