Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 26,2021 18:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը

Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են հետեւյալ պատճառներով.

1. Այդ հարցազրույցում խոսել եմ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության մասին, հետեւաբար՝ դրանց գոյանալու վրա որեւէ ազդեցություն ունենալ չէի կարող։

2. Հարցին ի պատասխան հերքել եմ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգյանի արած պնդումը, թե իրենց թողած բանակցային բովանդակությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի հայկական լինելը։ Հերքել եմ, որովհետեւ բանակցային այդ բովանդակությամբ խորհրդային ժամանակ ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների՝ ԼՂ կարգավիճակի որոշմանը մասնակցելու իրավունքը որպես ԼՂ բնակիչ, արձանագրված է եղել։ Հետեւաբար՝ եթե նրանք ըստ բանակցային բովանդակության ԼՂ բնակիչ են, ուրեմն պետք է բնակվեին ԼՂ-ում եւ հայկական կողմը բանակցային այս բովանդակության դեմ 2018-ի հեղափոխությունից առաջ երբեք չի առարկել: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում։

3. Ինչ վերաբերվում է մինչեւ կարգավիճակի հարցով պոտենցիալ հանրաքվեն ԼՂ-ի ունեցած կարգավիճակին, այս մասին հարցազրույցում ասել եմ, որ 2016 թվականին միջնորդները ներկայացրել են բանակցային երեք փաթեթ (մեկը Ապրիլյան պատերազմից առաջ, երկուսը հետո), որտեղ ի տարբերություն 2011 թվականի կազանյան փաստաթղթի, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Այդ երեք փաթեթներից երրորդում, որը ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին, հայտնվել է մի դրույթ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման իրավական եւ պրակտիկ մեխանիզմների մասին որոշումը կայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ գործող նախագահողի հետ։ Հենց սա եմ համարել աղետ բանակցային գործընթացում, որովհետեւ ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս։

4. Այս եւ մի քանի այլ կարեւոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով եմ ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ եւ իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։

5. Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաեւ այս պատճառով է սկսվել պատերազմը։

6. Այսօր մարդիկ են ասում, որ ես չպետք է բանակցեմ ԼՂ անունից, ովքեր ինձ 2018-ից քննադատում էին նրա համար, որ ես ասում էի, որ Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ։

7. Հասկանում եմ, որ շատ հարգարժան մարդիկ հիմա են բողոքում 2016 թվականի պատերազմի պատճառ ու հետեւանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ։ Այն ժամանակ կամ տեղյակ չեն եղել կամ բողոքելու իրավունք չեն ունեցել։ Այդ բովանդակության դեմ ես էլ եմ բողոքում ու այդ բովանդակությունը չեզոքացնելու համար արել եմ ինչ հնարավոր էր։ Բայց ճշմարտությունը թաքցնել, կներեք, չեմ կարող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mika says:

    Մինչև ՆՓ-ն չկանգնի արդարադատության առաջ նրա բոլոր խոսքերը սոսկ կռուտիտ են։ Նա անվերջ մեղավորներ կնշանակի ու իր նույնիսկ այսօրվա ամբողջատիրական վարքագիծը կփորձի արդարացնել աշխարհի ամենանողկալի ու անարժանապատիվ կռուտիտներով։ Եթե բախտը բերի կկանգնի արդարադատության առաջ ու պետք է հասկանա որ իր համար միակ տարբերակը դա է։

  2. Mika says:

    Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով այս տարիների բանակցային գործընթացը ներկայացրել է այնպես, կարծես թե Բաքուն, Անկարան, Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն ճանաչում էին Արցախը որպես Ադրբեջանի տարածք, բայց ձեւացնում էին, թե ինքնորոշում են պահանջում Արցախի համար։

    Փաշինյանի խոսքերին վաղուց ոչ ոք չի հավատում, տվյալ պարագայում պետք է հասկանալ, որ այդպիսով նա բացահայտում է սեփական համոզվածությունը, որ պետք է հրաժարվել Արցախից, հայ-իրանական սահմանից, Սյունիքից եւ Հայաստանի պետական ինքնիշխությունից։

    Մնում է միայն մեկ հարց՝ եթե ամբողջ աշխարհը համաձայն էր, որ Արցախն Ադրբեջան է, ապա ի՞նչն էր խանգարում աշխարհին վերջ դնել այդ թվում Արցախի ինքնորոշման շուրջ բանակցություններին եւ ինչպես Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի դեպքում, պահանջել «Ադրբեջանի» տարածքային ամբողջականության վերականգնումը։ Ինչո՞ւ էր Ալիեւը միշտ տրտնջում, որ միջազգային կառույցները պաշտոնական փաստաթղթերում չէին ամրագրում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» դրույթը։

    Ի՞նչն է հիմա խանգարում ՄԱԿ ԱԽ-ին ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Ինչո՞ւ է Ալիեւը շարունակաբար հիստերիա բարձրացնում այն բանից հետո, երբ Արցախի խնդիրը այս կամ այն կերպ շոշափվում է միջազգային ատյաններում, եւ ամեն ինչ անում է խնդիրը ռուս-թուրքական ձեւաչափում փակելու համար։

    Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանը գիտի։ Ալիևն ու Էրդողանը կոչ են անում փոխել Հայաստանի Սահմանադրությունը և հրաժարվել Թուրքիայի և «Ադրբեջանի» նկատմամբ հավակնություններից։ Մոսկվան և Անկարան Փաշինյանի ձեռքով փակում են հայկական իրավունքներն ու պահանջները, և շուտով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իսկապես ոչինչ չի խանգարի հայերին ճանաչել որպես իրենց տարածքներից, պետականությունից և ազգային արժանապատվությունից կամովին հրաժարված ժողովուրդ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031