Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիմ Բալայան․ «Որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ թուրքական կողմն իր նախապայմաններն առաջ չի քաշի»․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 25,2021 10:53

Հայաստանի ընդդիմադիր շրջանակներում սին հույսեր են փայփայում, որ Թուրքիայի հետ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը Սահմանադրական դատարանում  հակասահմանադրական կճանաչվի։ Հիշեցնենք, որ միջազգային պայմանագրերը կառավարությունում քննարկվելուց հետո նախ ներկայացվում են Բարձր դատարանին եւ միայն դրական եզրակացություն ստանալու պարագայում են ուղարկվում խորհրդարանի վավերացմանը։

Խնդիրն այն չէ, որ ընդդիմադիրներն անվերապահ վստահում են Փաշինյանի կողմից հեղափոխությունից հետո վերաձեւված Բարձր դատարանին, այլ այն, որ Թուրքիայի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու նախապայմանը, անթաքույց հակասում են ՀՀ Սահմանադրությանը, եւ ՍԴ դատավորները գոնե այս մասով այլընտրանք չեն ունենալու։

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը վստահ է, որ Թուրքիան առանց նախապայմանների նման պայմանագիր չի ստորագրի։ «Որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ թուրքական կողմն իր նախապայմաններն առաջ չի քաշի, հապա ինչո՞ւ է ամեն օր դրանցից խոսում»,- ասում է նա։
Բալայանին այլ բան է մտահոգում. «Դուք վստա՞հ եք, որ Սահմանադրական դատարան են դիմելու։ Ո՞վ ասաց, որ այդ մարդը պետք է ՍԴ դիմի, որ մի հատ էլ որոշեն՝ սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ։ Հայաստանում այսօր Սահմանադրությունը չի գործում, կգործեր այն ժամանակ, երբ կարեւոր հարցերով դիմեին Սահմանադրական դատարան»։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն էլ, բանախոսի խոսքով, պետք է ՍԴ-ով անցներ, բայց չանցավ․ «Թուրքիայում, Ադրբեջանում այդպես եղավ, իսկ Հայաստանում՝ ոչ։ Թուրքիայում զորքը մտցնելու մասով դիմեցին, իսկ Ադրբեջանում՝ բուն հայտարարությունը, մինչդեռ Հայաստանում անօրինական ձեւով շրջանցում են նման կարեւոր փաստաթղթերը եւ իրենք իրենց ուզած ձեւով են լուծում, ինչպես արեցին նոյեմբերի 9-ին, այն դեպքում, երբ դա էլ պարտադիր պետք է ՍԴ ուղարկվեր»։

Կիմ Բալայանի պնդմամբ՝ Հայաստանում ազգայնական ուժերի իշխանության գալուց հետո այդ փաստաթղթերը վերանայելու, անգամ չեղարկելու հնարավորություն կառաջանա․ «Իհարկե, փոքր-ինչ դժվարություններ առաջ կգան, որովհետեւ դա միայն իրավական փաստաթուղթ չէ, այլ՝ իրավաքաղաքական, այս առումով միայն տարածքների զիջումն արդեն իսկ հակասահմանադրական է, որովհետեւ տարածք կարելի է զիջել միայն հանրաքվեի միջոցով։ Այսօր ՀՀ սահմանները պաշտպանվո՞ւմ են՝ իհարկե՝ ոչ, ՀՀ տարածք են ներխուժել, եւ որեւիցե գործողություն մերոնք չեն կատարում, սա ծայրից ծայր հակասահմանադրական իրավիճակ է»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031