Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրեն Պապիկյանը ԵՊՀ-ում նույն դերակատարությունն ունի, որն ուներ Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականը»․ Ատոմ Մխիթարյան

Դեկտեմբեր 25,2021 21:38

Այս իշխանությունը բուհերում անում է նույնը, ինչ անում էր նախկին իշխանությունը։  Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Երեկ առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Սուրեն Պապիկյանը դարձել է ԵՊՀ  կառավարման խորհրդի նախագահ, որպեսզի երաշխավորի բուհի ապակուսակցականացումը։ «Բուհերում եղած այդ երբեմնի կուսակցական բջիջները նոյեմբերի 9-ից հետո ակտիվացան։ Մենք չենք կարող թույլ տալ, որ որեւէ տեղ հակապետական օղակներ ձեւավորվեն, գնում ենք բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար»,-ասել է Փաշինյանը։

Արդյոք Պապիկյանի՝ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ դառնալու մասին Փաշինյանի պարզաբանումը հիմնավո՞ր է կամ տրամաբանակա՞ն է, մեր այս հարցին ի պատասխան Ատոմ Մխիթարյանը հիշեցրեց 2018-ից առաջ իրավիճակը․ «Մինչեւ 2018 թվականը բազմաթիվ մարդիկ, երիտասարդ մտավորականներ պայքարում էին բուհերի կուսակցականացման դեմ եւ դրա ակնհայտ օրինակը՝ իշխող կուսակցության նախագահը ԵՊՀ-ի  կառավարման խորհրդի (այն ժամանակ հոգաբարձուների խորհուրդ) նախագահն էր։ Այդ պայքարը նրա դեմ էր, որ անկախ նրանից, թե համալսարանում ինչ կուսակցականներ կան, ինչ գործունեություն են տանում, համալսարանի ամենակարեւոր որոշում կայացնող մարմնի ղեկավարը իշխող կուսակցության ղեկավարն էր, նրա հիմնական գործառույթներից մեկը բուհի բյուջեի հաստատումն էր, ռեկտորի ընտրությունը, իսկ բոլոր գործընթացները ռեկտորի իմացությամբ են տեղի ունենում։ Իսկ նա էլ կախված է օրվա քաղաքական իշխանությունից։ Անցել է երեք տարի  այդ իրադարձությունից հետո, եւ մենք մեկ շրջապտույտ ենք արել եւ վերադարձել նույն կետին։ Պապիկյանը իշխող քաղաքական  ուժի՝ ՔՊ-ի վարչության նախագահն է, նույն դերակատարությունն ունի, որն ուներ Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականը։ Սա ամեն ինչ ասում է, նույն իրադրությունն է, երբ ամեն ինչ որոշվում է օրվա քաղաքական  իշխանության վերին օղակներում եւ  պարտադրվում համալսարաններում։ Այս նույն  իրավիճակը կա նաեւ մյուս համալսարաններում։ Ուղղակի Երեւանի պետական համալսարանն ակնհայտ օրինակ է, թե ինչպես չի կարելի անել։ Կառավարման խորհրդի նախագահ նշանակել օրվա քաղաքական ուժի ղեկավարին չի նշանակում ապակուսակցականացնել բուհերը»։

Մխիթարյանի դիտարկմամբ՝ նման երեւույթներն ու գործընթացները շատ վատ հետեւանքներ են ունենում կրթության եւ կրթության որակի վրա․«Որովհետեւ ուզենք թե չուզենք, ամեն ինչ ռեկտորից  է կախված, օրինակ՝  կադրային  նշանակումները, գաղափարախոսական ուղղությունները, որոնք կարող են կատարվել կադրերի փոփոխություններով կամ ծրագրերի որոշակի փոփոխություններով։ Հիմա  էլ ամեն ինչ նույնն է ստացվում, դա անտրամաբանական մոտեցում է՝ եկեք կուսակցական նշանակենք, որպեսզի կուսակցական խժդժություններ չլինեն բուհում։ Սա նմանվում է  նրան, երբ ոչխարի հոտին պահակ են նշանակում գայլին»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ «մենք չենք կարող թույլ տալ, որ որեւէ տեղ հակապետական օղակներ ձեւավորվեն» արտահայտությանը, ապա Մխիթարյանը նկատեց՝ Փաշինյանի մոտ նույնացվում է նաեւ դա՝  կուսակցականն ու պետականը․ «Հակապետական լինել չի նշանակում հակակուսակցական լինել, լրիվ  տարբեր բաներ են, հակապետական նշանակում է հակապետական։ Սա հերթական անգամ իրավիճակը խեղաթյուրելու փորձ  է»։

Մխիթարյանի կարծիքով՝ ներկա իշխանությունն աշխատում է նույն ձեռագրով, ինչ որ նախկինները, դա  ակնհայտ երեւում է ոչ միայն բուհերում, այլեւ վերջին շրջանում հանրակրթության ոլորտում, երբ  մարզպետը կամ նրա տեղակալը կարող էին իրենց մոտ կանչել համապատասխան դպրոցի տնօրենին եւ որոշակի «հանձնարարականներ» տալ ՏԻՄ ընտրություններից առաջ։

Բացի այս, փորձագետն այլ օրինակ էլ բերեց, երբ նախկինների նույն ձեռագրով է գործում այս իշխանությունը․ «Երբ ուզում էին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում ամրագրել այնպիսի դրույթ, որը հնարավորություն կտար օրվա քաղաքական իշխանությանը  բուհերում ինչ ուզենա՝ անել , դա կառավարման խորհուրդներում մեծամասնություն ունենալու մասին դրույթն էր։   Լավ է, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այդ դրույթը։ Նույն ձեռագրով են գնում առաջ։  Սրան պետք է անպայման արձագանքեն , հակազդեն մտավորականությունը, ուսանողությունը, քանի որ բուհերը եւ կրթական համակարգը ոչ միայն կրթելու եւ գիտելիք տալու համար է, այլեւ քաղաքացի ձեւավորելու եւ դաստիրակելու։ Մտավորականությունը առաջադեմ եւ շարժիչ ուժն է  յուրաքանչյուր հասարակությունում, որովհետեւ բոլոր փոփոխությունները այսպես, թե այնպես, ի հայտ են գալիս համալսարաններում, կրթական համակարգում  եւ հետո հասնում ժողովրդին։ Հիմա մտածում եմ, որ դրա դեմ պետք է  ուսանողությունն ու բուհական մտավորականությունը պետք է բողոքի, որովհետեւ  դա սահմանափակում է նաեւ նրանց ակադեմիական ազատությունները, ինքնուրույնությունը։ Ի՞նչ է նշանակում օրվա քաղաքական իշխանությունը կամ դրա փոփոխության հետևանքով բուհերում եւս պետք է փոփոխություններ լինեն։ Դա կրթական համակարգ չէ, եւ դա է  պատճառը, որ մեր կրթական համակարգը առաջ գնալու փոխարեն հետ է գնում»։

Մխիթարյանը հույս ունի, որ իշխանությունները կհասկանան իրենց սխալը․«Եթե ոչ,  ապա կարծում եմ՝ մեր մտավորականությունն ու ուսանողությունը նրանց կհասկացնեն  իրենց դիրքորոշմամբ եւ առաջիկայում ակնհայտ հակազդեցություն կլինի»։

Բուհերի կառավարման խորհրդների լավագույն մոդելն աշխարհում գործում է, եւ ինչպես ասաց Ատոմ Մխիթարյանը, դա այն մոդելն է, երբ բուհի կառավարման խորհրդում մեծամասնությունը հենց  բուհի ներկայացուցիչներն են, որպեսզի իրենց ինքնավարությունն երաշխավորեն, խորհրդում տեղ ունեն խոշոր գործատուները, որոնք հետաքրքրված են տվյալ համալսարանի շրջանավարտներով, եւ կան կրթության խնդիրներով զբաղվող պետության քիչ թվով ներկայացուցիչներ, բայց ոչ քաղաքական ներկայացուցիչներ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Ատոմ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031