Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդուկ-Ջարդուկը»՝ Ամանորի նվեր մեր երեխաներին

Դեկտեմբեր 25,2021 12:30

«Առավոտը» նախօրեին ներկա էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացման գլխավոր փորձին։ Հիշեցնենք, որ բեմադրող բալետմայստերն է Գեորգի Կովտունը, բեմադրության եւ զգեստների նկարիչը՝ Վյաչեսլավ Օկունեւը, ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը։ Դեկտեմբերի 23-ից կսկսվի «Մարդուկ-Ջարդուկի» հաղթարշավը։ Նման որակումների մեջ մենք չափազանց զգույշ ենք, բայց ասել, թե բեմադրությունը կայացել է, գունեղ է, դեկորներն ու զգեստները՝ աչք շոյող եւ այլն, նշանակում է ոչինչ չասել։


Վերջերս մեզ տված հարցազրույցում Գեորգի Կովտունն ասել էր. «Առաջին անգամ չէ՝ «Շչելկունչիկ» եմ բեմադրում, բայց շատ կուզեի, որ հատկապես հայ երեխաների դեմքերին, այսքանից հետո, ժպիտ երեւա, ինչու ոչ, մեծերի դեպքում՝ նույնպես…»։ Հիմա ավելի քան վստահ կարող ենք ասել՝ հարգարժան բալետմայստեր, դուք ոչ միայն բարձրարվեստ բեմադրություն եք իրականացրել Երեւանում, այլեւ, ոչ ավել-ոչ պակաս՝ տոն պարգեւել մեր երեխաներին։


Գերմանացի գրող Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը եւ մկների թագավորը» հեքիաթի սյուժեով, Չայկովսկու երաժշտությամբ եւ Մարիուս Պետիպայի լիբրետոյով  ներկայացման առաջին պրեմիերայից հետո՝ 1892թ.-ից մինչ օրս այս բալետը իր մշտական տեղն ունի հեղինակավոր թատրոնների խաղացանկում։ Այս ներկայացմանը վիճակված էր Երեւանի 88-ամյա թատրոնի խաղացանկում լինել այս տարվանից։


Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ «Չշելկունչիկը» մեր թատրոնում բեմադրվել է 1985թ., Պերմի օպերային թատրոնի բալետմայստեր Լյուդմիլա Սախորովայի խորեոգրաֆիայով, որը եղել է Երեւանի պարարվեստի քոլեջի լեգենդար տնօրեն (այո, տնօրենն էլ կարող է լինել լեգենդար) Թերեզա Գրիգորյանի նախաձեռնությունը եւ իրականացվել է քոլեջի սաների եւ թատրոնի մենակատարների մասնակցությամբ, սակայն ունեցել է կարճատեւ բեմական կյանք։

Մինչ մեր թատրոնում այս բեմադրության գլխավոր փորձին ներկա գտնվելը «շրջեցինք» համացանցում՝ տեղեկանալու, թե որ թատրոնում ինչպես է բեմադրված այն։ Նկատեցինք, որ այդ բեմադրությունները առանձնանում են բալետի ժանրից եւ, միանշանակ, աչքի ընկնում նորարարական մոտեցումների կիրառմամբ։ Մեր թատրոնում էլ բեմում տոնածառն է, ձյուն է գալիս, երեխաները ձնագնդի են խաղում, մկներն են վազվզում… Հոֆմանի ոգուն հարազատ գրոտեսկային հումորի, տարօրինակությունների եւ ռենկարնացիայի տարրերով բեմադրության պատկերավոր մասը համատեղվում է Չայկովսկու հիանալի երաժշտական դրամայի հետ։ Երեւանյան բեմադրության մեջ զարմանալիորեն բնական կերպով միահյուսվում են թատերականացումն ու խոր հոգեբանական արտահայտությունները։ Ի վերջո, Չայկովսկին իր այս վերջին բալետում դարձյալ դիմում է այն թեմային, որին հանդիպում ենք «Կարապի լիճ» եւ «Քնած գեղեցկուհին» ստեղծագործություններում, այսինքն՝ սիրո հաղթանակը չար ուժերի նկատմամբ։ Տեսեք, իհարկե, չենք պատրաստվում ողջ սյուժեն ներկայացնել, բայց ընդամենը մեկ օրինակ. առաջին գործողության ընթացքում տոնածառի աճի հետ զարգանում է նաեւ երաժշտությունը, որը սկզբում հնչում է կարծես տագնապալից՝ արտահայտելով մկների խառնաշփոթը… Հետո աստիճանաբար խաղաղվում է՝  դառնալով պարզ ու ջինջ մեղեդի։

Երաժշտությունը «մարմնավորում» է հաջորդ տեսարանը՝ թմբուկների զարկերը, զինվորների՝ թեկուզեւ խաղալիք, շարային քայլերթը, մկների զայրույթը, բախումներից սկիզբ առած լարվածությունը եւ, իհարկե՝ Մարդուկ-Ջարդուկի կերպարանափոխությունը… Այստեղ ձյան փաթիլների վալսը մեկինմեկ փոխանցում են ցրտի, լուսնի շողերի խաղի տպավորություն, միաժամանակ հերոսուհու արտահայտիչ զգացմունքները խորհրդավոր աշխարհում։ Բալետի արտիստները, նրանց թվում՝ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սաները եւ մենապարողները բացահայտ փայլեցին երկրորդ գործողության մեջ, որը լի է պարերով՝ շոկոլադի պար, սուրճի պար, թեյի պար՝ արտահայտելով համապատասխանաբար՝ իսպանական, արեւելյան, չինական տարրերով կոմիկական դրվագներ։  Չայկովսկին չէր կարող չընդգրկել նաեւ ռուսական պար. հանդիպում ենք հովվուհիների նրբագեղ պարին։ Կուլմինացիան, իհարկե, ծաղիկների պարն է՝ վալսը… Բայց ինչպես խոստացանք՝ չպատմենք ամբողջ սյուժեն։

Իհարկե, հոդվածը ամբողջական չի լինի առանց նվագախմբին անդրադարձի։ Այն՝ մաեստրո Դուրգարյանի ղեկավարությամբ, կարծես գերազանցեց ինքն իրեն, հարազատ մնալով ստեղծագործությանը, որը, ինչպես վերեւում նշեցինք՝ լի է բոլոր հնարավոր արտահայտչամիջոցներով։

Մենք երբեւէ չենք տեղեկացրել, թե նման մոնումենտալ գործերի համար ինչ գումար է ծախսվում, ով է աջակցում եւ այլն։ Վերջին հաշվով դա հանդիսատեսին չի հետաքրքրում, նրան հարկավոր է բարձրարվեստ բեմադրություն։ Բայց  բացառության կարգով ասենք, որ «Մարդուկ-Ջարդուկին» աջակցել է ԿԳՄՍ նախարարությունը։ Վերջերս նախարարի տեղակալ Արա Խզմալյանը իր հեռուստաելույթներից մեկում նշեց, որ ժամանակին պետությունը կարծես աշխատաոճ էր դարձրել մեծամասամբ աջակցել այն թատրոններին, որոնց պրոդուկտը հեռու էր բարձրարվեստ լինելուց, նպատակ ունենալով այդպիսով խթանել որակի բարձրացումը, բայց այժմ այդպես չեն վարվելու, հակառակը՝ ներդրումը կլինի այնտեղ, որտեղ կա որակյալ պրոդուկտ։ Տեսանելի է թատերաշրջանի սկզբից Կարեն Դուրգարյանի՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար թատրոն վերադառնալու արդյունքը, երբ   մեկը մյուսի հետեւից վերականգնվում են ներկայացումներ, բեմադրվում նորերը։ Հետեւաբար տեսանելի է նաեւ նախարարության վերաբերմունքը։

Հայտնի է փոխնախարար Արա Խզմալյանի բարյացակամ վերաբերմունքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Քանի որ այս հոդվածը «բալետային» է, գուցե պարոն Խզմալյանը միջամտի Ազգային ժողովում բալետի արտիստների՝ ոչ ընդհանուր հիմունքներով թոշակի անցնելու հարցը բարձրացնելու համար, ինչին  «Առավոտը» անդրադառնում է շուրջ քառորդ դար։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031