Անցանք Սարսանգն, ու Տրտուականի վտակ Թրղուտի հոսանքն ի վեր հայացքով որոնում եմ Երից Մանկանց վանքը: Տատս՝ Տոնաշենից Մեծ Շեն հարս եկած Սալբին, այստեղով անցնելիս շրջվում էր դեպի Երից Մանկանց վանքը, խաչակնքում ու ասում. «Շղըկալած ճկատիտ մատաղ, ա Իրեք Մանկո՜ւք…»: Երեւում էր Տրտուականի ձախ ափին սեպված հսկա քարաժայռը՝ Ջրաբերդը, որը հին ժամանակներից անմատչելի ամրոցի էին վերածել տեղի իշխանները: Իսկ նրա դիմաց Կաթողիկոսասարի կամ Կարապետանց քար լեռան թեքության վրա էր տարածված Վաչականյան հարստության նստավայր Դիտականը, որին այսօր մեծշենցիները Մայրաքաղաք են անվանում: Անտիկ ժամանակներից էլ վաղ այն դիտակետ էր հանդիսացել եւ ուղիղ կապ էր ունեցել Մեծ Շենի Հարթապտուկ կամ Զիլբ բարձունքի հետ: Իմ նախնիները ասում էին, թե մեր տոհմը ուղիղ կապ ունի այդ լեռան տերերի հետ: Լեռան Կարապետանց Քար անունը հիշատակում է Հայոց միջնադարի մեծ օրենսդիր, առակագիր եւ պատմիչ, գանձակցի Մխիթար Գոշը: Նա գրում է, որ 1142 թ. Գանձակի շահապ կարգված Խուղտհուղտին իր զորքով գալիս է Կարապետանց Քար, ավերում է Աղվանից կաթողիկոսների նստավայրը հանդիսացող վանքը, թալանում հայերի բնակավայրերը: Աղվանքի Վաչականյան տոհմի թագավորները տիրապետել են 287-528 թթ.՝ մինչեւ Վաչական Բարեպաշտի եղեռական մահը:
Քանի որ արդեն ուշանում էինք նախապես նշանակված մարտակերտյան հանդիպումից, արդեն ժամանակ չունեինք կանգ առնել եւ որոնել ինձ համար շատ սիրելի հնավայրերը, շարունակեցինք ճանապարհը:
Հյուսիս-Հարավ մայրուղուց մի ճանապարհ Զիլբ լեռան ստորոտով տանում էր դեպի իմ հայրենի Մեծ Շեն գյուղը: Մեծշենցիները ի սկզբանե վաչականյան Դիտականի բնակիչներն էին, սակայն Խուղտհուղտու ավերածությունից հետո հեռանում են այդտեղից, հաստատվում Գետաշենում, երկու տարի հետո վերադառնում են, Դիտականից ոչ հեռու հիմնում Մեծ Շեն գյուղը: Այս գյուղում էր գտնվում վտանգի դեպքում Արցախի զորահավաքի կենտրոնը, որը մինչեւ այժմ պահպանել է Զորոտափ անվանումը:
Անցանք Մաղավուզը: Քաշաթաղի Մաղավուզ գավառի բնակիչները, հալածվելով թուրքերից, 1813 թ. հետո հաստատվել են Չարդախլու, Տոնաշեն եւ Մաղավուզ գյուղերում, որոնք դատարկվել էին հայ մելիաների եւ Շուշիի խանի միջեւ հակամարտության պատճառով:
Անցանք անտառապատ Զիլբը: 1992 թ. օգոստոսին այստեղ դաժան մարտեր էին ընթացել: Ես Պավել Երիցյանի «Աշոտ Երկաթ» ջոկատի հետ էի եւ ռազմաճակատային առաջին գծից ռեպորտաժների շարք էի պատրաստում: Ադրբեջանական բանակը ամբողջ ճակատով հարձակում էր ձեռնարկել: Այդ օրը զոհվեց մարտակերտյան ճակատի Մաղավուզի ուղղության հրամանատար, հայրենանվեր ազատամարտիկ Պավել Երիցյանը:
Կարդացեք նաև
Այստեղից մայրուղին ճյուղավորվում էր: Դեպի աջ ճանապարհը տանում է Մատաղիս եւ Թալիշ: Այն մեզ համար փակ է վերջին պատերազմի հետեւանքով: Ուղիղ գնալով եւս կհայտնվեինք թուրքական գերության մեջ: Եթե 1988-ից իմ գլուխը բավականին թանկ էին գնահատել ադրբեջանցիները, Իգոր Մուրադյանը մի անգամ հայտնել էր թիվը, ապա ես չգիտեմ, թե այսօր ինչ գլխագին ունեմ նրանց մոտ:
Դեպի աջ ճանապարհը տանում է Մարտակերտ: Այն ասֆալտապատ է:
Մարտակերտում այլեւս չես տեսնի նախկին աշխուժությունը, եռուզեռը: Տների մեծ մասը ռմբահարման հետեւանքով ավերված են մնացել: Ես նկատեցի, որ ձախ մայթից դպրոցական պայուսակներով մի աղջնակ պատանյակի հետ իրար ձեռք բռնած պոկվեցին տեղից եւ փորձեցին մեր մեքենայի առջեւով մյուս մայթն անցնել: Սոնան ուշ նկատեց, ծկլթաց ու սեղմեց արգելակը: Երեխաները ձեռքերը հենած մեքենային, զարմացած Սոնային էին նայում: Սոնան նախատեց նրանց, ու շարունակեց ճանապարհը: Ես կարոտով նայեցի դեպի իմ մանկության վայրերը՝ Մարգուշավան ու Մարաղա տանող ճանապարհը: Արդեն 29 տարի է, ինչ այն թուրքերի հսկողության տակ է: Մարգուշավանը, ինչպես եւ գյուղատնտեսական փորձակայանը ամբողջովին թալանվել, ապա ավերվել է, հարթավայրի վերածվել:
Ձախ կողմի բարձունքում Մարտակերտի դաշտում հայտնաբերած մահարձաններ էինք տեղադրել: Ժողովուրդն այն Կուկլի յալ է անվանել: Ուզում էի տեսնել դրանք: Զգուշացրին, որ այդ բարձունքը թուրք դիպուկահարների տեսադաշտում է ու շատ վտանգավոր է: Օրերս դաշտում աշխատանքի ժամանակ թուրք դիպուկահարի կրակոցից զոհված մարտակերտցին Տեփնանց տոհմից էր: Այդ տոհմը պահպանում է միջնադարում Ծարի (Քրվաճառ) իշխանության տեր, Սարգիս ամիրսպասալարի (Վրաստանի սպարապետ) դստեր՝ իշխանուհի Դոփի անունը:
Թեքվեցինք աջ: Շրջանի գյուղերից եկած դպրոցների տնօրենները, շուրջ քսան հոգի, հավաքվեցին վարչակազմի դահլիճում: Սոնային ասացի, որ եթե մեկ հոգի էլ լիներ դահլիճում, ես պետք է ելույթ ունենայի: Իհարկե, ցանկայի էր, որ դահլիճում լիներ եւ շրջկենտրոնի մտավորական խավը: Չեմ կարծում, թե վարչակազմի ղեկավարը տեղյակ չէ իմ հանդիպման մասին: Հավանաբար, նա էլ հարցրել է իր վերադասին: Ըստ երեւույթին, հաղթել է իմ նկատմամբ անվստահությունը: Սակայն ես հակված չէի Արցախի շուրջը ստեղծված իրավիճակում այժմյան ղեկավարությանը գահընկեց անելու գաղափարին, քանի որ դա կարող էր, ընդհանրապես, արցախցիներին զրկել թեկուզ միջազգայնորեն չճանաչված կարգավիճակից, ու կարգելեին նոր ընտրությունների կազմակերպումը:
Հանդիպումն ավարտելուց հետո գնացինք Աղաբեկա Լանջ գյուղը, որտեղ գտնվում էր մորաքրոջս աղջիկը՝ Նինան, իր որդու՝ ազատամարտիկ, Մարտակերտի շրջանի երկրապահների միության նախագահ Գրիգոր Միրզոյանի ընտանիքի հետ: Գրիգորը (Գիրո) Բալայան-Ազգալդյան ջոկատի հետախուզության պետն էր, Ազգալդյանի զոհվելուց հետո գումարտակի հրամանատարը, ապա դիվիզիայի հետախուզության պետը: Զորացրվելուց հետո իր աշխատասիրությամբ եզակի այս երիտասարդը Մարտակերտում գինու գործարան, ապա եւ խաղողի, նռան այգիներ է հիմնում: 44-օրյա պատերազմում կազմակերպելով Մարտակերտի պաշտպանությունը, այնուհետեւ իր ջոկատով մեկնում է ամենաթեժ կետերից մեկը՝ Կարմիր շուկա, ՎՈԱ խմբի հետ խիզախորեն ետ մղում թշնամու անընդմեջ գրոհները: Այստեղ էլ նա վիրավորվում է: Գիրոն այդ օրը Երեւանում էր: Նինան պատվիրեց տնամերձ այգում նուռ հավաքել ծառերից: Հիշեցի Մարգուշավանի իմ այգին: Տարբեր տեսակի նռնենիներից շյուղեր էի կտրտել, մետաղյա ձողով անցք էի բացում սեւահողի մեջ, մեկ-մեկ շյուղերը տնկում, ոտքով ամրացնում հողը: Մի քանի տարի հետո այգու չորսբոլորը հսկայական նռնենիներ էին՝ ծանրաբեռնված նռան բերքով: Բերքն այնքան շատ էր, որ չգիտեի ինչ անել այն: Հիմա Գուգլի արբանյակային լուսանկարներով փնտրում եմ այգին: Ոչ տան, ոչ էլ այգու հետքն անգամ չկա: Մարգուշավանը թալանել են, ապա բուլդոզերով հողին հավասարեցրել տներն ու գերեզմանոցը:
Սոնայի հետ վերադառնում ենք Ստեփանակերտ, քանի որ ժամը հինգին նշանակված էր Արցախի Հանրապետության կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ հանդիպումը: Ճանապարհին Սոնան կրկին արգելակում էր, դուրս գալիս, Սարսանգի ամբարտակից տեսարաններ նկարահանում:
Տիկին Ղարախանյանին ես ներկայացրի բերդաքաղաքի հետ կապված «Շուշի» հիմնադրամի ծրագիրը: 2016-2017 թթ. ձմռանը հայտնաբերելով եւ ճշտելով շուշեցի պետական, մշակույթի ու գիտության հայտնի գործիչների տները, քարտեզ կազմեցի, գրեցի այդ գործիչների կենսագրությունները, մտադրվելով այդ տների մոտ վահանակներ տեղադրել՝ համառոտ կենսագրականներով, իսկ քաղաքի մի քանի կետերում տեղադրել մեծ քարտեզը՝ այդ տները տանող երթուղիներով: Ծրագրի իրականացումը Շուշիի այցելուին կհամոզի, որ այն իրոք հայկական քաղաք է: Ցավոք, այդ ծրագիրը մի կողմ դրվեց ու չիրականացավ: Այժմ, երբ անհասկանալի իրադարձությունների հետեւանքով անառիկ բերդաքաղաքը հանձնվել է թշնամուն, մենք կարող ենք հիմնադրամում կուտակված Շուշիի բազում նյութերով ստեղծել Շուշիի վիրտուալ թանգարան: Ծրագիրը բարձր գնահատեց նախարարը եւ պատրաստակամություն հայտնեց դրա իրականացմանը ֆինանսական օժանդակություն ցույց տալ: Մի շարք այլ ծրագրեր էլ կան՝ կապված Արցախի հետ, որոնցից էր 1988 թ. սկսած իմ նկարահանումների հիման վրա (80 տեսաերիզ) ստեղծել Արցախի երեքհազարամյա պատմությունն ընդգրկող 15-ական րոպե տեւող 25 ֆիլմերի շարք: Շուրջ 250 ժամ տեւողության այդ տեսաժապավենները ինձնից բացի, ոչ ոք չի կարող օգտագործել: Իսկ կյանքը ամենեւին էլ հարատեւ չէ:
Երեկոյան Սոնան ինձ տարավ ցույց տալու Ստեփանակերտի տեսարժան վայրերը: Նա հիացած էր Թումանյան փողոցի կազմակերպմամբ:
-Սոնա, ես վաղուց եմ տեսել այդ ամենը, -ասացի ես, -հենց այս փողոցում մեր հիմնադրամը գրասենյակ ուներ:
Երեւան վերադառնալիս մենք որոշեցինք Գորիսում այցելել իմ վաղեմի ընկերոջը՝ բեռլինցի բժիշկ Շահեն Զեյթունցյանին, որը վաղուց հաստատվել է այս քաղաքում, հիմնել «Միրհավ» հյուրատունը, որը լավագույններից է Հայաստանում: Ցավոք, Շահենը Գորիսում չէր, ու մենք թեյելուց հետո վերադարձանք Երեւան:
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2021