Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանամուտ՝ Ամանորին ընդառաջ

Դեկտեմբեր 25,2021 15:12

Արցախից տեղահանված Ավանեսյանների ընտանիքը բնակարանամուտ է նշել Արարատի մարզում: Պատերազմի ու փորձությունների միջով անցած Ավանեսյանների համար խորհրդանշական է դարձել հատկապես Ամանորին ընդառաջ՝ տանտիրոջ կարգավիճակով ցանկալի հյուրեր ընդունելը: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության հերթական արդյունքը հաշվետվություն է կազմակերպությունների, և կարևոր աջակցություն՝ ընտանիքների համար: Ծանր հիշողություններից ազատվել ձգտող Ավանեսյանները հույսի ու նոր երազանքների հանգրվան են գտել Հայանիստ գյուղում:

Թեև իրենց բաժին հասած կյանքը հեշտերից չի եղել, սակայն երիտասարդ տանտերը՝ Արթուրն անընդունելի է համարում կամքի թուլությունը: Նա հիշում է, որ 1995 թվականին, ինքն ընդամենը յոթ տարեկան է եղել, երբ իր ծնողները տեղափոխվել են Արցախ՝          ապրելու: Այնտեղ հասակ է առել, տուն-տեղ, ընտանիք  ստեղծել: Արթուրի ընտանիքը պատերազմի պատճառով կորցրել է ամեն ինչ ու վերադարձել: Երիտասարդ ընտանիքի ողջ կարողությունը բավարարել է միայն կիսակառույց շինություն ձեռք բերելուն, որի շինարարությունն ավարտելու համար էլ գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» օգնության ձեռք են մեկնել:

«Անասելի դժվար է կորուստը: Սակայն հիասթափվելու և հուսահատվելու իրավունք չունենք: Մեր երեխաները մեզ կոտրված պիտի չտեսնեն: Մենք հավանաբար, ինչ-որ անբացատրելի կամք և ուժ ունենք. կրկին արարելու, ստեղծելու ու նոր արմատներն ավելի խորը ձգելու համառություն: Հատկապես, երբ դժվար պահին քեզ օգնության ձեռք են մեկնում, հասկանում ես, որ մենակ չես, ու ամեն բան դեռ առջևում է: Շնորհակալ եմ, այդ զգացողությունը մեզ պարգևելու համար», -ասել է Արթուրը:

«Վերջին տարիների իրադարձությունները՝ COVID-ը, պատերազմը, մեզ ստիպեցին լինել ավելի ճկուն և պատրաստ լինել այնպիսի լուծումների, որոնք հատուկ են ճգնաժամային իրավիճակներին: Մենք մեր գործընկերների հետ, ընթացիկ տարում հնարավորինս աջակցեցինք նաև պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնաց մեր ուշադրության կենտրոնում: Փոխվեցին աշխատանքի մեթոդները, սակայն սկզբունքը նույնը մնաց. բոլոր մարզերում շինարարական աշխատանքները շարունակվեցին: Ուզում եմ հավատալ, բոլոր ընտանիքներն այս ընթացքում հավատ են ձեռք բերել և ամրացվող ամեն քարի ու կատարվող աշխատանքի հետ, ամրացրել են նաև իրենց հույսը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծանր ժամանակներ բաժին ընկան բոլորիս ու հատկապես այս ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց կյանքի ընթացքում ստեղծածը: Ամենաքիչը, որը կարող ենք անել այս ընտանիքների համար՝ դժվար պահին նրանց կողքին լինելն է, գործով սատարելը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրով, միայն Արարատի մարզում, այս տարի աջակցություն է ստացել Արցախից տեղահանված հինգ ընտանիք: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարների շրջայցերն այս մարզում դեռ շարունակվելու են: Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն ՀՀ դրամի  ներդրում, ինչի արդյունքում, 2021 թվականին աջակցություն է ստացել  87 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

***

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031