Հայաստանի կոմունիստական կուսակցության Վանաձորի քաղաքային կոմիտեի հայտարարությունը
2021թ․դեկտեմբերի 5-ին կայացան Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները։ Անկախ ընտրությունների արդյունքներից և մեր ունեցած հատուկ կարծիքներից, գտնում ենք, որ այս ժամանակահատվածում պետք է ձևավորվեր համայնքի ղեկավար կազմը՝ հրավիրելով ավագանու նիստ։
Սակայն որոշ քաղաքական ուժերի անհասկանալի գործողություների և տարօրինակ մեկնաբանությունների պատճառով նիստերը չեն կայանում, փաստորեն՝ ոտնահարելով Վանաձորի բնակչության ընտրական իրավունքը։ Սա անթույլատրելի է, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վանաձորում փորձ է արվում ստեղծել անկառավարելի մի իրավիճակ, վերածելով այն անարխիայի, որի մեղավորը և պատասխանատուն այսօրվա իշխանություններն են՝ որոշ քաղաքական ուժերի հետ միասին։ Այսօրվա իշխանությունները պարտավոր են հաշվի նստել մեր համաքաղաքացիների կատարած ընտրության հետ և հարգել այն, իսկ որոշ քաղաքական ուժերին հիշեցնում ենք, որ հնարավոր է մեկ անգամ խաբել կամ մոլորեցնել ժողովրդին, հնարավոր է երկրորդ անգամ էլ խաբել եվ մոլորեցնել ժողովրդին, բայց հաջորդ անգամ արդեն իրենք են հայտնվելու խաբվածի կարգավիճակում՝ հայտնվելով շատ տհաճ տեղում եվ անսովոր վիճակում, ինչպես դա եղավ վերջին ԱԺ եվ ՏԻՄ ընտրություններից հետո։
Իսկ այսօրվա իշխանությունների համար, ինչքան էլ որ ցավալի լինի պարտությունը, պետք է ընդունեն իրողությունը և հրաժարվեն աթոռակռվից՝ վերջ տալով վերջին տարիներին սովորույթ դարձած քաղաքական «դիմակահանդեսներից», հանելով կեղծ «դեմոկրատիա» կոչվող դիմակները և բաց ու պարզ աչքերով նայել ժողովրդի հուսախաբված եվ անհուսալի դեմքերին: Իսկ վերջում, ներողություն խնդրելով, ուզում ենք հիշեցնել իբրև թե արդարացում գտնող մեկ նախադասություն, որ «քաղաքականությունը դա անբարոյականություն է»։ Այո, համաձայն ենք այդ մտքի հետ, բայց մի պայմանով՝ «քաղաքականությունն անբարոյականություն է, եթե քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները»։
Կարդացեք նաև
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ևս մեկ անգամ կոչ է անում անհապաղ մի կողմ դնել հասարակության համար վտանգ ներկայացնող անձնական ամբիցիաները, հարգել վանաձորցու ընտրական իրավունքը, անհապաղ հրավիրել Վանաձոր համայնքի ավագանու նիստ, ընտրել ղեկավար կազմ, կազմակերպել քաղաքի բնականոն աշխատանքը՝ հարգելով ընտրական օրենսգրքի բոլոր պահանջները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ