«Հայկական կողմը երբեք Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման չի դիտարկել»,-առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հայ-թուրքական հարաբերությունների թեմայով հնչած հարցերին, որոնք միավորված էին ներկայացվում Նիկոլ Փաշինյանին:
Նա շեշտեց՝ ՀՀ բոլոր իշխանություններն՝ առանց բացառության ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն՝ առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իրենց իշխանությունը, կառավարությունն այդտեղ կրկնել է այն նախադասությունը, որը ձևավորվել է իննսունականների սկզբից, որ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների:
Խոսելով Ռուբեն Ռուբինյանի՝ ՀՀ- Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի դերակատարությունը ստանձնելու մասին՝ ասաց, որ էական է, որ բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ, իսկ Ռուբեն Ռուբինյանի կրթությունն ու փորձառությունը իրեն այդ հնարավորությունը տալիս են:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ