Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ նշանակումներ՝ Գյումրու քաղաքապետարանում․ ՔՊ-ականները նոր պաշտոններ են ստանում

Դեկտեմբեր 25,2021 22:41

Aravot.am-ի  տեղեկություններով, Գյումրու քաղաքապետարանում  նոր նշանակումներ են կատարվում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը համաձայնագիր ստորագրեց  «Բալասանյան դաշինք»-ի  հետ՝ ստանալով երկու փոխքաղաքապետերի պաշտոնը, այժմ անցել է բաժնի պետերի  ու տեղակալների պաշտոններ  ստանալուն։

Այսպես՝ գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի բաժնի պետի տեղակալ է նշանակվել Վահան Ձվակերյանը, որը երկար տարիներ  աշխատել է առևտրի ոլորտում․ տեխնիկայի խանութներից մեկի մենեջերն էր, վերջին տարիներին էլ աշխատում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող ռեստորանում։

Ի դեպ, քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում․ շուտով առևտրի և սպասարկման բաժինը կառանձնանա  գովազդի բաժնից, ու Վահան Ձվակերյանը կդառնա առևտրի ու սպասարկման բաժնի պետը։

Գովազդի բաժինը կմնա Սամվել Բալասանյանի թիմի ամենահավատարիմ անդամներից մեկին՝ Հարություն  Թադևոսյանին։ Վերջինս Գյումրու ամենակոլորիտային դեմքերից մեկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի փեսան է։

ՔՊ-ն  ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնում առաջարկել  է Անի Քոչարյանի թեկնածությունը։ Վերջինս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ  Արման Բաղդասարյանի կինն է։

Մեզ տեղեկացրեցին, որ  Անի Քոչարյանն աշխատում է իրենց ընտանիքին պատկանող  «Ցայգ» հեռուստաընկերությունում,  նաև ՇՊՀ-ի ուսանողուհի է, սովորում է  մագիստրատուրայի՝ կրթության կազմակերպում բաժնում։

Իշխող կուսակցությունն անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնում առաջարկել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ղեկավար Գևորգ Գրիգորյանի թեկնածությունը, որը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանի որդին է։

Նշենք, որ այս բաժնի պետը Աղաս Ղազարյանն է, որը նախկին «գայիշնիկ» է։ Այս բաժնում կառուցվածքային փոփոխություն է սպասվում․ պատրաստվում են երկու բաժիններ առանձնացնել։

ՔՊ-ն ակնկալում է նաև քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի  պաշտոնը։

Մեր տեղեկություններով, մինչև տարեվերջ նշանակումները կկատարվեն, այս պահին Գյումրու քաղաքապետարանից վերոհիշյալ անձանց պահով հարցումներ են ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Դեռ պատասխան չեն ստացել, հարցման պատասխանը ստանալուն պես՝ նշանակումներ կանեն։

Նշենք, որ թե՛ քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժինը, և թե՛ քաղաքաշինության ու ճարտարապետության բաժինը հայտնվել էին ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։

ԱԱԾ-ն կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել էր քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին, անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Հովիկ Գևորգյանին, բերման էր ենթարկել այս բաժնի մի քանի աշխատակիցների, այդ թվում բաժնի պետ Աղաս Ղազարյանին, սակայն կարճ ժամանակ անց, բացի Հովիկ Գևորգյանից, մնացածին ազատ էր արձակել։

ՔՊ-ն նաև պատրաստվում է որոշ բաժիններում տեղակալներ նշանակել։

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը դեռ մեկ ամիս առաջ Aravot.am-ին տեղեկացրել էր, որ քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ են  լինելու․ որոշ բաժիններ միավորվելու են, որոշ բաժիններ էլ, ելնելով աշխատանքի ծավալից, առանձնացվելու են։

Ի դեպ, ըստ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջի, նոր նշանակումներ լինելու են երեք բաժիններում․ այս պահին թափուր են քաղաքաշինության և ճարտարապետության, տրանսպորտի, ծրագրերի և արտաքին կապերի բաժինների պետերի պաշտոնները։

Թափուր է գլխավոր խորհրդականի հաստիքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031