Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանն այս պահին ոչ թե գրավիչ չէ, այլ ներդրողներն ուղղակի կփախչեն այստեղից. «Փաստ»

Դեկտեմբեր 25,2021 10:10

«Փաստն» Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում ամփոփել է անցնող տարում արձանագրված տնտեսական միտումներն ու դիտարկել նաև 2022-ին սպասվելիք հնարավոր կանխատեսումները: Ճգնաժամային 2020-ից հետո որքանո՞վ վերականգնվեց տնտեսությունը:

Ն. Սարգսյանը նախ նշում է. «Տնտեսությունն այս պահին գտնվում է վերականգնման փուլում, բայց վերականգնման տեմպը շատ դանդաղ է: Հաշվի առնելով այդ տեմպն ու այն, որ դեռևս չենք հասել 2019-ի ցուցանիշին, կարող ենք ասել, որ ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ, իսկ այդ վերականգնումն աճ չի ենթադրում: Ի դեպ, սա չի նշանակում նաև, որ մենք այլևս ճգնաժամի մեջ չենք:Եթե կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարը, ինչպես նաև պատերազմի արհավիրքը պատճառ հանդիսացան, որ 2020-ին շատ վատ տնտեսական տարի ունենանք, ապա այդ ամենից 2021-ին պետք է դասեր քաղեինք: Պետք է ամեն ինչ անեինք տնտեսությունը վերականգնելու համար, սակայն ոչինչ չի արվել: Տնտեսությունը վերականգնվում է զուտ այն բանի հաշվին, որ, ի տարբերություն 2020-ի լոքդաունի ժամանակահատվածի, մարդիկ սկսել են ծախսել: Այսինքն, եթե անգամ որևէ բան չլիներ, ամեն դեպքում, այդ վերականգնումը պետք է տեղի ունենար»:

Նաիրի Սարգսյանը շեշտեց, որ 2021-ի սկզբից վերականգնման այդ տեմպը դանդաղել է, նույն տեմպն արձանագրվել է նաև վերջին ամիսներին. «2021-ին, մեղմ ասած, վատ ցուցանիշներ ունենք: Առհասարակ, մակրոտնտեսական ցուցանիշները շատ դեպքերում նույնիսկ կարող են բարելավված լինել, բայց իրականում դրանից երկրի կյանքը չփոխվի: Այս առումով շատ կարևոր ցուցանիշ է աղքատության մակարդակը, գները, որոնք անընդհատ աճում են ու շարունակելու են աճել: Ու այս տեսանկյունից տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող ենք ստորադասել, որովհետև շատ դեպքերում այն կարող է վերականգնվել շատ ավելի վնասակար ծառայությունների հաշվին: Օրինակ՝ խաղային բիզնեսի, հանքարդյունաբերության արտահանման ծավալների աճի հաշվին: Այսինքն, շատ դեպքերում, հաշվի առնելով հաշվարկի մեխանիզմը, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները կեղծ են: Դիտարկենք շուրջ 4 տոկոս ՏԱՑ-ը ու տեսնենք, թե որ ոլորտներն են աճի պատճառ հանդիսացել: Ըստ Վիճակագրական կոմիտեի, աճի պատճառը ծառայությունների ու առևտրի ոլորտներն են, ինչը չենք կարող ասել արդյունաբերության մասին, գյուղատնտեսության ոլորտում ևս անկում ունենք: Մինչդեռ առևտրով տնտեսություն չեն չափում: Մենք գործ ունենք մի վիճակի հետ, երբ տնտեսական ակտիվության ցուցանիշն ուղղակի ազդեցություն է ունեցել բնակչությանն ավելի աղքատացնելու վրա»:

Դիտարկելով 2021-ի ընթացքում իշխանության հայտարարությունները՝ կապված երկնիշ տնտեսական աճի, «ներդրումային բում» ունենալու պնդումների ու կանխատեսումների հետ՝ մեր զրուցակիցը նշեց. «Հիմա ակնհայտ է, որ մենք ոչ միայն չենք հասնի երկնիշ տնտեսական աճի, այլև դրանից կրկնակի անգամ ավելի ցածր մակարդակում ենք: Հայաստանի տնտեսությունը կարող է աճել ու Հայաստանի բնակիչը կարող է լավ ապրել, դրա հնարավորությունն, այո, կա: Բայց զուգահեռ թե՛ կառավարության, թե՛ նաև տնտեսական բլոկի ներկայացուցիչների քայլերը որևէ կերպ ապագա տնտեսական աճի համար պոտենցիալ չեն ստեղծում: Նրանք հեռու են տնտեսությունից, տնտեսության կառավարումից, տնտեսագիտությունից: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա կա ներդրումների չափ, որն անկախ կառավարության կամքից միշտ տեղի է ունենում:

Ցանկացած բիզնեսմեն յուրաքանչյուր հաջորդ տարվա համար որոշակի աճ է պլանավորում է ամեն ինչ անում է այդ աճին հասնելու համար, բայց կառավարությունն այս առումով բացարձակ ջանք չի ներդնում, և որևէ աղերս չունի այդ ամենի հետ: Խոսքը, օրինակ՝ գործարանի կամ որևէ բիզնեսի շենքային պայմանների բարելավման, նաև սարքավորումների վերազինմանն ուղղված ներդրումների մասին է: Նման փոքր ներդրումներ, այո, կան, բայց դրանք շատ փոքր թիվ են կազմում: Ինչ վերաբերում է Հայաստանը որպես ներդրումային գրավիչ երկիր դիտարկելուն ու «հորդացող» ներդրումներին, ապա դրանք գոյություն չունեն և ապագայում ևս չեն կարող գոյություն ունենալ: Ինչո՞ւ, որովհետև ներդրողները բոլորից լավ են հետևում կառավարությունների վարքագծին, ներդրումային միջավայրին: Հայաստանն այս պահին ոչ թե գրավիչ չէ, այլ ներդրողներն ուղղակի կփախչեն այստեղից: Տարեսկզբին ներդրումների բումի մասին հայտարարեցին, իսկ արդեն տարեվերջին կարող ենք արձանագրել, որ ստել են: Մեծ հաշվով՝ տարեսկզբից ինչ հայտարարել են, խաբել են. ներդրումները չհորդեցին, տնտեսական աճ չունենք, իսկ վերականգնման որոշակի տեմպը բնակչությանն ավելի աղքատացնող աճ է ենթադրում»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031