Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Ասել ենք մինչեւ գերիների հարցը չլուծվի, երկխոսություն չի կարող լինել»

Դեկտեմբեր 25,2021 17:56

Մոսկվայում  հայ եւ ադրբեջանցի մշակույթի գործիչների հանդիպման մասին  լուրը՝ ՌԴ նախագահի միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի  մասնակցությամբ, կրքեր է բորբոքել ու ինչ-ինչ մեկնաբանությունների տեղիք տվել:  Aravot.am-ը կապ հաստատեց Մոսկվայում գտնվող մշակույթի գործիչների հետ, խնդրեցինք պարզաբանել, թե ի վերջո ի՞նչ է եղել Մոսկվայում:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ճանաչված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք բարձրաձայնել են, որ եթե գերիների հարցը չլուծվի, որեւէ երկխոսության մասին խոսք լինել չի կարող. «Բոլորը շատ լավ ելույթներ ունեցան՝ ե՛ւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ե՛ւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ե՛ւ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Մենք ասացինք, որ երեխեքի՝ գերիների համար ենք եկել, ու մինչեւ այդ հարցը չլուծվի, ո՛չ կխոսենք, ո՛չ էլ կզրուցենք: Միխայիլ Շվիդկոյը խոստացավ  գերիների ազատման վերաբերյալ մեր պահանջը փոխանցել ՌԴ նախագահին, նաեւ փոխանցեցի իմ երկու ֆիլմերը՝ «Վերադարձ ավետյաց երկիր» եւ «Սահման», որ ցուցադրվել են աշխարհի շատ երկրներում, ասացի՝  նայեք ու տեսեք, թե ինչ ենք մտածում ձեր մասին իմ ֆիլմերում, որտեղ  ամեն ինչ կա՝ սկսած Սումգայիթի կոտորածից ու պատերազմի հետեւանքներից»:

Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Արմեն Մուրադյանը որպես բժիշկ առաջարկել է Մոսկվայի հայտնի բժիշկների, մասնավորապես՝ Ռոշալի, Կամալովի հետ միասին այցելել գերիներին, տեսնել տղաների առողջական վիճակը, ասվել է նաեւ, որ տղաների վերադարձը հումանիստական քայլ է եւ ոչ թե քաղաքական, ու պետք է նախ տղաներին մայրերին վերադարձնել:

Մարիաննա Մխիթարյանն էլ հավելեց. «Դուք գիտեք իմ դիրքորոշումը թեմայի վերաբերյալ, գիտեք, թե իմ ուժերի սահմաններում եւ փառատոնի շրջանակում ինչքան ենք անդրադառնում զինվորներին ու պատերազմին: Ասել ենք, որ ամենակարեւորը ժամ առաջ մեր տղաների վերադարձն է: Իրենք ականապատ տարածքներից խոսեցին, ես ասացի, որ մեր խոսակցություններում անգամ բազմաթիվ ականապատ տարածքներ կան: Մենք որեւէ քաղաքական հայտարարություն չենք արել, ուղղակի ցանկանում ենք, որ մեր տղաները ժամ առաջ Հայաստան վերադառնան»:

Ռուբեն Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երկխոսությունից խուսափելը թուլության նշան է. «Մեր խումբն ուժեղ եւ ինտելեկտուալ խումբ էր, շատ սկզբունքային: Բոլոր շոշափվող հարցերը մարդասիրական դաշտում էին, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, թող քաղաքականությամբ զբաղվեն նրանք, ովքեր կարող են: Կարծում եմ, որ եթե կարող ես  մի լումայի չափով ցանկացած հարթակում բարձրացնել գերիների հարցը, պետք է առիթն օգտագործես: Ես հոյակապ գիտեի, թե ինչ գնահատանքի կարժանանանք, բայց երեխաների կյանքն ավելի կարեւոր է, քան մեր հանգստությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031