Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպմանն անդրադարձել է բրյուսելյան բանակցությունների արդյունքներին։ Հանդիպման մասնակից, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին մի շարք հարցեր հղեցինք հանդիպման վերաբերյալ։
-Պարոն Խզմալյան, այնքանով, որքանով կարելի է տեղեկատվությունը հանրայնացնել, խնդրում եմ հայտնել՝ ի՞նչ քննարկում է ծավալվել բրյուսելյան բանակցությունների առիթով։
-Մանրամասները, բնականաբար, ասել չեմ կարող։ Դա փակ տեղեկատվություն է։ Ու երբ իմացա, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից, շատ զարմացա, որովհետեւ կառավարությանն անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, բանավեճ, քննարկում տանել եւ ունենալ մարդկանց կամ մի կառույց, որը կկարողանա հակադարձել, մտահոգություն հայտնել։ Եթե խորհրդարանը հրաժարվում է այդ գործառույթից, ապա այդ պետական ինստիտուտը գոյություն չունի։ Ճիշտ է, սահմանադրությամբ նման գործառույթ նախատեսված չէ, բայց մենք մեր վրա ենք վերցրել հենց այդ գործառույթը, որն իրականում խորհրդարանը պետք է կատարի։
-Դուք անձամբ որեւէ մտահոգություն ունեցա՞ք քննարկվածի առիթով։
Կարդացեք նաև
-Մտահոգություններ, բնականաբար, կան, բայց ես շատ գոհ եմ, որովհետեւ անձամբ ես՝ որպես Եվրոպական կուսակցության ներկայացուցիչ եւ որպես ՀՀ-ի եվրաինտեգրման ջատագով, չեմ կարող չտեսնել։ Զարմանում եմ, որ շատերը դա չեն տեսնում, բայց զարգացումները գնում են այդ ուղղությամբ, եւ դա կախված չէ վարչապետից, նրա որակներից, նրա ճիշտ կամ սխալ գործողություններից։ Դա հսկայական, համաշխարհային, աշխարհաքաղաքական գործընթաց է, եւ ՀՀ-ն ընդգրկված է դրանում։ Եվ քանի որ ՀՀ-ն ընտրեց այս կառավարությունը եւ քանի որ ժողովրդավարական աշխարհը ճանաչեց այս կառավարությանը, ապա մենք պետք է աշխատենք նրա հետ, ինչ կա, ինչ ունենք։
Այս վեց ամսվա համատեղ աշխատանքի ընթացքում համոզվեցի, որ պատերազմից տասներեք ամիս անց մենք հայտնվեցինք բացարձակապես այլ իրավիճակում, եւ դա շատ լավ է, որովհետեւ մենք անցանք ամենացածր կետից։ Իմ խորին համոզմամբ՝ դա եղավ շնորհիվ ժողովրդի տոկունության, շնորհիվ նրա, որ ժողովուրդը չկոտրվեց այդ ցավից, եւ մենք մնացինք ազգ, քաղաքակրթություն՝ մեր բոլոր ցավերով եւ անհանգստություններով հանդերձ։
Մենք մնացինք մենք՝ այնպես, ինչպես աշխարհն է մեզ ընկալում։ Դա հսկայական տպավորություն թողեց աշխարհի վրա, եւ այն ենթատեքստը, որում հայտնվեց ՀՀ-ն եւ ՀՀ-ի իշխանությունը, եւ այն հանգամանքը, որ ՀՀ-ն ներգրավված է Բայդենի ցուցակում, դա համաշխարհային սենսացիա է։ Դրա մեջ չեն ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հունգարիան, այսինքն՝ ժողովրդավարությանն ընդդիմացող երկրները։ Այն հանգամանքը, որ գործընթացը սոչիներից եւ մոսկվաներից տեղափոխվեց Բրյուսել եւ Փարիզ, դա ամենամեծ ձեռքբերումն է, եւ դա Փաշինյանի ձեռքբերումը չէ, այլ հայ ժողովրդինը։ Մենք հենց դա էինք քննարկում։ Ուրախ եմ, որ նրանից լսեցինք, որ նա շատ բարձր է գնահատում այդ երկխոսության հնարավորությունը, որովհետեւ մեծամասամբ արտախորհրդարանական կառույցում հավաքվածները վեց-յոթ ամիս շարունակ հետեւել են այս իշխանության ճանապարհին, տեսել են՝ հասնում ենք մի կարեւոր հանգրվանի։
Դա բեկումնային կետ է։ Կրկնում եմ՝ իմ խորին համոզմամբ, մենք միասին, որպես ժողովուրդ, անցանք այդ ամենասարսափելի կետը։ Գնում ենք առաջ՝ դեպի վերեւ, դեպի լույսը։ Պատահական չէ, որ մենք զրուցում ենք այն պահին, երբ անգամ աստղագիտական տեսանկյունից ամեն օր ավելանում է լույսը, պակասում՝ խավարը․․․ այս քաղաքական ձմեռն ավարտվեց։ Ես հասկանում եմ, որ պատասխանս գուցե չափազանց քնարական է կարող է թվալ, բայց անուններ կամ դրվագներ ասել ես չեմ կարող։ Պայմանավորվել ենք բացահայտումներ չանել։ Դա չէ էականը։ Ամենաէականն այն է, որ մենք, չունենալով իրական պետություն, իրականում չունենալով բանակ, ԱԱԾ, ԱԺ․․․
Մենք չունենք այդ ամենը, բայց մենք ինչ-որ ուրիշ բան ունենք։ Մենք ունենք այն ազգային ոգին, որը պահեց մեզ անդունդի եզրին, եւ մենք հիմա այդ անդունդի եզրից քայլեր ենք անում հետ։ Դա հետընթաց չի։ Մենք հետ ենք գնում, որովհետեւ թռիչքից առաջ պետք է մի փոքր հետ գնալ։ Զոհաբերություններով, դժվարություններով ու կորուստներով, բայց մենք հիմա դուրս ենք գալու այդ ռուս-թուրքական թակարդից։ Դա ինձ համար ակնհայտ է։ Ես այսօր խոսել եմ նաեւ իմ կուսակցության քաղաքական խորհրդի հետ։ Ամփոփելով տարին՝ մենք համաձայնվել ենք այն մտքի հետ, որ ՀՀ-ն մտնում է եվրաինտեգրման մեջ, վերադառնում ենք քաղաքակրթություն եւ ազատ աշխարհ։
-Պարոն Խզմալյան, իսկ ձեր նշած «թռիչքից առաջ» Արցախի հարցը, ձեր վերլուծությամբ, ի՞նչ կարգավիճակում է։
-Ամենակարեւորը՝ եկեք խոսքերից չբռնվենք։ Փաշինյանի ասածների մեջ ես գտա անհաջող արտահայտություններ, եւ դա ինչ-որ տեղ գալիս է նրա անձնական որակներից կամ բառապաշարից։ Ես դա չեմ ուզում քննարկել։ Ես ամենակարեւորն եմ տեսնում։ Դա, կրկնում եմ, չի կարելի կապել մեկ մարդու հետ։ Դա նրանից եւ մեզանից այլեւս կախված չէ։ Արցախի եւ ողջ Հայաստանի հարցը․ Արցախն առանց ՀՀ-ի գոյություն չունի, ինչպես եւ ՀՀ-ն առանց Արցախի գոյություն չունի։ Այդ որոշումն արդեն ընդունված է եւ մեր համար դրական է։ Դա չի նշանակում, թե մենք վաղը ՀՀ-ի եւ Արցախի միավորման՝ նոտարով կնքված փաստաթուղթ ենք ստանալու։ Ոչ։ Բայց դա նշանակում է, որ Արցախը մնալու է հայկական, որ այնտեղ մնում է հայկական բնակչություն ու այն ունի գոյության միջազգային հնարավորություններ։ Ինչպե՞ս մենք կվարվենք այդ հնարավորության հետ։
Դա նախեւառաջ մեր խնդիրն է, ոչ թե Փաշինյանի կամ Արմեն Սարգսյանի կամ Տիգրան Խզմալյանի։ Դա ՀՀ բոլոր քաղաքացիների խնդիրն է՝ հայ եւ եզդի, հույն եւ ասորի։ Այդ տեսանկյունից մենք պետք է մի քիչ վերանանք համայնքային մտածելակերպից եւ որպես պետություն-պետականություն խոսենք։ Այս առումով արցախյան եղբայրներն ու քույրերը պետք է իմանան, որ նրանց գոյությունը երաշխավորված է ազատ աշխարհի կողմից։ Այդ զոհաբերությունն իզուր չէր։ Մենք դրանով փլուզեցինք մեր մեջի սովետը։ Երկրաշարժից հետո գյումրեցիներն ասում էին՝ «ժաժքից հետո Լեննագանը ընգավ, Գյումրին՝ մնաց»․․․ Կարծում եմ՝ այս պատերազմից հետո Սովետական Հայաստանը վերջնական փլուզվեց, իսկ Հայաստանը՝ Արցախով, մնաց։ Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց հիմա գնում ենք այդ ճանապարհով, եւ Փաշինյանն, իմիջիայլոց, շատ լավ հասկանում է դա։
Դա վստահաբար եմ ասում։ Ինչպես էլ որ մեկնաբանեն նրա այս կամ այն արտահայտությունը՝ իր հետ կամ առանց նրա, բայց դա կախված չէ խոսքից, ասուլիսից կամ արտահայտած մտքերից, որովհետեւ սա այլեւս անգամ մեր որոշումը չէ, այլ աշխարհինը։ Հայաստանը Բայդենի ցուցակի մեջ ընդգրկվեց ոչ թե Փաշինյանի կամ ձեր գեղեցիկ աչքերի համար, այլ հայ ժողովրդի դիմադրողականության։ Աշխարհը գնահատեց, որ մենք դիմակայեցինք կայսրությունների հարձակմանը։ Աշխարհը մեզ հետ է։ Մենք սխալվում ենք, երբ փորձում ենք մեր վիճակն առանձին դիտարկել։ Առանձին վիճակ չկա։ Առանձին մենք գոյություն չէինք ունենա, որովհետեւ ոսոխները հզոր են։ Բայց հզոր են նաեւ այն դաշնակիցները, որոնք մեզ ձեռք են մեկնում, եւ մենք այդ ձեռքն այլեւս չենք մերժի։
-Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եք տվել հետը մի պարկ հող տանել ու ցանել ոտքերի տակ, որպեսզի բանակցությունների ժամանակ Արշակ թագավորի պես զգա հայրենի հողի զորությունը։ Այդ առաջարկն իրեն անձա՞մբ եք ասել։ Ի պատասխան՝ մոտեցում կա՞։
-Ասել եմ տասը վկաների ներկայությամբ՝ հենց արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ընթացքում։ Բոլորի մոտ եմ ասել։ Եթե նկատի ունեք՝ հետը հող տարե՞լ է, թե ոչ, ես դա չգիտեմ։ Չեմ հարցրել։ Մի բան կարող եմ մեջբերել իր ասածից։ Հանդիպման սկզբում նա ասաց, որ շատ բարձր է գնահատում այս ձեւաչափով մեր աշխատանքը, քննարկումները։ Հետո նա բացեց իր ասածը՝ նշելով, որ շատ շնորհակալ է նրա համար, որ այլ քաղաքական տեսակետեր ու տեսլականներ ունեցող մարդիկ կարողանում են միասին քաղաքական աշխատանք տանել։ Նա ասաց, որ բազմաթիվ դրական լիցքեր ու էներգիա է ստանում դրանից։ Գուցե սա ինչ-որ տեղ պատասխանն է ձեր հնչեցրած հարցի։
Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
Անհավասարակշիռ ու քծնանքով համեմված ճղճիմ մի բարբաջանք Խզմալյանի կողմից, ոչինչ չասող և ոչ փաստական։ Չէի պատկերացնի որ նման խակ երևույթի հետ գործ ունենք
Եթե դադարել եք ռեժիսոր լինելուց, ի՞նչ պարտադիր է խեղկատակ դառնալ: