Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասելի է, որ երկկողմ բանակցությունների ընթացքը կհանգեցնի նաեւ հայ-թուրքական սահմանի ու ցամաքային հաղորդակցությունների բացմանը»

Դեկտեմբեր 27,2021 14:00

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Ադրբեջանում այսպես կոչված միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում, Ձեզ համար արդարացվա՞ծ է, թե ինչպես է պաշտոնական Հայաստանն արձագանքում միջանցքի հետ կապված հարցերին:

– Ադրբեջանական կողմի պնդումներն էլ, պաշտոնական Երեւանի արձագանքն էլ դժվար թե կարող են իրականության օբյեկտիվ արտացոլում համարվել: Կարծում եմ, որ Ադրբեջանը կստանա իր ուզածից պակաս, իսկ Հայաստանի իշխանություններն էլ կզիջեն ավելի շատ, քան այսօր առերեւույթ պատրաստ են, եթե հիմնվենք իրենց ընթացիկ հայտարարությունների վրա: Ուստի հայ-ադրբեջանական դիվանագիտական «լեզվակռիվը» ես դիտարկում եմ հենց այս համատեքստում: Պետք է հաշվի առնենք, որ պաշտոնական Երեւանը հանդես է գալիս պատերազմում պարտված եւ արտաքին աջակցություն հայցող կողմի դիրքերից, մինչդեռ նախագահ Ալիեւը ներկայանում է որպես սեփական ուժերին ապավինող հաղթանակած հզոր առաջնորդ, որն ի զորու է ինքնուրույն լուծել իր երկրի առջեւ ծառացած խնդիրները՝ լինի դա քաղաքական, թե ռազմական միջոցներով: Իրականում երկու կողմերն էլ իրենց պարտության կամ հաղթանակի համար պարտական են արտաքին ուժերին, եւ լուծումերի փուլում հենց վերջիներս էլ կունենան որոշիչ խոսք ասելու իրավունքը:

– Հայաստանը մասնակցում է 3+2 ձեւաչափին այն պայմանով, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ այդտեղ չպետք է քննարկվեն հարցեր, որոնք քննարկվում են այլ ձեւաչափերում։ Սակայն մտավախություններ կան՝ անգամ այդ մասին ՀՀ ԱԳՆ նախկին նախարարը արտահայտվեց, որ այս ձեւաչափը կարող է ստվերել Մինսկի խմբի ձեւաչափը: Դո՞ւք ինչ մտավախություններ ունեք:

– Այն կարծիքին եմ, որ «3+2» ձեւաչափը կոչված է Հայաստանին պարտադրել ճանաչել 44-օրյա պատերազմի արդյունքում ձեւավորվող իրողությունները, որոնք կարող են ներառել արդեն ոչ միայն Կարսի պայմանագրով գծված միջպետական սահմանները, այլեւ ադրբեջանական կողմին՝ Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով տրվելիք հաղորդակցության ուղիների էքստերիտորիալ կարգավիճակը: Չի բացառվում, որ այս նպատակն իրականացնելու համար պաշտոնական Երեւանին շանտաժի կենթարկեն Արցախի ապագա կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների հետ կապված ինչ-ինչ ապակառուցողական քայլերի միջոցով: Այսինքն՝ «3+2» ձեւաչափն առնվազն անուղղակիորեն փոխկապակցված է լինելու Արցախի խնդիրների հետ, բայց այստեղ կա մի նրբություն՝ պաշտոնական Երեւանն այսօր որեւէ ռեսուրս չունի ռուս-թուրք-ադրբեջանական ռազմական վերահսկողության տակ գտնվող Արցախի ճակատագրի վրա ներազդելու համար եւ ուղղակի ստիպված է լինելու «3+2» հարթակում հանդես գալ բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ապահովման դիրքերից: Այդուհանդերձ, Մինսկի խմբի ձեւաչափն իմաստ կունենա եւ կգործի միայն այն դեպքում, եթե Հայաստանը դրան, թեկուզ պասիվ ձեւով, շարունակի մասնակցել: Այսինքն՝ անգամ պասիվ մասնակցություն ունենալով Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններին՝ Հայաստանը կշարունակի մնալ Արցախի իրավունքների ապահովման կարեւորագույն երաշխավորը:

– Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն պնդել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երեւան թռիչքները կվերսկսվեն: Ի՞նչ զարգացումների սպասել:

– Առայժմ կվերահաստատվի երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունը, բայց սպասելի է, որ երկկողմ բանակցությունների ընթացքը կհանգեցնի նաեւ հայ-թուրքական սահմանի բացմանն ու ցամաքային հաղորդակցությունների բացմանը: Ընդ որում, հավանաբար, նախ կգործարկվի Կարս-Գյումրի-Երասխ-Ջուլֆա երկաթգիծը: Բեռների ապահով շարժը երկաթուղով նախադրյալներ կստեղծի նաեւ մարդատար ուղեւորափոխադրումների հանդեպ վստահության ձեւավորմանը: Ամեն դեպքում ժամանակից առաջ չընկնենք՝ տարածաշրջանը ակտիվ փոփոխությունների փուլ է մտել եւ դեռ վաղ է խոսել խաղաղության օրակարգի մասին. կոնֆլիկտածին օջախներ կան, որոնք կարող են ակտիվանալ ու միանգամայն նոր ռազմաքաղաքական իրավիճակի ծնունդ տալ:

– Վերջին շրջանում շատ է քննարկվում ԽՍՀՄ-2-ի ձեւավորման հարցը, մասնավորապես, որ 2024 թվականին կավարտվի միութենական միջպետական նոր միավորի` Союз Республик -ի ստեղծումը, որի կազմում են լինելու ՌԴ-ն, ՀՀ-ն եւ Բելառուսը: Այս նախագծի իրականացումը որքանո՞վ եք իրատեսական համարում ու այն Հայաստանի համար ի՞նչ վտանգներ է պարունակում, ընդհուպ մինչեւ ինքնիշխանության կորուստ:

– Վերադարձ ԽՍՀՄ-ին չի լինելու ամեն դեպքում: Եթե անգամ Հայաստանը, Բելառուսն ու Ռուսաստանը մեկ ընդհանուր պետություն կազմեն, ապա դա ոչ թե ԽՍՀՄ կլինի, այլ Ռուսական կայսրության կարճաժամկետ ռեինկարնացիա: Մեր խնդիրն է խուսափել նոր մարդկային ու տարածքային կորուստներից, իսկ դրա համար անհրաժեշտ է ճիշտ ձեւակերպել սեփական երկարաժամկետ շահերն ու հստակ գնահատել մեր տրամադրության տակ եղած մարդկային, ֆինանսական ու ռազմական հնարավորությունները:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Ռուբեն Ռուբինյանի՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի դերակատարությունը ստանձնելուն:

-Ինձ համար առաջնահերթ խնդիրը ոչ թե անձն է, այլ, նախեւառաջ, այն քաղաքականությունը, որն այդ անձի միջոցով պետք է իրականացվի: Եթե այդ քաղաքականությունը մշակված չէ, մեր ազգային-պետական շահերը դրանում արտացոլված չեն, ապա որեւէ մեկը՝ անգամ ամենատաղանդավոր դիվանագետը, չի կարողանա լիարժեք կերպով ապահովել մեր մոտեցումների կենսունակությունը բանակցային սեղանի մոտ: Մյուս կողմից, հստակ պետական քաղաքականության բացակայության պարագայում անփորձ դիվանագետի տապալումը կարող է ներկայացվել որպես հենց իր կողմից թույլ տրված սխալների բնականոն հետեւանք, եւ այդ դեպքում նրան կարող են դարձնել քավության նոխազ՝ վրան բարդելով ձախողման ողջ մեղքը: Ամեն դեպքում այն տպավորությունն ունեմ, որ ՀՀ վարչապետի կողմից Թուրքիայի հետ բանակցելու համար նշանակված ներկայացուցիչը վայելում է Նիկոլ Փաշինյանի վստահությունն ու, քանի որ ընդունել է այդ առաջարկը, նաեւ ինքն է վստահ, որ ունակ է կատարել իրեն տրված հանձնարարությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031