Ժնևի ամենահեղինակավոր Tribune de Genève օրաթերթում լույս է տեսել հայկական և քրդական ծագում ունեցող շվեյցարացի լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի մասին պատմող հոդված, որտեղ նա նաև անդրադարձ է կատարում վերջերս հրատարակված «L’aiglon blessé» (Վիրավոր արծիվը) իր լուսանկարների ալբոմին՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի պատերազմին։
Հատված հոդվածից՝
«Նրա վերջին լուսանկարչական աշխատանքը՝ «Վիրավոր արծիվը, իմ վկայությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին», ֆրանսերեն և անգլերեն լեզուներով պատմում է Անդրկովկասի այս տարածաշրջանում 2020 թվականի աշնան կայծակնային պատերազմի մասին։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ժնևի «Պայո», «Ռամո դ’Օր», «Բուլվար» և «Արմենիա» գրախանութներում, «բայց ես միշտ մի քանի օրինակ իմ ուսապարկում ունեմ»,- հիմնավոր ապացույցներով հավաստիացնում է Դեմիր Սյոնմեզը:
Վերջինս մինչ օրս նրա «ամենանշանակալի» աշխատանքն է։ Իր սեփական միջոցներով հրատարակած այս գրքում, նա փորձում է «վկայություններ ներկայացնել հայերի դեմ ադրբեջանական հարձակման վերաբերյալ»։ Այս հարձակումը մեկ տարի առաջ քաղաքացիական բնակչության կեսին ստիպեց լքել այդ տարածքը:
Կարդացեք նաև
Գիրքը հագեցված է խաղաղ բնակչության, ինչպես նաև զինվորների կողմից արված անեկդոտներով։ «Իմ ճանապարհորդության ընթացքում ես բազում ռիսկերի եմ դիմել, չնայած ականատես եմ եղել նաև Իրաքի և Սիրիայի պատերազմներին։ Հրապարակված լուսանկարներն անելու համար մի քանի անգամ կրակի և ռմբակոծության եմ ենթարկվել մահապարտ անօդաչու թռչող սարքերից», – բացատրում է նա։ Նրա ամենադժվար հիշողությունը մնում են թաղման արարողությունները։ «Ես մարդկանց չէի ճանաչում, բայց նրանց ցավից արտասվում էի»։
Դեմիր Սյոնմեզի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին լուսանկարներով Ժնևում կազմակերպվել են մի շարք ցուցադրություններ, իսկ նրա լուսանկարչական ալբոմը վաճառվում է Ժնևի կենտրոնական գրախանութներում։