Հարցազրույց գործարար, տնտեսագետ Սմբատ Նասիբյանի հետ
– Հայաստանն այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակման ակտիվ գործընթացի մեջ է, որի հիմքում դնում են այն թեզը, որ ճանապարհները կբացվեն, հարեւան երկրների հետ առեւտրաշրջանառություն տեղի կունենա, եւ մեր տնտեսությունը կզարգանա։ Դուք այս ամենը ռեա՞լ եք գնահատում, իսկապե՞ս ապաշրջափակումից մեր տնտեսությունը կշահի եւ ի՞նչ կշահի։
– Շատ բարդ հարց է, ընդհանրապես, մինչեւ հիմա էլ մենք առեւտուր անում էինք Թուրքիայի հետ, որոշակի ծավալներ կային, իսկ այս կոմունիկացիաների բացումը, ես կարծում եմ, առանձնապես մեծ օգուտ չի բերելու, եւ մենք ավելի լավ չենք ապրելու։ Մենք ունենք բավականին մեծ մակրոտնտեսական անհամամասնություններ, որոնք քանի գնում՝ կուտակվում են, եւ ճանապարհների բացումը զուտ տնտեսական առումով որեւէ առարկայական ազդեցություն, իմ կարծիքով, չի ունենալու։ Դա, իհարկե, իմ մասնավոր կարծիքն է։ Եթե ինչ-որ մեկը 3 կամ 5 տարի առաջ ինձ ասեր, որ կարող է պատերազմ լինի, եւ մենք պարտվենք, ու պարտությունից հետո Հայաստանում տնտեսական բում լինի, ես, իհարկե, կհամարեի, որ նա խելագար է։ Բայց այսօր Հայաստանում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք որեւէ տրամաբանությամբ բացատրելն անհնար է։
– Այսինքն՝ մենք մի կողմից պատերազմական իրավիճակում ենք դեռ, ընդ որում՝ պարտվածի կարգավիճակում, մյուս կողմից՝ փորձում ենք հարաբերություններ կառուցել ու տնտեսություն զարգացնել այն մարդկանց հետ, որոնք կոտորել են մեզ։ Դուք սա՞ եք համարում անտրամաբանական, արդյո՞ք խաղաղության դարաշրջանի բացումն այս գինը պետք է ունենա։
Կարդացեք նաև
– Ես ի սկզբանե կողմնակից էի, որ մենք լավ հարաբերություններ ունենանք մեր հարեւանների հետ, բայց ո՛չ պարտվածի դիրքերից։ Դա անխուսափելի էր, որովհետեւ մենք չունենք ազգային ծրագիր, չունենք կոնցեպցիա, չգիտենք, թե ուր ենք գնում, ինչով ենք տարբերվում մեր հարեւաններից, եւ որն է մեր ինքնությունը։ Եվ մենք, չունենալով դա, ապրում ենք այս ռեգիոնում, եւ լավ կլիներ, որ ի սկզբանե արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո լինեինք ավելի բարեկիրթ եւ ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեինք ու կարողանայինք այն ժամանակ հարաբերություններ ձեւավորել մեր հարեւանների հետ։ Եվ կարծում եմ՝ այդ սահմանն անցել ենք արդեն, որ մենք կարող ենք ինչ-որ բան որոշել, եւ իմ տպավորությունն այն է, որ մենք չենք էլ կարող այլեւս դրա դեմն առնել։
– Ադրբեջանն արդեն մեր ճանապարհների հաշվին փող է աշխատում՝ լցնելով իր բյուջեն, մասնավորապես Գորիս-Կապան մայրուղու վրա մաքսակետ է տեղադրել եւ իրանական բեռնատարներից գումար է գանձում, իսկ մենք որեւէ բան չենք շահել այս ամենից։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը մեզնից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում՝ առանց մաքսակետի ազատ տարանցիկ ճանապարհ, որ որեւէ հարկի չմուծի, եթե մենք դա էլ տանք, ինչ-որ օգուտ կունենա՞նք, արդյոք կկարողանա՞նք Ադրբեջանով բեռ տեղափոխել Ռուսաստան կամ դուրս գալ այլ երկրներ։
– Չեմ կարող ասել՝ դա մեզ թույլ կտան, թե չէ, բայց հռոմեացիները դեռ 2500 տարի առաջ ասել էին՝ Vae Victis, այսինքն՝ «վայ պարտվողին»։ Հիմա մենք պարտվել ենք եւ ի՞նչ ենք ուզում։ Կներեք, երբ Գերմանիան պարտվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմում, եւ ինքն այն ժամանակ ասեր՝ կներեք, մենք ցավ ենք ապրում, որ մեր Քյոնիգսբերգը (1946 թ․-ից՝ Կալինինգրադը) տվեցինք ռուսներին, եւ Պրուսիայի տարածքների որոշակի մասը վերցրին լեհերը, իսկ մի մասն ամբողջովին անցավ չեխերին, եւ 3 միլիոն գերմանացու ճամպրուկները տվեցին ձեռքները եւ ասացին՝ դուրս եկեք մեր երկրից։ Հիմա պարտվել ենք, պետք է համակերպվենք ինչ-որ բանի հետ եւ գնանք առաջ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում