Երկամյա հետաձգումներից հետո Եվրամիությունն անցկացրեց «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովը։ Այս՝ չորս տարի սպասված կարևոր իրադարձությունը կայացավ Բրյուսելում՝ դեկտեմբերի 15-ին։ Այլ հարցերից բացի ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների առաջնորդները քննարկեցին երկու առանցքային հարց՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ի՞նչ է տվել Փաշինյան-Ալիև հանդիպումը
Եվ այսպես՝ ԵՄ հրավերով Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին՝ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելու համար։ Սակայն հանդիպումը ոչ մի նկատելի արդյունք չի գրանցել։ ԵՄ-ն սոսկ պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, թեև դրա մասին առանց այդ էլ անընդհատ խոսվում է։
Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունները ոչ միշտ հաջող, իսկ երբեմն էլ դրամատիկ կերպով ընթանում են Մոսկվայի ղեկավարության ներքո։ Սահմանազատման պահանջը Բաքվինն է։ Երևանը փորձում է շրջանցել հարցը, իսկ Մոսկվան ոչ շատ բարձրաձայն արտահայտվում է սահմանազատման օգտին։ Ռուսաստանը պնդում է, որ Սյունիքի/Զանգեզուրի հատվածում տեղի ունենա երկաթգծի ապաշրջափակումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացնելու համար անհրաժեշտ են մոսկովյան արխիվներում պահվող՝ գլխավոր շտաբի ռուսալեզու քարտեզները, որոնք ժամանակին կազմվել են խորհրդային քարտեզագիր փորձագետների կողմից։ Թե ինչպես Ռուսաստանը կարող է օգնել (կամ խանգարել) սահմանազատման գործընթացին՝ բավականին պարզ է, իսկ թե ինչ է կարող անել Եվրամիությունը՝ դեռևս պարզ չէ։ Այդ իսկ պատճառով գագաթնաժողովում ԵՄ-ն երբ գրեթե երկրորդեց, թեև ավելի հստակորեն, սահմանազատման հարցով Ռուսաստանի կարծիքը՝ դրանով իսկ փաստորեն, կարելի է ասել, բռնեց Ադրբեջանի կողմ։
Ճանապարհների կարգավիճակի հարցը
Արժե անդրադառնալ Սյունիքի/Զանգեզուրի ճանապարհների շուրջ իրադրությանը։ Ադրբեջանը պահանջում էր, որ այդ ճանապարհին տրվի միջանցքի կարգավիճակ, որը բացառում է նրա նկատմամբ տեղի հայկական իշխանությունների սահմանային և մաքսային վերահսկողությունը։
Ընդ որում, Ղարաբաղում արդեն կա Լաչինի միջանցք։ Թեև Լաչինի շրջանը փոխանցված է Ադրբեջանին՝ այս միջանցքը ռուս խաղաղապահների հսկողության տակ է. Բաքուն իրավունք չունի իրականացնելու բեռների ստուգում։ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ զանգեզուրյան ճանապարհը լաչինյան ճանապարհի պես պետք է ունենա միջանցքի կարգավիճակ։ Հայկական կողմն իր մերժողական կեցվածքը հիմնավորում է նրանով, որ ի տարբերություն Սյունիքով անցնող ճանապարհի՝ Լաչինի ճանապարհն ունի մարդասիրական նշանակություն, իսկ Ադրբեջանին միջանցքն անհրաժեշտ է դեպի Նախիջևան բեռնափոխադրումների համար։
Ղարաբաղում բնակվող հայկական բնակչությունը կախյալ վիճակում է, դրա համար էլ չի կարելի համեմատել Լաչինի միջանցքն ու Սյունիքով անցնող ճանապարհը։ Պուտինի հետ Սոչիում հանդիպելուց հետո և Բրյուսելից առաջ Ալիևը հստակորեն բարձրաձայնում էր երկու համանման միջանցքների թեման։ Իսկ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ ասված է, որ Սյունիքի/Զանգեզուրի ճանապարհը չի կարող միջանցք լինել, և դրանով իրականացվելիք բեռնափոխադրումները պետք է կատարվեն ըստ միջազգային իրավունքի սահմանած կարգի։
Առաջին հայացքից թվում է, որ գերակշռել է հայկական դիրքորոշումը, և Բաքուն նահանջել է։ Սակայն եթե ուշադրություն դարձնենք մանրամասներին, ապա կարելի է ենթադրել, որ գործնականում Ադրբեջանի կողմից ոչ մի զիջում չի եղել։ Բաքուն հատուկ էր բարձրացնում հարցի գինը, որպեսզի այնուհետև այն որպես զիջում ներկայացնի։ Այսպիսով, Ադրբեջանը Եվրոպայի հանդեպ ռևերանս է արել, ստեղծելով տպավորություն, թե նրա միջնորդությունն արդյունավետ է եղել։
ԵՄ պատրաստակամությունը՝ հակամարտության կարգավորման մեջ ֆինանսապես ներառվելու, չափազանց տեղին էր։ Հենց վերջերս Հայաստանը հայտարարել է, որ Սյունիքով անցնող 45 կմ երկարությամբ երկաթուղու հատվածի վերակառուցման համար կպահանջվի 200 միլիոն դոլար։ Ոմանք թերևս կառարկեն, որ սա պարզ զուգադիպություն է, բայց ես այստեղ Բրյուսելի հետ ուղիղ կապ եմ տեսնում։ Սյունիքի ճանապարհը ոչ թե ԵՄ, այլ Թուրքիայի հետաքրքրության շրջանակում է։ Թուրքական բեռնափոխադրումները Հայաստանի միջով ուղղվելու են Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։ Այն նաև Հայաստանի շահերից է բխում, քանի որ այդ երկաթուղով հայկական բեռնափոխադրումներն Ադրբեջանի միջով կհասնեն Ռուսաստան։ Ռուսաստանն, իր հերթին, օգտվելու է Ադրբեջանի միջով անցնելիք իրանական բեռնափոխադրումներից։ Փաստորեն՝ Ալիևն ու Փաշինյանը համոզել են ԵՄ-ին նշված երկաթուղու վերակառուցման համար գումար տրամադրել։ Բոլորը գոհ կլինեն, եթե հաղորդակցային ուղիների վերականգնումը ստանձնի Եվրամիությունը։ Մոսկվան նույնպես դեմ չէ, որ Ռուսաստանի շահից բխող նախագծերն իրականացվեն եվրոպական ֆինանսական միջոցների հաշվին։ Թերևս, այս ամենը ձեռնտու է նաև Եվրոպային. հնարավորություն չունենալով քաղաքականապես ներգրավվելու՝ Եվրոպան կներգրավվի ֆինանսապես։ Միաժամանակ, օրակարգից դուրս կգա այն հարցը, թե ուր է Եվրոպան։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսի այս համարում