Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային գրադարանի և Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Դեկտեմբեր 25,2021 22:00

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի և Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի (Русский дом в Ереване) միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությունը Երևանում Ռուսական տան հետ (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) սկսվել է վաղուց, և այսօր այդ փոխգործակցությունը պաշտոնական կարգավիճակ է ստացել և որակապես նոր մակարդակի է հասնում։ Այս մասին հայտնեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի հետ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ։

Նա նշեց, որ արդեն սկսվել է համատեղ գործունեության պլանի մշակման գործընթացը, որը կունենա ինչպես գիտական, այնպես էլ մշակութային բնույթ։

«Ընդհանրապես Հայաստանը և Ռուսաստանը տարիներ շարունակ մարդասիրական հիմունքներով բազմաթիվ ծրագրեր են իրականացնում։ Դրանք գիտական կոնֆերանսներ են, մշակութային տարբեր միջոցառումներ: Պետք է նշել ևս մեկ գործոն. Ազգային գրադարանի ամբողջ հավաքածուն ընդգրկում է շուրջ 7 միլիոն օրինակ գրքեր, և այդ հավաքածուից գրեթե 5 միլիոնը բաժին է ընկնում ռուսալեզու գրականությանը, իսկ մնացած գրքերը տարբեր լեզուներով են»,- ընդգծել է Աննա Չուլյանը։

Միաժամանակ Ազգային գրադարանի տնօրենը նշեց. «Քանի որ մենք երկար ժամանակ ապրել ենք նույն լեզվամշակութային տարածքում, Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականին ամուր էին։ Եվ չնայած այն հանգամանքին, որ նոր իրողություններում, արդեն հետխորհրդային տարածքում, որոշակի փոփոխություններ եղան այս ուղղությամբ, ապագայում, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունենք մեր հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Ի վերջո, հնարավոր է, որ մեր նախկին աշխատանքային մեթոդներից որոշը հնացած են, և մենք պետք է մտածենք, թե ինչպես ներգրավել համագործակցությանը երիտասարդներին՝ հենց նոր մեթոդներով, ոչ միայն ռուսական գրականության, այլ Հայաստանում ռուսական մշակույթի և Ռուսաստանում հայկական մշակույթի հանրահռչակման միջոցով»:

«Փառք Աստծո, մենք դեռևս, թեև մասամբ, գտնվում ենք այդ ընդհանուր լեզվամշակութային տարածքում, ինչի համար ես աներևակայելի ուրախ եմ»,- իր հերթին ասաց Վադիմ Ֆեֆիլովը՝ համերաշխություն հայտնելով երիտասարդության հետ փոխգործակցության ընդլայնման հարցում։

Նա նաև շնորհավորել է Աննա Չուլյանին Եվրասիայի գրադարանային ասամբլեայի (Library Assembly of Eurasia, LAE) փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ այս փաստն առավել քան խոսուն կերպով արտացոլում է Հայաստանի ազգային գրադարանի աշխատանքի ներկայիս միտումները։

Նշենք, որ Հայաստանի ազգային գրադարանի և ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության (Երևանում Ռուսական տուն) համագործակցության մասին համաձայնագիրը նախատեսում է ծրագրերի իրականացում կրթության, մշակույթի, գիտության, պատմա-ազգագրական գործունեության ոլորտներում: Բոլոր նախագծերը պետք է ուղղված լինեն ռուս-հայկական գիտական, կրթական և մշակութային կապերի ամրապնդմանը, բուհերի, գիտնականների, փորձագիտական կենտրոնների միջև փոխգործակցության հաստատմանը, փոխադարձ խորհրդակցությունների անցկացմանը և փորձի փոխանակմանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031