Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքում երբե՛ք չհուսահատվել…

Դեկտեմբեր 27,2021 12:30

Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանի հետ

– Պարոն Կարպիս, հայու բեկորներուց եք, ընդհանուր գծերով կներկայացնե՞ք ձեր կենսագրությունը։

– Խնդրեմ, ծնվել եմ 1939թ., Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հայրս հայ է, մայրս՝ հույն։ 1947թ. հայրենադարձվել ենք Հայաստան եւ բնակություն հաստատել Լենինական-Գյումրիում։ Հաճախել եմ Նեկրասովի անվան հայկական դպրոցը, 1956թ. ընդունվել Երեւանի «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական ստուդիան։ Դասավանդում էին հայտնի կինոգործիչներ Դ. Դզնունին, Լ. Քալանթարը, Յ. Երզնկյանը, Հ. Մալյանը, Հ. Մարգարյանը… Այդ ընթացքում նկարահանվեցի «Նվագախմբի տղաները» (ռեժ.՝ Մալյան-Մարգարյան), «Ճանապարհ» (Ս. Կեւորկով), «Թաղը սկսվում է անավարտ շենքից» (Յ. Երզնկյան), «Գիշերը բաժանված է չորս մասի» (Հ. Մարգարյան) ֆիլմերում։ 1965թ. Երեւանի գեղարվեստաթատերականի դերասանական ֆակուլտետն ավարտելուց հետո (ղեկ.՝ Արտ. Հովսեփյան), ուղեգրային նշանակումս եղավ Լենինականի Ասք. Մռավյանի անվան թատրոնում (իմա՝ Վ. Աճեմյանի անվան)։ Դերասանական միջավայրը հաճելի էր։ Դերացանկում էին նաեւ Օստրովսկու «Անտառը» եւ Վորոբյովի «Դոկտոր Պոլիժաեւ» պիեսները։

– Իսկ ինչպե՞ս տեղափոխվեցիք Երեւանի դրամատիկական թատրոն։

– 1971թ. ԽՍՀՄ ժող. արտիստ Հրաչյա Ղափլանյան-Բալայանի հրավերով (թատրոնի գլխավոր հիմնադիր)։ Նորաստեղծ թատրոնի համար դերասաններ էր հավաքագրում։ Ինձ համոզեց։ Թատրոնի հիմնադրման օրվանից (համահիմնադիրներից մեկն եմ համարվում) ավելի քան 52 տարի հավատարմորեն ծառայել եմ թատրոնին։

– Բեմարվեստի բեղուն ուղի եք անցել, գնահատվե՞լ եք ըստ պատշաճի։

– Ախր, անհամեստություն կլինի, դրանց այնքան էլ նշանակություն չեմ տալիս։

– Բայց չէ՞ որ ձեր կենսագրության մի մասն են կազմում։

– 70-ամյակիս առթիվ արժանացա ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։ 2000թ. «Արտավազդ» մրցանակաբաշխության մրցանակակիր դարձա, նույն թվականին՝ Երեւանի քաղաքապետարանի ոսկե մեդալակիր, ՀԹԳՄ-ի երեք ոսկե մեդալակիր եմ:

– Պարոն Կարպիս, մի առիթով ասացիք, որ երազել եք ճարտարապետ դառնալ, ինչպե՞ս եղավ, որ արտիստ դարձաք։

– Պատանի հասակում ձգտում էի ճարտարապետ դառնալ, սակայն, ճակատագրի կամոք էր, թե ինչ, թատերական մի ինքնագործ խմբում, Չեխովի «Առաջարկություն» պիեսում Լոմովին կերպավորելու, լավ բեմախաղ ցուցադրելու համար արժանացա գլխավոր մրցանակի։ Եվ այդ դիպվածը հիմք հանդիսացավ, որ կյանքս ընդմիշտ կապեի թատրոնի հետ։ Փառք Աստծո։

– Խճանկարիդ ավելի արտահայտիչ տեսք տալու համար անցնենք ընդհանրական հարցերի։ Պարոն Կարպիս, վերջին տարիներին ի՞նչ անակնկալներ եք մատուցել հանդիսատեսին։

– Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի Քոսակն եմ եղել։ Մեր ժամանակի շնչով է բեմադրված։

– Թատրոնը կարո՞ղ է կողմնորոշիչ լինել հասարակության նոր մտածելակերպի, ազգային գաղափարախոսության ձեւավորմանն ու արմատավորմանը։

– Իհարկե, թատրոնի դերը ժողովրդի համակողմանի կրթության, կյանքի ճանաչման, ինքնագիտակցության գործում անգնահատելի է։ Մեր մեծերի խոսքով ասած՝ բեմը կյանք է, կյանքը՝ թատրոն։

– Մեր օրերում ի՞նչն է պակասում արվեստագետին։

– Ուշադրությունը։

– Մարդու մեջ ի՞նչն է ավելի շատ գնահատելի։

– Բարոյականությունը։

– Դժվարին իրավիճակներից ինչպե՞ս եք դուրս գալիս։

– Աշխատում եմ նման իրավիճակներում չհայտնվել։

– Գոնե երջանկության մի պահ ապրե՞լ եք։

– Շա՜տ. հանդիսատեսներից։ Եվ դա ինձ համար ավելի բարձր է եղել, քան մրցանակներն ու կոչումները։

– Անվանի թատերական գործիչներից ովքե՞ր են ձեզ հիացմունք պատճառել։

– Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, Գրիգոր Չալիկյանը։

– Ըստ Չ. Դիքենսի՝ խիղճը կփրկի աշխարհը, թե՞ ըստ Ֆ. Դոստոեւսկու՝ գեղեցիկը։

– Երկուսն էլ։

– Մեղավորությունը մեր մեջ փնտրենք, թե՞ ուրիշների։

– Շատը մեր մեջ։

– Կյանքում անկումներ էլ են լինում. հուսահատություն, հուսախաբություն…, դրանցից ազատագրվելու ձեր մեթոդները։

– Լինի էլ, չպիտի հուսալքվել, կյանքում ամեն ինչ էլ պատահում է։

– Ի՞նչ անել հարցին պատասխանելիս, ո՞ւմից եք խորհուրդ հարցնում։

– Շեքսպիրի գաղափարախոսություններից՝ գերեզմանափորի կերպարից, Համլետի «Լինե՞լ, թե՞ չլինել» պատասխանից, որոնց ընդունում կամ չեմ ընդունում։

– Ձեր ուղիո՞վ է գնում զավակդ։

– Ոչ, իմ ճանապարհը դժվարագույն է։

– Ամեն մտավորականի կյանքում գալիս է վաստակած հանգստի ժամանակը։ Սպասո՞ւմ եք այդ ժամանակին։

– Ամենեւին, քանի առողջ ես, պիտի աշխատես։

– Ձեզ քաջառողջություն եւ բեղուն աշխատանք եմ մաղթում։

– Բոլորիս առողջություն…

Խճանկարը՝ Գուրգեն ԼՈՌԵՑՈՒ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել