Մեկ ամիս առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե Հայաստանը չընդունի խաղաղության առաջարկը եւ Բաքվի առաջարկած տարբերակով չբացի տարածաշրջանի հաղորդակցության ուղիները, ապա կարող է նոր կորուստներ ունենալ: Որքան էլ տարօրինակ թվա, Թուրքիայի ԱԳ նախարարի այդ հայտարարության ֆոնին պաշտպանության նախարարի հայտարարությունն առավել քան դիվանագիտական լեզվով եւ կանոններով է ձեւակերպված: Թուրքիայի պաշտպանության նախարարը, սակայն, խոսում է ինչ-որ թուլության մասին:
Եթե Աքարը նկատի ունի Հայաստանի թույլ լինելը, ապա դա առավել քան սուբյեկտիվ գնահատական է: 160 հազար բնակիչ ունեցող Արցախի Հանրապետությունը 3 մլն բնակչությամբ Հայաստանի աջակցությամբ պատերազմել է Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի՝ գումարային 150 միլիոնը գերազանցող բնակչությամբ եւ մեծ ծավալի սպառազինությամբ երկրների բանակների, զինվորական մասնագետների ու ջիհադիստ գրոհայինների դեմ եւ արժանապատիվ մարտ վարել: Համենայնդեպս, հայ զինվորը պարտություն չի տեսել, դժվար է նրան համոզել, որ պատերազմում պարտվել է: Հայ զինվորն իր այդ համոզմունքը կարող է հաստատել առաջիկայում՝ անգամ իր համար նվազագույն դրական պայմաններ ապահովելու պայմաններում, եւ դա թյուրքական կողմը լավ գիտի ու մշտական վախի մեջ է: Այդ պատճառով էլ պահանջում է, որ շուտափույթ ճանաչվի փոխադարձ տարածքային ամբողջականությունը, տարբեր ձեւաչափերով փորձում է ստիպել մեզ իր սահմաններից հետ քաշել հայկական զորքերը:
Աքարի հայտարարության երկրորդ հատկանշական կողմի մասին խոսելիս նշենք, որ այն աչքի չի ընկնում նրբանկատությամբ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, իր տարածքում է ռուսական 102-րդ ռազմաբազան, եւ եթե պատերազմում հայկական կողմը զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորոուստների պատճառով վերականգնման կարիք ունի, ապա մյուս կողմից էլ՝ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ ռազմաքաղաքական միավորի ազդեցության ներքո է, եւ նման արտահայտություններն ուղղված են առաջին հերթին ՀԱՊԿ-ին եւ նրա ղեկավար ՌԴ-ին: Վերջինիս ռազմական հզորությունը, ի դեպ, չի թերագնահատում առաջին հերթին ՆԱՏՕ-ն, որի կազմում է եւ նրա սպառազինությունն է հիմնականում կրում Թուրքիան:
Հետեւաբար, այս պայմաններում թուլության մասին խոսելն առնվազն տարակուսանք կարող է առաջացնել տարածաշրջանի անցուդարձին եւ ժողովուրդներին ծանոթ ցանկացած անհատի մոտ: Թյուրքական կողմը համառորեն չի հասկանում, որ հարաբերություններ հաստատելը չի կարող պարտադրանքի լեզվով լինել, այն արդյունք կտա հավասարը հավասարի հետ բանակցությունների ձեւաչափում, իսկ վերջիններս փորձում են հանդես գալ պատերազմում իրենց պատկերացմամբ հաղթածի դիրքերից:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում