Aravot.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Արևշատի համայնքապետի անձի շուրջ բարձրացված աղմուկին։
Գրել էինք, որ գյուղապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում փոխգյուղապետ Արտակ Հալաջյանը, աշխատակազմի քարտուղար Հովհաննես Զաքարյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ Վասիլ Կիրակոսյանը, առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Յայլոյանը, Արևշատի ու հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էին ներկայացրել այն մասին, որ համայնքապետ (Արթիկի խոշորացումից հետո նա այժմ ժ/պ է) Սայադ Խաչատրյանը դեռ 2019 թվականի հոկտեմբերից իրենց վստահությունը չարաշահելով՝ պարտքեր է վերցրել, ավելին, իրենց անունով բանկերում վարկեր ձևակերպել 4-5 միլիոն դրամի հասնող ու մինչև օրս ո՛չ գումարն է վերադարձրել, ո՛չ էլ վարկերն է վճարել։
Սայադ Խաչատրյանը, ըստ բողոք ներկայացրած անձանց, իրենց հետ բանավոր պայմանավորվել է, որ մինչև 2020թ. հունվար ամիսը գումարն ամբողջությամբ կվճարի, սակայն չի վճարել, եւ այժմ վարկի գումարը կազմում է շուրջ 22.000.000 դրամ:
Aravot.am-ին այսօր տեղեկություններ հասան, որ նրան կձերբակալեն, քանի որ հաղորդում ներկայացրած անձինք պնդում են՝ նա իրենց խաբել է։ Նշենք, որ Սայադ Խաչատրյանը ևս ոստիկանությունում բացատրություն է տվել։ Նա ասել է, որ ինքը պարտքով գումար վերցրել է, բայց չի ընդունել իր կողմից խաբեբայություն կատարելը։
Կարդացեք նաև
Մինչդեռ, ըստ մեր տեղեկությունների, նրա դեմ հաղորդում ներկայացնողների թիվը գնալով ավելանում է, նրանք պահանջում են պատժել, անհապաղ միջոցներ կիրառել գյուղապետի նկատմամբ։
Վերջիններս իրենց ցուցմունքներում նշել են, որ զարմացած են՝ ի՞նչ է արել այդքան գումարը ռեստորան ու խանութ ունեցող Սայադ Խաչատրյանը, պահանջել են՝ հետաքննել նաև նրա կողմից մի խումբ անձանց հետ հանցավոր գործունեությամբ զբաղվելու շուրջ պտտվող վարկածը։