Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես գրում եմ, որովհետև շատ բառեր արժանի չեն հնչելու»

Դեկտեմբեր 26,2021 16:44

Եթե հավատանք, որ գրքերը ունեն ճակատագիր, ապա «Մոռացված անձրևանոցներ»-ը հանգամանքներին, ժամանակներին ու ճակատագրին հաղթած գիրք է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է երիտասարդ գրող Ադի Ալյենը:

Բոլորովին վերջերս լույս է տեսել Ադի Ալյենի հեղինակային երկրորդ՝ «Մոռացված անձրևանոցներ» գիրքը: Հեղինակը նշում է, որ հեղինակային ստեղծագործությունները, որոնք տեղ են գտել սույն գրքում, վերջին երեք տարիներին առհասարակ գիրք դարձնելու նպատակ չի ունեցել:

«Դա այն ժամանակաշրջանն էր, երբ իմ ներսում հակամարտության մեջ էին արձակն ու պոեզիան: Արդյունքում արձակը հաղթեց, և անցյալ տարի հրատարակվեց «Պատմիր ինձ իմ մասին» վիպակը»,-ասում է Ադի Ալյենը, նկատելով, որ պոեզիան համառ երևույթ է, կանացի համառության պես անդրդվելի ու պինդ: Եվ հենց այս գիրքը՝ «Մոռացված անձրևանոցներ»-ը, կանացի պոեզիա է: Այստեղ գրված գործերը կամ կնոջ անունից են, կամ կնոջ մասին են, կամ կնոջ համար:

«Մենք բոլորս աշխարհիկ կյանքից մի քանի րոպեով անհետանալու ելքեր ենք փնտրում: Երաժշտությունը, արվեստը, գրականությունը այդ կայարաններից են:
Երբեք չեմ մտածել, թե գրականությունն իմ ընտրությունն է: Այդ ե՛ս եմ գրականության բազում քմահաճույքներից մեկը: Նա ինձ հետ կլինի այնքան ժամանակ, որքան ցանկանա»,-հավելում է մեր զրուցակիցը` նաև շարունակելով անդրադառնալ բառին ու դրանցով կենդանացող խոսքին:

Ըստ գրքի հեղինակի՝ բառը մաշվելու հատկություն ունի, և դա սարսափելի տխուր է: «Անհաշվելի խոսքեր կան, որոնք շուրթերից ականջ տանող ճանապարհին քայքայվում են, կորցնում, փոխում իրենց իմաստները: Իսկ կարդացվելով` խոստովանենք, մինչև հոգի են հասնում: Ես գրում եմ, որովհետև շատ բառեր արժանի չեն հնչելու…»,-ասում է զրուցակիցս:

Հարցին՝ գրող-ընթերցող կապն ինչպես է ձևավորվում, Ադի Ալյենը պատասխանեց, որ ինչ-որ աներևույթ ձգողականություն կա ընթերցողի ու գրողի միջև:

«Դու գրում ես այն, ինչ նա զգացել է, զգում է, կամ քո շնորհիվ հենց կարդալիս զգաց, և ակամայից դառնում ես իր պատուհանը, որից նա իր ներսն է նայում: Եվ նա դրա համար լուռ երախտապարտ է քեզ: Դա, գուցե չխոստովանվող, բայց այնուամենյանիվ գոյություն ունեցող սիրո նման է»,-հավելում է երիտասարդ գրողը, ապա ավելացնում, որ «Ես համաձայն եմ լինել այն պատուհանը, որից մարդիկ իրենց «ներս» են նայում, եթե անգամ դրանից կոտրվում են ապակիները»:

«Մոռացված անձրևանոցներ» գիրքը հրատարակել է «Երևանյան էսքիզ» հրատարակչությունը: Գրքի պոեզիա բաժնի խմբագիրը գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանն է, արձակ բաժնինը՝ Մարինե Թեմիրյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է հրատարակչությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031