Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանական վերականգնման աշխատանքները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության ստորագրումից 9 օր հետո

Դեկտեմբեր 27,2021 13:00

Պատերազմի ավարտից եւ ճանապարհային քարտեզի հրապարակումից ավելի քան կես տարի անց միայն փաստացի մեկնարկեց պատերազմի հետեւանքով առաջացած հոգեբանական խնդիրներին դիմակայելու ծրագիրը, այն դեպքում, երբ ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանը՝ ՀՀ վարչապետի գրասենյակը տեղեկացրել էր, որ հանրության հոգեբանական վերականգնմանն ուղղված ծրագրերի մեկնարկը նախատեսված է 2021 թ. փետրվարին:

2020 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը հրապարակեց 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված ճանապարհային քարտեզը, որը, ի թիվս այլնի, նախատեսում էր «պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում»: 2021 թ. փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը թիվ 131-Ն որոշմամբ հաստատեց Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց եւ հանրության հոգեբանական վերականգնման կարգը։ Որոշմամբ սահմանվեցին պետական աջակցության շրջանակներում հոգեբանական վերականգնման ծառայությունների տեսակները, թիրախ խմբերը: Թեեւ կարգը հաստատվեց 2021 թ. փետրվարի 4-ին, միայն ապրիլի 22-ին կառավարության 2021 թ. թիվ 639-Ն որոշմամբ՝ պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 100 մլն դրամ՝ ծրագրի իրականացման համար:

Հայտարարվեց մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց 7 կազմակերպություն եւ մեկ Անհատ ձեռներեց ներառող կոնսորցիումը։ Ծրագրում ներգրավվեց մոտ 60 հոգեբան։ Նախատեսվեց վեցամսյա ծրագիր, որի ֆինանսավորումը հատկացվել է 2021 թ. մայիսի 21-ին, իսկ հոգեբանական աջակցության փաստացի աշխատանքներն սկսվել են միայն 2021թ. հունիսի 1-ից։

Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական ծրագրի շրջանակներում կոնսորցիումի կողմից կազմակերպվել է 5308 սեանս, հոգեբանական աջակցություն է տրամադրվել 1091 անձի (Երեւանում հոգեբանական վերականգնման ծառայություն է ստացել 351, մարզերում՝ 691 եւ Արցախում 49 անձ)։ Այսպիսով, հոգեբանական աջակցություն է ստացել Երեւանի բնակչության 0.032, մարզերի բնակչության՝ 0.037 (հիմք ընդունելով 2021 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը Երեւանում՝ 1 096.1, մարզերում՝ 1 870.7) եւ Արցախի բնակչության 0.037 տոկոսը (հիմք ընդունելով 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը՝ 148 հազար մարդ):

Դիտարկումները ցույց են տալիս, որ բացակայում է նաեւ համագործակցությունը հոգեբուժական հաստատությունների հետ։ Մասնավորապես, հաստատություններն իրազեկված չեն պետական ծրագրի մասին, մինչդեռ նման համագործակցության դեպքում հաստատություններում բուժում ստացող պատերազմի մասնակիցների հետ աշխատանքը հնարավոր էր ավելի արդյունավետ կազմակերպել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժինն աշխատել է տեղահանված անձանց, անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների, զոհվածների հարազատների եւ ընտանիքների հետ։ Այնուամենայնիվ, այդ աշխատանքները չեն ընդգրկել հանրապետության ամբողջ տարածքը եւ բոլոր թիրախ խմբերին։ Նախարարությունը հոգեբանական աջակցության աշխատանքներ է կատարել Երեւանում եւ 10 մարզերից միայն 4-ում (Կոտայք, Շիրակ, Արագածոտն եւ Արարատ): ՀՀ պաշտպանության նախարարությունը, համաձայն 2021 թ. նոյեմբերի 30-ին տրամադրած տեղեկության, հոգեբանական առաջին օգնության եւ վերականգնման աշխատանքներ է իրականացնում մասնակից զինծառայողների, պահեստազորայինների եւ կամավորների հետ։ Հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 6000 անձի, ինչպես նաեւ իրականացվել ավելի քան 1900 տնայց։ Հետտրավմատիկ սթրեսային եւ այլ հոգեբանական խնդիրներով պատերազմական գործողություններին մասնակցած մոտ 750 զինծառայողներ ստացիոնար բուժում ու վերականգնողական ծառայություն են ստացել։ Այսինքն, կան զինծառայողներ, որոնք առանց հոգեբանական աջակցություն ստանալու եւ վերականգնում անցնելու շարունակում են ծառայությունը, մինչդեռ պատերազմի յուրաքանչյուր մասնակցին եւ առաջին հերթին զինծառայության մեջ գտնվող անձանց պետք է հասանելի լինի հոգեկան վիճակի գնահատումն ու ըստ կարիքի աջակցությունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ըստ JAMnews մեդիահարթակի, 2021 թ. հունվարի դրությամբ շուրջ մեկ ամիս գործում էր հոգեբանական աջակցության թեժ գիծ, մինչդեռ Կազմակերպության հարցմանն ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է, որ հոգեբանական վերականգնման ծառայություններ տրամադրում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ըստ այդմ, կարող ենք ենթադրել, որ նախարարությունը հոգեբանական աջակցություն պատերազմի հետեւանքով տուժած անձանց չի տրամադրել։

Ամփոփելով՝ կարող ենք եզրահանգել՝ պատերազմի հետեւանքով առաջացած հոգեբանական խնդիրներին դիմակայելու ծրագիրը փաստացի մեկնարկել է պատերազմի ավարտից եւ ճանապարհային քարտեզի հրապարակումից ավելի քան կես տարի անց, պատշաճ չի գնահատվել հոգեբանական աջակցության ծավալը, իրականացված ծրագրի եւ պետության կողմից այլ միջոցառումների ծավալները բավարար չեն. ծրագրով բավարարվել է պատերազմին անմիջապես առնչություն ունեցող անձանց նվազագույն կարիքի 6.4 տոկոսը, աջակցություն է ստացել Երեւանի բնակչության միայն 0.032, մարզերի եւ Արցախի բնակչության 0.037 տոկոսը պատերազմին անմիջական առնչություն չունեցած, սակայն հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձինք հոգեբանական կանոնավոր աջակցություն չեն ստացել: Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժինն աշխատել է տեղահանված անձանց, անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների, զոհվածների հարազատների եւ ընտանիքների հետ միայն Երեւանում եւ 10 մարզերից 4-ում:

Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031