Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամական երկրի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնենք՝ գուցե 50 դրամով ավելի էժան լոլիկ կգնենք». «Առերեսում»

Դեկտեմբեր 26,2021 01:12

«Առավոտի» տաղավարում «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը եւ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը քաղաքական ու տնտեսական դիտանկյուններից անդրադառնում են հայ-թուրքական հարաբերությունները պետականորեն կարգավորելու հերթական փորձին, որը նախորդներից տարբերվում է՝ արդեն իսկ բավարարված են Թուրքիայի որոշ նախապայմաններ:

Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից:

Գեւորգ Ղուկասյան. Հիմա, երբ տեսնում ենք, որ սկսվել է քաղաքական գործընթաց երկու պետությունների միջեւ հարաբերությունների, այսպես ասած, կարգավորման ուղղությամբ, պետք է նկատել, որ թուրքական կողմը չի հրաժարվել իր նախապայմաններից եւ ավելացրել է 4-րդ՝ ցինիկ նախապայմանը՝ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է:

Հիմա պետք է հասկանանք՝ ինչպիսի՞ն է հայկական կողմի պատասխանը թուրքական նախապայմաններին: Հասկանալու համար հարմար փաստաթուղթը կառավարության ծրագիրն է, որտեղ լղոզված ձեւակերպումներ են առկա Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին: Կառավարությունը մասնավորապես նկատում է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է ծառայեցնել տարածաշրջանային լարվածության լիցքաթափմանը՝ ոչ թե լարվածության աճին:

Կառլեն Խաչատրյան. Անշուշտ, տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը կարեւոր է, այդտեղից յուրաքանչյուր կողմ կարող է իր օգուտները քաղել, բայց հստակ պետք է կարողանանք գնահատել, թե Հայաստանն ի՞նչ հավանական օգուտներ կարող է ստանալ…

Ամեն դեպքում՝ կառավարության հայտարարությունների եւ արածի միջեւ ակնհայտ հակասություն կա: Մի կողմից՝ պետությունը երկու անգամ 6 ամսով արգելեց թուրքական սպառման ապրանքների մուտքը մեր երկիր՝ մյուս կողմից խոսում ենք Թուրքիայի հետ ավելի ակտիվ առեւտրա-տնտեսական հարաբերություններ զարգացնելու մասին:

Գեւորգ Ղուկասյան. Ինչպե՞ս է ստացվում, որ մինչեւ 2020 թվականի պատերազմը եւ հատկապես պատերազմի ընթացքում Թուրքիան գոյութենական թշնամի էր մեզ համար՝ այդպիսի հայտարարություններ արել է ԱԳՆ-ն: Պատերազմի ընթացքում հայտարարում էին ահաբեկիչ, ցեղասպան… շատ ադեկվատ գնահատականներ էին տրվում Թուրքիային կառավարության կողմից: Պատերազմից հետո միանգամից իրավիճակը փոխվում է՝ այն պատերազմից, որում Թուրքիան ակտիվ ներգրավվածություն ուներ՝ ուղղակի զինուժով ու ռազմական տեխնիկայով մասնակցում էր պատերազմին: Ակնհայտ է, որ այս օրակարգը մեզ պարտադրվում է…

… Տարածաշրջանում լարվածության գլխավոր խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է: Առանց արցախյան հակամարտության արդարացի կարգավորման՝ տարածաշրջանում խաղաղությունը լավագույն դեպքում կարող է փորձ լինել: Այսինքն՝ անհնար է առանց հիմնական խնդիրը կարգավորելու՝ փորձ արվի դրանից ածանցյալ այլ խնդիրներ կարգավորել

Կառլեն Խաչատրյան. Մենք երբեք չենք դիտարկել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման, բայց միեւնույն ժամանակ՝ չենք հանդուրժել Թուրքիայի կողմից որեւէ նախապայմանի առաջ քաշում: Բայց հիմա մենք փաստացի ակնհայտ տեսնում ենք, որ թուրքական կողմը հստակ նախապայմաններ է պարտադրում ու մենք էլ… որեւէ ուժ, դիմադրողականություն չունենք ընդդիմանալու թուրքական կողմի պարտադրանքին:

Գեւորգ Ղուկասյան. Միայն իշխող քաղաքական ուժը կարող է հասկանալ, այլապես՝ տրամաբանության տեսանկյունից անհնար է հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է հետապնդել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, եւ այդ գործընթացը ծառայեցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը կամ զարգացմանը:

Կառլեն Խաչատրյան. Կարծում եմ, որ հասարակության գիտակցության մակարդակը պետք է այնքան լինի, որ որքան էլ էժան լինի թուրքական ապրանքը, որքան էլ գրպանին ավելի հարմար լինի՝ այդուհանդերձ, մենք զանգվածաբար հրաժարվենք թուրքական ապրանքներ սպառելուց: 1990-2000-ականներին քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ մեզ փորձում էին համոզել, թե իզուր եք ազգայնական գաղափարներով տոգորված՝ Թուրքիան առաջվա ցեղասպան երկիրը չի, ավելի քաղաքակրթված է եւ այլն, բայց 2020 թվականի պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ Թուրքիան ոչ միայն հետ չի կանգնել հայ ազգի բնաջնջման իր գաղափարներից, ու դրա մասին բացահայտ հայտարարում է, այլ նաեւ գործով՝ Ադրբեջանին զինելով, վարձկաններ ուղարկելով ապացուցում է, որ ամեն ինչ անելու է դա իրագործելու համար: Մենք գործ ունենք թշնամական երկրի հետ ու մտածում ենք՝ արդյոք այդ թշնամական երկրի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնենք, գուցե 50 դրամով ավելի էժան լոլիկ կգնենք: Սա, իմ կարծիքով, առնվազն բարոյական չէ, որովհետեւ փաստացի ստացվում է, որ մեր հազարավոր հայորդիները, պայծառ տղերքը, որ զոհվեցին հանուն հայրենիքի՝ մենք այդ մարդկանց արածը սկսում ենք չափել 50 դրամ ավելի էժան լոլիկով կամ 1000 դրամ ավելի էժան վերնաշապիկով:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031