Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կորցրել է վերահսկողությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ. Ռոբերտ Քոչարյան

Դեկտեմբեր 27,2021 12:24

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականի Հայաստանի համար, անվտանգային առումով, համարում է կատարյալ ձախողումների տարի: Այս մասին, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ մանրամասնելով. «Տարածքների կորուստ. իշխանությունները նույնպես ընդունում են, որ 40 քառակուսի կմ կիլոմետրից ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, բայց իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ: Այդ GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով, մենք ստիպված ենք եղել հետ քաշվել 500 մետրից մինչեւ 1-1,5 կմ՝ որոշ տեղերում մի քիչ ավելի շատ: Նույնը կատարվել է ոչ միայն Վարդենիս-Արաքս հատվածում, այլեւ Նախիջեւանի հատվածում՝ դեռ մինչեւ պատերազմը: Հիշո՞ւմ եք, որ շատ մեծ տարածքներում ադրբեջանական զորքերն առաջ են եկել. ամբողջ այդ տարածքը՝ իրենց դիրքերից մինչեւ մեր դիրքերը, մեր կողմից չեն վերահսկվում: Ըստ էության, մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 կմ-ի նկատմամբ, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ»:

Ռոբերտ Քոչարյանը նկատում է, որ 2021-ի ընթացքում մենք կորցրել ենք նաեւ այս տարվա ընթացքում կարեւորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը, ունեցել ենք մոտ 36 զոհ, 30 վիրավոր, ավելի քան 30 նոր ռազմագերիներ: Ըստ նրա, տարվա ընթացքում ոչինչ չի արվել նաեւ բանակի մարտունակությունը բարձրացնելու համար եւ 2-3 դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ 30-ից ավելի գերի ունենալն, ըստ պրն Քոչարյանի, խոսում է բանակում լրջագույն խնդիրների մասին. «Սա կարելի է ինչ-որ բաներով բացատրել եւ հիմնական բացատրությունը կարող է լինել հետեւյալը, որ մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի արտահայտության տպավորության տակ՝ «մեկ սարի համար մենք հո չե՞նք պատերազմելու»: Մեր երկիրը սարերից է բաղկացած, դա նույնն է, որ արաբներն ասեն՝ անապատի համար հո չե՞նք պայքարելու: Սա նաեւ ինչ-որ տեղ հրավեր է, «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար: Դու ասում ես, որ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմել: Եթե առաջին դեմքն այդպես է մտածում, ինչի՞ ենք մտածում, որ բանակի մայորը կամ պայմանագրային զինծառայողը այլ կերպ պետք է մտածի: Դա բանակի մարտունակությունը գցելու լավագույն միջոցներից մեկն է»:

Ռոբերտ Քոչարյանն ընդգծում է, որ անցնող տարվա ընթացքում ոչինչ չի արվել նաեւ բանակի սպառազինության վերականգնման ուղղությամբ, մինչեւ այսօր չի հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը, մինչդեռ, մենք պետք է ունենային հուշամատյան, ինչը վերաբերմունք կլիներ զոհվածների, նրանց ընտանիքների նկատմամբ:

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 70-80 տոկոսը լուրջ մտահոգված են անվտանգության հարցերով, ինչը փաստում է, որ չի կարող երկիրը նորմալ զարգանալ, երբ բնակչության 80 տոկոսը մտածում է, որ ապրում է անվտանգ երկրում:

Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ ավելի վատթարացված ձեւով մտնում ենք հաջորդ տարի եւ բանակի բյուջենն էլ այնպիսինը չէ, որ հույս փայփայենք, թե այս հարցերը հաջորդ տարի իրենց լուծումը ստանալու են:

Այլ մանրամասները՝ տեսանյութում4

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031