Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ բան են կոծկում․ 76 հոգու՝ ողջ վաշտը,  ուղարկել են արդեն իսկ գրավված Հադրութ»․ Վահեն ու Դավիթը զոհվեցին նույն օրը

Դեկտեմբեր 26,2021 16:09

Aravot.am-ի՝ 2020թ․ պատերազմում անմահացած հերոսների մասին հերթական պատմությունը Վահեի եւ Դավիթի մասին է։

Վահե Արթուրի Թևոսյանը ծնվել է 07.06.1999թ․-ին Էջմիածնի Ոսկեհատ գյուղում․ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, եւ ավարտելուն պես ընդունվել Գեւորգյան հոգեւոր ճեմարան, այնուհետեւ, կիսատ թողնելով ուսումը, զորակոչվել բանակ հարազատ եղբոր՝ Դավիթի հետ՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու։ Ծառայել է Մարտունիում որպես հետախույզ-դիպուկահար։ Որպես մարտական առաջադրանք՝ նրան ուղարկել են Հադրութ։ Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով։ Վահեն զոհվել է 11.10.2020թ.-ի թեժ մարտերի ժամանակ։

Վահեի եղբայրը՝ Դավիթ Արթուրի Թևոսյանը, ծնվել է 13.06 2001թ.-ին․ նույնպես սովորել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատել է։ Այնուհետև Վահեի հետ զորակոչվել է բանակ, եղել է դիրքի ավագ։ Որպես մարտական առաջադրանք՝ նա եւս մեկնել է Հադրութը պաշտպանելու։ Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին  աստիճանի մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով։ Եղբոր հետ զոհվել է նույն օրը՝ 11.10.2020թ.-ին։

Aravot.am-ի հետ զրույցում հերոսների մայրը՝ Մարիետա Բալայանը, պատմեց որդիների մասին․ «Արտաքինով նման էին, բնավորությամբ՝ բոլորովին տարբեր, ազնիվ, ընկերասեր։ Դավիթս այսպես ասած աշխարհիկ կյանքով էր ապրում, իսկ Վահեն՝ հոգեւոր։ Տարիների ընթացքում իրենք իրենց կյանքով եւ ապրելակերպով էլ դա փաստեցին․ Դավիթը ձգտում էր դեպի դուրսը, դեպի ընկերները, իսկ Վահեն՝ հոգեւորին։ Գնում էր դպրոց, իսկ կիրակի օրերը գնում էր եկեղեցի, ծառայում։ Ավարտելուց հետո ճեմարան ընդունվեց, սովորեց երկու տարի։ Հետո որոշեցին, որ միասին պետք է գնան ծառայության՝ 2020թ․ հունվարի 22-ին։ Նույն զորամասում էին, ծառայում էին նույն վաշտում։ Համեստ, զուսպ ծառայում էին։ Ինը ամիս՝ մինչեւ պատերազմի սկսվելը։ Միջավայրը նոր էր իհարկե, բայց իրենք իրենց զերծ էին պահում հնարավոր խնդիրներից։ Ասում են, որ իրենց զորամասում միշտ միասին էին, միշտ սատար էին իրար։ Մի անգամ Դավիթս ասեց, որ իրենց հետ ոչ մեկ չի ուզում խնդիր ունենա, որովհետեւ իրենք երկուսով են, չեն կարող խնդիր ունենալ»։

Տիկին Մարիետան նշեց, որ նույն թվականի օգոստոսին Վահեն որոշեց, որ դիպուկահարի դասընթացների է մասնակցելու․ «Նա միշտ գերազանց էր սովորում։ Նրան ուղարկեցին Երեւան։ Դավիթս մենակ մնաց Արցախում, բայց միայն մեկ ամիս։ Հետո Դավիթս կոչում ստացավ, մնաց զորամասում, այլեւս չէր կարող գալ։ Երբ պատերազմը սկսվեց, Վահես առավոտյան ասաց, որ իրեն էլ են տանում, գնում է Դավիթի մոտ։ Դավիթն արդեն պատերազմի թեժ տեղերում էր։ Զանգելուց միշտ ուրախ էին, կոծկում էին իրականությունը, որ չնեղվեմ։ Անգամ պատերազմն էին ուրախ ներկայացնում, ասում, որ հրավառություն են անում՝ մամա․․․ 28-ին ճանապարհեցինք Վահեին։ Չէի պատկերացնում, որ վերջին անգամ եմ նրան տեսնում։ Այնքա՜ն ուրախ գնաց Վահեն Դավիթի մոտ։ Հետո ասաց, որ Դավիթի հետ նույն դիրքեր են իրեն տարել։ Դավիթի հետ կապ չունեի։ Ասաց, որ իրանից մի քիչ է հեռու, հետո կզանգի։ Առավոտյան զանգեցին, ամեն ինչ նորմալ էր, այդպես՝ մինչեւ հոկտեմբերի իննը։ Ասում էին, որ չանհանգստանամ։ Ինչ-որ չափով հանգիստ էի։ Հոկտեմբերի իննին վերջին կապը եղավ նրանց հետ»։

Մարիետա Բալայանի խոսքով՝ հաջորդ օրերին, երբ հերթական կարճ հեռախոսազանգը չստացավ, արդեն խուճապի մատնվեց․ «Տարբեր համարներից էին զանգում, բոլոր համարները միաժամանակ դարձան անհասանելի։ Ոչ մի լուր չկար։ Ամսի 13-ին համարներից մեկը ժամանակ առ ժամանակ հասանելի էր դառնում, բայց վերցնող չկար։ Ամսի 13-ին կապվեցի, պարզվեց՝ կամավորականի համար էր․ նա ճանաչեց տղաներիս։ Ասաց՝ մորաքույր, մի անհանգստացի, իրենց ապահով տեղ են տարել, իրենց մոտ կապ չկա․․․ այդպես, 6-7 յոթ ամիս մեզ խաբեցին, մինչեւ որ հունվարին ԴՆԹ անալիզի կանչեցին Դավիթիս համար, հետո՝ Վահեիս համար․․․ Մինչեւ օրս սպասում եմ, որ պետք է տուն գան․․․»։

Մայրը ցավով ասաց, որ այդ ընթացքում ոչ մի բան որդիների ճակատագրի մասին չի իմացել․ «Ամեն ինչ շատ կցկտուր է։ 76 հոգու՝ ողջ վաշտը,  ուղարկել են ամսի տասնմեկին արդեն իսկ գրավված Հադրութ։ Տղաներն անգամ չեն հասել Հադրութ։ Թշնամու կողմից տեսանյութեր կան, որոնք ցույց են տալիս այդ ամենը, երեք «Ուրալ»-ները։ Առաջին մեքենան պայթում է, վերջին երկու մեքենաներից զինվորները դուրս են գալիս, ամեն մեկը մի կողմ է գնում։ Առաջին մեքենայում բոլորը զոհվել են։ Դավիթս առաջին մեքենայում էր, նրա մասունքները գտնվել են։ Իսկ Վահեն․․ մարմինն ամբողջական է եղել, բայց՝ կծկված, վիրավոր է եղել, տանջվել է, չեն փրկել․․․ Շատ բան են կոծկում։ Մեղադրյալներ կան, դատավարություն կա։ Իրենց հրամանատար Գոռ Իշխանյանին ենք մեղադրում, որը Ջալալ Հարությունյանից հրաման է ստացել եւ առանց իմանալու, որ Հադրութն արդեն մերը չի, զորքն ուղարկել է եւ անգամ չի հետեւել՝ տեղ հասե՞լ են, թե ոչ։ Ջալալ Հարությունյանին էլ ենք մեղադրում, նաեւ նրան, ով պետք է զորքը դիմավորեր։ Այդ վաշտի հրամանատարը երկու եղբայրի միաժամանակ է ուղարկել։ Օրենքն արգելում է դա։ Թող մեկին պահեին, մյուսին ուղարկեին։ Գոնե մեկը ողջ կմնար։ Մեր երկու ժառանգներն էին։ Մինչդեռ անբարոյականի պես երկուսին էլ ուղարկել են ու չեն հետաքրքրվել։ Մի բան էլ արդարացնում են, թե երկու եղբորը նույն գործողությանն ուղարկելն արգելող օրենք չկա»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031