Դեկտեմբերի 25-ի երեկոյան մարդաշատ էր Սյունիքի մարզկենտրոն Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակը՝ գլխավոր տոնածառի լույսերը պիտի վառեին։ Երեխաներից շատ անհամբեր էին մեծահասակները։
Հանդիսությունը սկսվեց Կապանի ստեղծագործական խմբերի եւ մենակատարների համերգով։ Համերգն ընդմիջվեց եւ բեմահարթակ հրավիրվեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։ Կապանի համայնքապետն օրերս արժանացավ «Հանրային ծառայող» մրցանակի՝ համայնքում իրականացված բարեփոխումների եւ արդյունավետ աշխատանքի համար։ Հետհաշվարկից հետո Գեւորգ Փարսյանը դստեր հետ վառեց տոնածառի լույսերը։
Կարդացեք նաև
Մարզկենտրոնի գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լսվեց Ձմեռ պապի ձայնը, որն առաջարկեց դիմացի շենքի հարկերում փնտրել իրեն։ Տարբեր հարկերից մաղթանքներ հնչեցնելուց հետո հրապարակով մեկ լսվեցին ավտոմեքենաների ձայնային ազդանշաններ։
Հայտարարվեց՝ Ձմեռ պապն է գալիս։ Տոնական համերգն ընդհատվեց, հավաքվածներից ոմանք շտապեցին ճանապարհը՝ դիմավորելու ավտոմեքենաներին։ Պարզվեց, որ ջրցան ու աղբատար ժամանակակից ավտոմեքենաները նվեր են Կապան համայնքին։ Թե ո՞վ էր համայնքապետարանից նամակ գրել Ձմեռ պապին ու խնդրել ավտոմեքենաներ՝ այդպես էլ անհայտ մնաց։ Չպարզվեց նաեւ բարերարի ինքնությունը։
Թերևս, անակնկալը ստացվեց․ փոքրիկներին թվաց, թե իրենց նվերները Ձմեռ պապին այս ավտոմեքենաներով է բերել, բայց անձամբ Ձմեռ պապը հայտարարեց, որ բոլորի նվերները դեռ չի հասցրել պատրաստել, ուստի դրանք տեղ կհասնեն տարվա վերջին օրը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ