2021 թվականի դեկտեմբերի 23-ին Երեւանի Համո Սահյանի անվան գրադարանում տեղի ունեցավ «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների եւ զինվորների ընտանիքներ, մայրեր, զինված ուժերի սպաներ, բժիշկներ, ուսուցիչներ, աշակերտներ, գրողներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ անդամներ, գիտնականներ, կոմպոզիտորներ, մշակութային եւ գրական գործիչներ, ընդհանուր առմամբ՝ 81 մարդ։
Այս անգամ մրցանակաբաշխությունը կրում է «Հայը» անվանումը։ Միջոցառման ընթացքում Հավերժի Զինվորների մայրերին հանձնվեց «Հայը» խորհրդանշական հուշագիր եւ հուշանվերներ։
Մրցանակակիրներն այս անգամ 36 ընտանիքներ էին՝ պատերազմում նահատակված զինվորների եւ զինծառայողների մայրերն ու այրիներն էին:
Կարդացեք նաև
«Հայը» անվանակարգում պատվոգրեր հանձնեցինք նաեւ մշակույթի, գրականության, գիտության, դպրության, բժշկության, իրավունքի եւ այլ ոլորտներում էական ավանդ ունեցող թվով 32 անձանց, իսկ նույնանուն հուշամեդալով պարգեւատրեցինք ՀՀ ԳԱԱ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանին։
Միջոցառման ավարտին ինձ համար մեծ անակնկալ էին պատրաստել Հավերժի Զինվորների մայրերը, որոնք մայրերի անունից ինձ հանձնեցին «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» պատվոգիրը։ Սիրելի մայրեր, շնորհակալ եմ այսօրվա Հանդիսությանը ձեր միահամուռ մասնակցության համար։ Մեզ միաբանեց ու հետայսու նույնպես միաբանելու է ամբողջ հասարակությանը Նրանց նկատմամբ սերը, ինչը վեր է ամեն բանից։
Մենք ապրում ենք Նրանց երազանքի համար եւ այդ երազանքն է ապրեցնում մեզ։
Այսօր առաջին անգամ շրջանառության մեջ դրեցինք «Հայը» շարքը, մարդիկ առաջին անգամ պարգեւատրվեցին «Հայը» հուշագիր-պատվոգրով եւ Հուշամեդալով։ Ինչ նպատակ է այն հետապնդում։
«Հայը» շարքը նպատակ չի հետապնդում մեզ առանձնացնել ազգերի ընտանիքից եւ ցուցադրել մեր գերազանցությունը այլ ազգերի նկատմամբ։ Մեր նպատակն է հային օգնել վերականգնվել, ինքնաճանաչվել, ինքն իրեն վերագտնել։ Այս ճանապարհով պետք է վերականգնենք մեր ուժերը, վերականգնենք մեր ինքնությունը, որպեսզի միավորվենք ու հզորանանք, հայահավաքվենք, մի բռունցք դառնանք, որպեսզի խաղաղ ապրենք մեր երկնքի տակ։
Բարբարոս ցեղերը դարեր շարունակ մեզ պառակտել են, ցեղասպանության են ենթարկել եւ զավթել են մեր պապերի հայրենիքը։ Ցավոք, եղել են նաեւ ներքին պառակտիչներ եւ մոլորեցնողներ եւ հիմա էլ դրանք կան: Մեր միաբանությունը սուրբ նպատակ է հետապնդում, ապրել եւ ապրեցնել, ապրել Հավերժի մեջ ապրող մեր զավակների երազանքների համար։
Ես ամեն օր բացելով համակարգիչը, շփվելով Նրանց հետ՝ տեսնում եմ մաքրամաքուր հայացքները ու աշխատում եմ չսխալվել, ուղիղ նայել Նրանց աչքերի մեջ, որովհետեւ գիտեմ՝ տեսնելու եմ Նրանց՝ այստեղի կարճ կյանքից հետո։
«Հայացք դեպի երկինք» ֆիլմի աշխատանքները շարունակվում են։ Այս ֆիլմը բոլոր ժամանակների մեր զինվորի հավաքական կերպարի մասին է։ Կերտում ենք այն վեհ ու հայրենասեր կերպարը, որի մեջ կտեղավորվեն Հավերժի բոլոր Զինվորները, կտեղավորվենք մենք բոլորս, ովքեր գնում են այս ճանապարհով, կտեղավորվեն մեր ապագա սերունդները։
Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2021