Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռիմա Դեմիրճյանը հեռացավ կյանքից․ Հայաստանը դատարկվեց մեր ժամանակների եզակի ազնվականի, բարձր բարեկրթությամբ օժտված մեծ հայուհու ոգեղեն բովանդակությունից

Դեկտեմբեր 25,2021 17:05

Կարեն և Ռիմա Դեմիրճյանները, ովքեր նախախնամությամբ ծնվել էին միմյանց և միմիայն միմյանց համար, հայ ավանդական ընտանիքի ամենաօրինակելի զույգն էին՝ իրենց վեհաշուք, ինքնատիպ գեղեցկությամբ, հայ և համաշխարհային արժեքների՝ գիտության, արվեստների խոր իմացությամբ, հայրենասիրության ազգային գաղափարախոսությամբ:
Պետության ղեկավարի ընտանիքին վայել իրենց առաքինությամբ նրանք ամենուրեք վայելում էին սեր, հարգանք ու վստահություն:

… Ժամանակների՝ Հայաստանին հասցրած ծանրագույն հարվածները, թոհուբոհն ու անձնական անփարատելի վիշտը չխամրեցրին հայոց Մեծ Տիկնոջ լայնախոհությամբ ու մեծահոգությամբ լցված նրա լուսավոր կերպարը, նրա՝ թեև կոտրված, բայց ներողամիտ, գոտեպնդող, բացառիկ գեղեցիկ ժպիտը: Եվ էության այդ լուսավոր ուժի շնորհիվ էլ ժողովրդի հետ եթերով երբեմնի նրա խոսքը, զրույցը ուղղակի ապաքինիչ բալասան էր Հայաստանի անվերջանալի թվացող կորուստների ճանապարհին մոլորված, իրենց ծանր կյանքի ձեռը կրակն ընկած խեղճուկրակ մարդկանց համար:

…Եղերական «Հոկտեմբերի 27-ի» անանց, հոգու ցմահ ցավը հիշողություններով փարատելու իմքնամփոփ տարածքում էլ թերևս ծնվեց Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը գրքերով, «հիշատակող գրի» մնայուն արժեքներով ներկայացնելու իմաստուն գաղափարը: Եվ Ռիմա Դեմիրճյանը ամբողջությամբ տրվեց իր բաժին այդ առաքելությանը:

Քսաներկու տարի շարունակ ամենօրյա անխոնջ աշխատանքով նա ոչ միայն հարստացրեց մեր պատմագրությունը, ավելի հասանելի ու ճանաչելի դարձնելով նաև 20-21-րդ դարերի խաչմերուկում Հայաստանի ծանր խաչը իր ուսերին առած Կարեն Դեմիրճյան անպարագիծ մտածողությամբ ղեկավարի, մարդու դրամատիկ կերպարը, այլ նաև հեղինակեց մի գրականություն, որը, թե որպես ժամանակաշրջանի ճշմարտացի արտացոլանք, թե որպես քաղաքագիտական ու դիվանագիտական մտքի արժեք կարող է ինքնուրույն էջ բացել բուհական կրթության մեջ:

…Ռիմա Դեմիրճյանին ես վերջին անգամ հանդիպեցի 2018 թվականի փետրվարին: Այդ հանդիպումը մեկ անգամ ևս նրա էությամբ հարստանալու հնարավորություն էր, որ ինձ տրվեց մեր անանձնական մտահոգություններով ու լավատեսությամբ ոգելից զրույցի ընթացքում, երբ ես պարզապես վայելում էի նրա թավիշ ձայնով պարուրված հայեցի հարուստ խոսքը:

Գրքերի մասին խոսելիս նա մի առանձին խորհրդավորությամբ ասաց, որ գրքերը հեղինակելիս՝ մշտապես զգացել է Կարեն Դեմիրճյանի իրական ներկայությունը… Թերևս այդ նուրբ ու խորունկ զգացողությունն էլ ուժ է տվել նրան կատարելու նման հսկայածավալ աշխատանք:

Այսօր սիրելի Ռիմա Դեմիրճյանը վերջին հրաժեշտն է տալիս իր սիրավոր, իր վիրավոր Հայրենիքին… Համոզված եմ` նա մեզ կասեր.

-Մի հուսահատվեք: Պայքարեք կառուցելու այնպիսի Հայաստան, ինչպիսին երազում էր տեսնել Կարեն Դեմիրճյանը…

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031