2021թ․ դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցադրմանն այն մասին, որ «Դուք դատապարտում էիք Սերժ Սարգսյանի նկարները պաշտոնյաների աշխատասենյակում կախելը, մինչդեռ հիմա «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաների աշխատասենյակներում ձեր նկարն է փակցված»՝ ասել էր հետեւյալը․ «Ես ժամանակին խոսել եմ Սերժ Սարգսյանի նկարը հատուկ քննչական ծառայության քննիչի սենյակում կախված լինելու մասին։ Ես երբեք չեմ խոսել այն մասին, որ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում պետք է կախված չլինի երկրի ղեկավարի նկարը։ Ես խոսել եմ ընդդիմադիր ժամանակ։ Հետագայում էլ այո․․․ հեղափոխության սկզբնական շրջանում չի եղել, բայց մենք հասկացել ենք, որ պետական ատրիբուտներին պետք է ավելի սենտիմենտալ եւ երկչոտ չլինենք, որովհետեւ եթե մենք ստանձնել ենք պետական պատասխանատվություն, ուրեմն պետք է նաեւ պետական ատրիբուտներին, արարողակարգերին վերաբերվենք պատշաճ ձեւով»։
Թեեւ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի նկարը հատուկ քննչական ծառայության քննիչի սենյակում կախված լինելու մասին, վերհիշենք, որ 2018թ․-ի իշխանափոխության ժամանակ բոլոր հնարավոր աշխատասենյակներից ու հիմնարկներից հանվում էր Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Հեղափոխական թիմն այդ ժամանակ քննադատաբար էր մոտենում այդ «ավանդույթին»։ Փաստենք նաեւ, որ Փաշինյանի՝ վերոնշյալ խոսքերն ու մոտեցումը պատճառահետեւանքային կապ եւ կոնկրետ մոտեցում ունեն, որը դրսեւորվել է թե մինչեւ իշխանափոխությունը, եւ թե դրանից հետո։ Եթե չլինեին այդ փաստերը, գուցե հնարավոր լիներ պնդել, որ Փաշինյանի ասածը վերաբերում էր միայն քննիչի սենյակում Սերժ Սարգսյանի նկարի առկայությանը։
Այսպես, վերհիշենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բառացի՝ մինչեւ 2018թ․-ի իշխանափոխությունը․
1.Մասնավորապես, 2017թ-ի դեկտեմբերի 5-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում հայտարարել է․ «Դեռեւս 2017 թ․ մայիսի 25-ին գրավոր հարցմամբ դիմել եմ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին։ Հարցը հետեւյալն է․ իրավական ի՞նչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները։ Վեց ամիս է անցել, եւ ՀՔԾ պետը հարցմանը չի պատասխանել՝ թույլ տալով օրենքի խախտում։ ՀՔԾ պետին պատասխանատվության կանչելու ձեւը կգտնեմ, իսկ ՀՔԾ քննիչներին զգուշացնում եմ՝ իրենց պատերից հանել լուսանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե, իհարկե, որևէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը չի համարում»։
Կարդացեք նաև
2.2016թ․ սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում, նկատի ունենալով իրավապահ մարմիններում Սերժ Սարգսյանի լուսանկարի փակցված լինելը, հեգնում էր՝ դատախազներն ու քննիչներն անընդհատ խոսում են նկարի հետ ու զեկուցում․ «Հարցնում են՝ սպանությունը քրեական հանցագործությո՞ւն է, թե ոչ։ Սերժ Սարգսյանի նկարն էլ իրենց բացատրում է։ Ամեն օր իրիկունը զեկուցում են, առավոտ հրահանգ ստանում»։
3.Իսկ 2016թ․ սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստում նա գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարցնում էր՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ քննիչների աշխատասենյակներում Սերժ Սարգսյանի լուսանկարն է կախված, ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ է նրա լուսանկարը կախել իր աշխատասենյակում, այն հիմա կախվա՞ծ է։
Արդյունքում․
Համացանցում տարածված տեսանյութերն եւ լուսանկարները փաստում են, որ 2018թ․-ի հատկապես ապրիլ-մայիս ամիսներին Սերժ Սարգսյանի լուսանկարները հանվել են մի շարք պետական եւ մասնավոր կառույցների, կրթօջախների, մասնավոր ընկերությունների աշխատասենյակներից, օրինակ՝ «Սինոփսիս Արմենիա», ոստիկանության Զեյթունի բաժին, մանկավարժական համալսարան, դպրոցներ, գյուղապետարաններ, Գյումրիի տեխնոպարկ, ՊՎԾ․․․
Այժմ իշխանափոխությունից հետո պաշտոնյաների կատարած հայտարարություններից մի քանի օրինակ վերհիշենք.
1.2018թ․-ի մայիսի 24-ին քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը լրագրողներին ասել էր, որ Սերժ Սարգսյանի լուսանկարն իր աշխատասենյակում եղել էր, հիմա հանել է։
2.2018թ․-ի հոկտեմբերի 8-ին քննչական կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Հայկ Գրիգորյանը պարզաբանում էր․ «Հայտնի է, որ վարչապետը հայտարարեց, եւ այդ հայտարարությունից հետո չկա ոչ մի լուսանկար»։
Այսինքն, Նիկոլ Փաշինյանի մոտեցումն այս հարցում ունեցել է ուղղակի ազդեցություն։ Ավելին՝ նախկինում քննադատված եւ դատապարտված մոտեցումը վերակենդանացավ հենց հեղափոխական թիմի ձեռամբ, սակայն հեղափոխականներից որեւէ մեկը չասաց, թե իրենք շեղվել են հեղափոխության արժեքներից։
2021թ․-ին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՔՊ-ական պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է փակցված․ օրինակ՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյան, ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյան, Արմեն Խաչատրյան, Հրաչյա Հակոբյան, Վիգեն Խաչատրյան, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան, պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյան, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան։ Վերջինս, ի դեպ, երեւի միամիտ գաղտնազերծեց, որ կառավարությունից է եկել հրահանգ՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը աշխատասենյակներում կախելու վերաբերյալ, մինչդեռ ՔՊ-ականներից ոմանք պնդում էին, որ դա իրենց ընտրությունն է, այլ ոչ թե պարտադրանք։
Այս ամենից մի շարք հարցադրումներ են առաջանում․
-Եթե Նիկոլ Փաշինյանը ժամանակին քննիչներին հորդորում էր իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե, իհարկե, որևէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը չի համարում, ապա ի՞նչ հիմնավորմամբ են հիմա իշխանական պաշտոնյաներն իրենց սենյակներում կախել Նիկոլ Փաշինյանի նկարը։ Բացատրությունը եւ արդարացումը, թե նա ընտրված երկրի ղեկավար է կամ իրենց քաղաքական առաջնորդն է, իրավական հիմնավորումներ չեն։ Էլ չասած, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե նրանցից որեւէ մեկի պապը լինի․․․
-Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս 2016թ․-ին արտահայտած մտքերից ի՞նչ եզրահանգում անել, որ ՔՊ-ական պաշտոնյաներն ամեն օր նայում են Նիկոլ Փաշինյանի նկարին ու զեկուցում քաղաքական անցուդարձի մասի՞ն․ կամ, ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագծի ընդունումից առաջ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին հարցրե՞լ են՝ քրեականացնե՞լ այն, թե ոչ։ Մանավանդ, երբ, օրինակ, ՔՊ-ին անդամակցած արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մի առիթով ասում էր․ «Լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ