Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք այստեղ ապրում

Դեկտեմբեր 25,2021 10:00

Համացանցում շրջանառվում է մի նկար, որտեղ պատկերված է Մայր հայրենիքի հայտնի արձանը՝ խոնարհված, սուրը գետնին դրած տեսքով, եւ մի երիտասարդ, որը բռնել է արտագաղթի ճանապարհը եւ ասում է՝ «Կլավանաս՝ կգամ»:

Չգիտեմ, թե ինչ է այդ նկարի տեղադրումը նշանակում՝ արտագաղթի գովա՞զդ, թե՞ հակագովազդ, եւ, ի դեպ, մենք ապրում ենք այնպիսի մի դարաշրջանում, երբ մեկը մյուսից շատ դժվար է տարբերել:

Բայց բոլոր դեպքերում այդ նկարի տարածումն ինձ ցավ է պատճառում՝ դրա մեջ, բացի դառնությունից, քննադատությունից, դժգոհությունից, կա որոշակի ցինիզմ: Դա ինձ հիշեցնում է պատերազմից անմիջապես հետո Շուշիում Վազգեն Սարգսյանի պղծված արձանի նկարի տարածումը, որի նպատակը պարզ էր՝ ասել ներկա (կամ գուցե՝ նախկին) իշխանությանը՝ «տեսա՞ք, ինչ արեցիք»:

Այժմ էլ, հավանաբար, նման շարժառիթ կա: Եվ ինչպես այն դեպքում, այժմ էլ ուզում եմ խնդրել ընկերներիս՝ «արտագաղթի» այս նկարն իրենց էջերում չդնել: Խոսքն, ի վերջո, մոր մասին է, եւ եթե մեկը հիվանդ մորն ասի՝ «ես գնամ, մամ ջան, բայց երբ (եթե) դու առողջանաս, անպայման կվերադառնամ», դա մեզ չափազանց արտառոց կթվա:

Արտագաղթածների դեպքում, այո, ես բազմիցս լսել եւ կարդացել եմ՝ «Ես այստեղ ժամանակավոր եմ: Տեսնեմ, ոնց են Հայաստանում գործերը դասավորվելու, եւ եթե լավ լինի, կարող է՝ գամ»: Ավելին՝ մինչեւ 2018 թվականը ես ավելի «վճռական» հայտարարություններ եմ լսել. «Հենց որ Սերժին քշեն, տուտ ժե կգամ տուն»: Բայց «Սերժին քշելուց» հետո ոչ միայն չեն եկել, այլեւս արտագաղթը շարունակվեց առնվազն նույն տեմպերով: Եվ կասկածում եմ, որ դրա պատճառը միայն պատերազմում պարտությունն է:

Բնականաբար, չեմ պատրաստվում ստանձնել ոչ մեկի դատավորի դերը՝ ամեն մարդ ունի իր կյանքը դասավորելու իրավունք, եւ արտագաղթելու պատճառներն էլ կարող են շատ տարբեր լինել: Խոսքն այստեղ պատրանքների մասին է, որոնք ունեն Հայաստանում մնացածներս եւ գնացածները՝ իբր ամբողջ խնդիրը Սերժի կամ Նիկոլի մեջ է, եւ այն սխալ «պայմանի» մեջ, որը մարդիկ դնում են իրենց առջեւ՝ «Այ, երբ Հայաստանում իշխանության գան հայրենասեր եւ պարկեշտ մարդիկ…»:

«Նա, ով գիտի, թե ինչի համար է ապրում, կարող է դիմանալ ցանկացած «ինչպես»-ի», այսինքն՝ կյանքի ցանկացած հանգամանքի: Ֆրիդրիխ Նիցշեի այդ ասույթը, կարծում եմ, միանգամայն կիրառելի է ոչ միայն անձնական, այլեւ հասարակական կյանքում: Եվ այստեղ մեր առջեւ հառնում է այն հարցը, որը մի քանի անգամ վերջերս տվել եմ. ինչի՞ համար է մեզ՝ հայերիս, պետություն պետք:

Ժողովրդավարություն, շուկայական հարաբերություններ հաստատելո՞ւ: Կարսն ու Արդահանը ազատագրելո՞ւ: «Նախկիններին» պատժելո՞ւ: Այդ հարցին պատասխանելու համար մեր կամ իշխանավորների պարկեշտությունն ու հայրենասիրությունը քիչ է: Բայց այդ հարցի պատասխանից է կախված մարդկանց ընտրությունը՝ ինչի՞ համար ես պետք է ապրեմ Երեւանում եւ ոչ թե, ասենք, Չելյաբինսկում կամ Գլենդեյլում:

Շատ ցանկալի է, որ գոնե այդ հարցը մարդիկ իրենց տան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    Պետական ինստիտուտների կայացում, համակարգված կոռուպցիայի բացառում, մարդու իրավունքների բավարար նորմերի ապահովում – իմ կարծիքով սրանք են որոշիչ դեր խաղում արտագաղթի ցուցանիշներում:

  2. Լավատես says:

    Շատ ճիշտ եւ ամենագլխավոր հարցադրումն է’ միավորվել հանուն ինչի՞, օրինակ, երիտասարդն ու օրիորդը միավորվում են եւ այդ միավորման արդյունքում երեխաներ են ծնվում եւ այդ միավորումը կոչվում է ընտանիք: Երեխաների եւ տատիկ պապիկների անվտանգությունը, երեխաների դաստիարակությունն ու կրթությունը, տատիկ պապիկների առողջ ակտիվ կյանքը երկարացնելը եւ երջանիկ լինելը միայն ընտանիքի ուժերով հնարավոր չէ ապահովել, դրա համար ընտանիքները միավորվում են համայնքների եւ համայնքի ուժերով լուծում յուրաքանչյուր ընտանիքի խնդիրները’ դրանով համայնքները ստեղծում են լավ պայմաններ ընտանիքների բազմացմանը համայնքում, այսինքն’ համայնքները ծնում են ընտանիքներ, համայնքներն էլ միավորվում են եւ ստեղծում պետություն, իսկ առողջ զարգացող պետությունը ծնում է համայնքներ, պետությունները միավորվում են եւ ստեղծում արքայություն, առողջ արքայությունները ծնում են պետություններ: Սրանք բոլորը կենդանի օրգանիզմներ են եւ եթե չեն զարգանում, ուրեմն հետադիմում են, իսկ զարգանալը դա քանակական եւ որակական աճն է’ բազմազավակ ընտանիքը, բազմաընտանիք համայնքը, բազմահամայնք պետությունը, բազմապետություն արքայությունը, բազմաարքայություն մարդկությունը: Բոլոր սուբյեկտների’ ընտանիքի, համայնքի, պետության, արքայության յուրաքանչյուր անդամի համար գրվում են նորմեր եւ այս բոլոր կենտրոնացված կառույցները պետք է օգնեն սուբյեկտին իրագործել այդ նորմերը, այդ նորմերը պետք է ծառայեն բազմացմանը բոլոր սուբյեկտների համար: Այսօրվա պայմաններում, երբ պետական կառույցները կամաց կամաց վարկաբեկվում են եւ փոխարինվում արտաքին կառավարմամբ, առավել կարեւոր է դառնում հակառակ գործընթացը’ բոլոր սուբյեկտների սուբյեկտայնության կտրուկ բարձրացումը իր իրավասությունների շրջանակում:

    • Լավատես says:

      Մի քիչ շատ եմ շատախոսում, պարզապես իրավիճակը սրընթաց է փոփոխվում եւ եթե այն դիմագրավելն արդյունավետ չի, ապա կարելի է այն գլխավորել, գոնե լոկալ մակարդակով, լոկալ ուժերով: Նման իրավիճակը եւ փորձություն է եւ միաժամանակ հնարավորություն, որից խելոքներն օգտվում են եւ իրենց երջանիկ երկարաժամկետ ապագա ապահովում, իսկ ովքեր կառչում են անցյալից, նրանք ապագա չեն ծրագրավորում եւ այլեւս տեղ չունեն ապագայում: Այս իրավիճակը սովորական մարդու համար դժվար լուծելի խնդիր է եւ մեր հայ հոգեբանները եւ այլ մասնագետներ պետք է զանգվածային միջոցներով սովորեցնեն բարդ իրավիճակներից հանգիստ եւ առանց արժեքավոր կորուստների դուրս գալու միջոցներ ցույց տան:
      Իմ ոչմասնագիտական մոտեցումը բարդ իրավիճակներից դուրս գալու վերաբերյալ: Լույսի համար ինչ կրիան ինչ էլեկտրոնը նույն արագությամբ են շարժվում, երկուսն էլ լույսի արագությամբ, նույնն էլ Արարչի համար մենք բոլորս՝ լինենք վերջին ապիկարս թե ամենասուրբ սուրբս բոլորս էլ հավասարաչափ աստված ենք, սա նշանակում է, որ մենք պետք է սովորենք ամեն մանրունք թե ամենակարեւոր բան պետք է գնահատել հավասարապես ամենաամենաբարձր կարեւորությամբ, անհաջողությունների հիմնական պատճառը մանրունքին անարժեք մոտեցումն է: Ի՞նչ է սա տալիս, ինչքան էլ ճիշտն իմանանք, մենք պետք է այն իրագործելու համար շատ վարժվենք, երեխաները դա անում են խաղերի միջոցով, իսկ մեծերս պետք է այդ վարժություններն անենք մանրունքների վրա եւ ամեն առիթ մանրունք օգտագործենք մեր մասնագիտական հմտությունը ավելացնելու վրա: Երկրորդը՝ գործ անելուց պետք է վստահ գործել, նայեք ձեր շրջապատում, ովքեր են հաջողակները՝ ամենավստահ մարդիկ, վստահությունը գործի մեջ սա է իսկական հավատը, որով դու Արարչին վստահում ես:

  3. Aha says:

    Why live in Armenia? To live and to develop as Armenians, meaning to take as a basis the Armenian culture, identity and to build on it, to modernize it, to grow in it, and to derive a sense of satisfaction from succeeding to live a modern life that is coherent with one’s past cultural heritage, a life that does not imply erasing one’s past identity in order to fit in a new society/culture. Not everyone feels this need, and those who just want to live in a stable, developed, democratic, economically advanced country can go to Sweden, New Zealand, or Japan, which have decades of advance on Armenia. If your standard for picking where to live is limited to economic comfort, political stability, and democratic stable institutions, then Armenia is not a good choice. It might be one day (very optimistically in not less than 20 years) but if you need to make a choice immediately, then New Zealand (which also has a generous immigration program) is a much better choice. If you’re not apprehensive of your Armenian identity and issues pertaining to it, then why live in Armenia? Denmark is by far preferable. The deeper question is, why preserve your identity? why should you not become Swedish as fast as possible – Ikea, Volvo, minimalist design, polite people, beautiful, democratic, and stable country with no historically heavy baggage?

    The simple answer is that it is a human instinct to aim to preserve your identity. I live in the West and I see how the Scottish in UK, the Bretons in France, the Catalans in Spain, the Irish with the emphasis on their language, the Quebec francophones in Canada, the smaller European nations, all want to preserve their identity. We are no different.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031