Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վաճառված գրքերի հասույթի մի մասը կփոխանցվի երեխաների բուժմանը»․ Աստղիկ Օհանյան

Դեկտեմբեր 25,2021 21:05

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Սամվել Թոփալյանը «Զանգակ» գրատանը ընթերցեց «Արջն ու դաշնամուրը» «Շունն ու ջութակը» հեքիաթները։ Իսկ ժամը 15:00-ին Հրանտ Թոխատյանը ընթերցեց «Անտեսանելի Տոնինոն» գիրքը։ Ընթերցանությանը երեխաները կարող էին մասնակցել՝ գնելով տվյալ գիրքը։

Հեքիաթների ընտրությունը պայմանավորված է  ընթերցանության համար հարմար, հետաքրքիր և ուսուցողական լինելով։ Այս նախաձեռնությունը «Զանգակ» գրատունը կազմակերպել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ։ Հիմնադրամը ամբողջովին հոգում է քաղցկեղի և արյան այլ հիվանդություններ ունեցող երեխաների ու պատանիների բուժման ծախսերը։ Գրքերի գումարը կփոխանցվի հիմնադրամին, որպեսզի հիմնադրամը կարողանա հոգալ բուժման ծախսերը։

«Այսօր այս նախաձեռնությունը որոշեցինք միասին կազմակերպել, որպեսզի երեխաները գան, լսեն, ընթերցեն, և դրա շրջանակներում վաճառված գրքերի հասույթի մի մասը կփոխանցվի հիմնադրամին»,- ասում է գրատան հանրային կապերի մասնագետ Աստղիկ Օհանյանը։

Նպատակն է, որ այս փոքրիկ նախաձեռնությունից հետո այլ կազմակերպություններ, այլ անհատներ միանան նախաձեռնությանը, և միասին կնպաստեն, որ ավելի շատ գումար հավաքի հիմնադրամը։ Այս տարի սա արդեն երրորդ նախաձեռնությունն է, որ համատեղ իրականացնում են։
Կազմակերպվել էր «Գնի՛ր գիրք, փրկի՛ր կյանքեր» նախաձեռնությունը՝ մեկ օր գրատան վաճառքի մի մասը փոխանցվել է հիմնադրամին։
Երեխաների նկարած նկարներով փոստքարտեր են պատրաստվել և մինչ օրս դրանք վաճառվում են «Զանգակ» գրատանը, որի հասույթը փոխանցվում է երեխաների բուժմանը։

«Վաճառքը բավականին ակտիվ է, երեխաների նկարած նկարները շատ գեղեցիկ են, բացի այդ՝ երբ իմանում են, որ գումարը փոխանցվում է երեխաների բուժմանը, հաճախորդները ավելի շատ են գնում բացիկները»- ասում է Աստղիկ Օհանյանը։

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նվիրատուների և ֆոնդ հայթայթման մասնագետ Հասմիկ Հարությունյանը  նշում է, որ գրատան հետ վաղուց են համագործակցում և լավ գործընկերներ են համարվում։

«Նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն դրամահավաքության առումով, այլև քաղցկեղի մասին իրազեկմամբ, որովհետև հասարակությունը խուսափում է քաղցկեղի մասին խոսելուց, սակայն մենք չենք կարող ժխտել դրա գոյությունը»,- ասում է Հասմիկ Հարությունյանը։

Հասմիկը հավելում է՝ նման միջոցառումների շնորհիվ է, որ մարդիկ իմանում են երեխաների մասին, որոնք պայքարում են այդ հիվանդության դեմ։
Սա նաև ամանորյա տոն էր մանուկների համար իրենց սիրելի դերասանների հետ։

 

Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031