Հարցազրույց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հռիփսիմե Ստամբուլ յանի հետ
– Տիկին Ստամբուլյան, ավարտվում է 2021 թվականը: Չնայած սահմաններին անընդհատ սրվող իրավիճակին, իշխանությունը ողջ տարվա ընթացքում չդադարեց պնդել «խաղաղության դարաշրջանի» մասին: Այսօր էլ ականատեսն ենք տարաբնույթ հայտարարությունների, հարաբերությունների կարգավորման փորձերի, որոնց մասին շատ ակտիվ բարձրաձայնում են նաև ադրբեջանական և թուրքական աղբյուրները: Ինչպե՞ս կգնահատեք անվտանգային միջավայրն այսօր: Այն իրավիճակը, որում գտնվում ենք, իսկապե՞ս խաղաղություն հիշեցնող է:
– Դժվար է ու նաև ցանկություն չկա մեկնաբանելու մի իշխանության պատկերացումներն ու հայտարարությունները, որը չունի հայանպաստ կեցվածք, չի պաշտպանում Հայաստանի պետական շահը, չի մասնակցում հայանպաստ որևէ գործողության: Դրա վառ վկայությունը՝ ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի կողմից պարբերաբար իրականացվող նախաձեռնությունների տապալումն է իշխող մեծամասնության կողմից: Այստեղ առկա է մի պարզ հարց՝ «խաղաղության դարաշրջան» ո՞ւմ համար: Նոյեմբերի 9-10-ի կապիտուլիացիոն հայտարարությունից հետո Ադրբեջանը ոչ միայն չի կատարել առկա պարտավորությունները, այլև ողջ տարվա ընթացքում շարունակել է հայատյաց քաղաքականությունը: Նրանք ոչ միայն չեն վերադարձրել գերիներին, այլև շարունակել են ՀՀ և Արցախի քաղաքացիներ գերեվարել, խոշտանգել, Հայաստանի ճանապարհներին վախի տարածման ու սպառնալիքների տեսքով ճնշումներ իրականացնել:
Ավելին, թշնամի երկրի կողմից ամենաբարձ մակարդակով սպառնալիքները մինչ այսօր են շարունակվում: Այս ամենը վկայում է մի պարզ հանգամանքի մասին՝ նման միջավայրում չկա ու չի կարող լինել խաղաղություն հայի համար: «Խաղաղության դարաշրջան» ասելով՝ այս իշխանության ներկայացուցիչները, հավանաբար, նկատի ունեն խաղաղություն անձամբ իրենց համար, քանի որ, իրենցից բացի, դժվար է գտնել Հայաստանում կամ Արցախում հայի, ով թշնամու կողմից տեսնում է դրական մեսիջ խաղաղություն հաստատելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման այսօրվա, այսպես կոչված, գործընթացին, ապա սա էլ իր հետ բերել և բերելու է լուրջ ու խորքային մարտահրավերների մի ամբողջ փունջ, ինչն էլ, կարծում եմ, առանձին անդրադարձի թեմա է: Հայաստանն այսօր չունի անվտանգային միջավայր: Մենք գտնվում ենք շարունակվող պարտության մեջ, որը պարբերաբար դրսևորվում է հանձնվող «դժբախտ ու դժգույն» բնակավայրերով, հանձնվող ճանապարհային հատվածներով, հանձնվող ռազմական և դիվանագիտական դիրքերով, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն օր:
Կարդացեք նաև
– Ինչպե՞ս կգնահատեք սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում: Այս պայմաններում հնարավո՞ր է հասնել այն ցուցանիշներին, որոնք նախանշված են 2022 թ. պետական բյուջեով:
– Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել անկումային վիճակում: Եվ դրա մասին վկայում են անգամ Վիճակագրական կոմիտեի օպերատիվ հրապարակումները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին երեք ամիսներին նվազում է: Վերջերս նկատեցինք դրամի որոշակի արժեզրկում, ինչը ևս վկայում է տնտեսության անկայուն վիճակի մասին: Մարդկանց եկամուտները, բացառությամբ որոշ նվազագույն շեմերի, չի բարձրացել վերջին տարվա ընթացքում: Ավելին, դրանք նվազել են՝ հաշվի առնելով գնաճի մակարդակը: Բիզնեսը գտնվում է բավական մեծ անորոշության մեջ, և առաջին հերթին՝ պայմանավորված անվտանգային միջավայրով: Այս պարագայում, բնական է, որ սպասելիքները մեծ չեն կարող լինել: Ի՞նչ է նախատեսում 2022 թվականի պետբյուջեն. եկամուտների ավելացում, ծախսերի կրճատում:
Այս իրավիճակում առաջանում է պարզ հարց, թե ինչի՞ հիման վրա պիտի հարկային կամ այլ եկամուտներն ավելանան բյուջեում, երբ տնտեսությունն աշխուժացնելու համար կարևոր կապիտալ ծախսերը թերակատարված են այս տարի և չկա երաշխիք, որ չեն թերակատարվի նաև հաջորդիվ: 2022 թ. բյուջեով նախատեսել են 7 տոկոս տնտեսական աճ: Պարզապես հիշեցնեմ, որ այս տարվա համար նույն կանխատեսողները խոսում էին երկնիշ աճի մասին: Հետևաբար, որքանով իրականացան այս տարվա կանխատեսումները, կարծում եմ, մոտավորապես նույնքանով էլ դա կվերաբերի գալիք տարվան:
Արմեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում