Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկը «ռեւերսի ռեժիմով» է աշխատում. Ռոբերտ Քոչարյան

Դեկտեմբեր 27,2021 12:55

«Անկումն անցած տարի եղել է 7,4 տոկոս, այս տարի կանխատեսվում է մոտ 4,2 տոկոս տնտեսական աճ՝ Կենտրոնական բանկի գնահատականով, կարծում եմ՝ այն, ինչ կլինի դրանից ավելի, ուղղակի նկարած է լինելու»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերլուծելով անցնող տնտեսական տարին

«Մի շատ պարզ հաշվարկ՝ նույնիսկ 2019 թվականի ցուցանիշներին հասնելու համար մենք պետք է այս տարի ապահովվեինք ավելի քան 8 տոկոս աճ։ Չենք ապահովվել, վստահ եմ, որ հաջորդ տարի ևս չենք ապահովվելու և ստացվելու է, որ 2020, 2021, 2022 թվականները լինելու են տեղում կանգնած տարիներ։ Հիշում եք, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին կախարդական փայտիկի մասին էր խոսք գնում, հիմա պարզվեց, որ այդ փայտիկը ռեվերսի ռեժիմով է աշխատում, դա ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու, մեր ժողովրդին հարստացնելու համար էր, այլ ճիշտ հակառակը՝ աղքատացնելու եւ տնտեսության ծավալները փոքրացնելու կախարդական փայտիկ էր։ Պետական պարտքը 9 միլիարդից անցել է եւ վերջին երեք տարում աճել է 2,3 միլիարդ դոլարով, սա նշանակում է, որ այս 4 տոկոսանոց կանխատեսվող սպասվելիք տնտեսական աճի մի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ»։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ գնաճին. «Գնաճը 9,6 տոկոս է, պաշտոնական թվեր եմ միայն մեջբերում, որոնց արժանահավատությունը եւս կասկածի տակ է, բայց թող այդպես լինի։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անես, որ ունենաս 9,6 տոկոս գնաճ։ Միջին գնաճը եղել է 2-3 տոկոս, սա է նորմալը և նման գնաճի պարագայում դու որպես պետություն պարտավոր ես ինդեքսավորել թոշակները և աշխատավարձերը, ուղղակի պարտավոր ես, ինչը չի արվում եւ ինչպես ես հասկանում եմ՝ չի էլ սպասվում։ Այս իշխանությունը ոնց որ շփոթել է՝ երկնիշ թվերը շփոթել է գնաճի ու տնտեսական աճի միջև, տեղերը փոխվել են։ Պետք է լիներ հակառակը՝ երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ տնտեսությունը»։

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, Հայաստանը կարիք ունի բոլորովի այլ տնտեսական աճի տեմպերի, հակառակ դեպքում, անվտանգային հարցերը որեւէ կերպ հնարավորություն չենք ունենալու լուծել․ «Այս տարվա ընթացքում եւս պարզվեց, որ միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը միֆ էին, լկտի սուտ։ Այս մի քանի տարվա ընթացքում մարդկանց ավելորդ լավատեսություն, չհիմնավորված լավատեսություն էին հաղորդում, ինչի պատճառով մարդիկ մտել են մեծ վարկային բեռերի տակ: Այսօր մենք կանգնած ենք լրջագույն պրոբլեմի առջեւ՝ վարկային փաթեթների անորակ լինելու։ Իմ տպավորությամբ, բավականին մեծ է հավանականությունը, որ մենք ունենալու ենք ճգնաժամ այդ սպառողական վարկերի սպասարկման տեսանկյունից։ Այստեղ լրջագույն քայլեր են պետք կառավարության, Կենտրոնական բանկի կողմից՝ այդպիսի ճգնաժամը շրջանցելու համար»։

Կառավարության հիմնական խնդիրը, ըստ երկրորդ նախագահի, պետք է լինի ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, քանի որ այս տարվա ընթացքում աղքատության թիվը միայն աճել է ու միայն այդ ցուցանիշը բավարար է՝ փաստելու համար, որ կառավարությունը ոչինչ չի արել. «Աղքատության թիվը տատանվում 27-30 տոկոսի մեջ, այս նույն պարագայում շեշտակի աճել է պաշտոնյաների, պետական ծառայողների՝ վերնախավի բարեկեցությունը: Անամոթ ձևով պարգևավճարները շարունակում են գոյություն ունենալ: Մենք տեսնում ենք թե ինչպիսի ծախսեր են արվում ճոխ ճամփորդությունների, անվտանգության աշխատակիցների, լիմուզինների, պադավատների և այլնի վրա: Այս ամենն ինձ վրա թողնում է «խրախճանք՝ ժանտախտի ժամանակ»-ի տպավորություն»:

Նա հիշեցրեց իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ ժողովրդին համարում են բարձրագույն արժեք եւ ասաց. «Այդ բարձրագույն արժեքը փախնում է քո երկրից, ի՞նչ ես դու անում այդ բարձրագույն արժեքը քո երկրում պահելու համար: Եթե չեմ սխալվում, 9 ամսվա ընթացքում 103 հազար մարդ լքել է երկիրը, բալանսը բացասական է: Մոտ 34 հազարն, օրինակ, ընդունել են ՌԴ քաղաքացիություն, այդքանն, օրինակ, Աբովյանի բնակչությունն է: Այսինքն, պատկերավոր ասած, մի քաղաք ընդունել է այլ երկրի քաղաքացիություն: Երկրից գնում են ոչ միայն նրանք, ովքեր ընդդիմադիր են, այլ նաեւ նրանք, ովքեր քվեարկել են այս իշխանության համար: Ո՞ւր եք գնում, հարգելի մեր քաղաքացիներ, մնացեք վայելեք ձեր ընտրությունը, ինչո՞ւ եք մեզ թողնում ձեր սիրելի իշխանության հետ: Իրավունք ունենք այսպիսի հարց տալ, երևի ունենք»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031