«Ո՞վ ինչ կաներ, մե՞նք… գիտեք ինչ, հիմա բոլորդ սկսել եք խոսել Նիկոլ Փաշինյանից։ Այդ մասին արդեն խոսել ենք, ժողովրդի մեծ մասը գիտի՝ ովքեր են…»,-«Առավոտ»-ի հետ զրույցում այսպես է արձագանքում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, երբ հնչեցնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս ԱԺ ամբիոնից կատարած հայտարարությունն այն մասին, թե նախկին իշխանությունն այդպես չի ասել՝ ի՞նչ կաներ պատերազմը կանխելու համար, եթե 2020թ.-ի դրությամբ լիներ իշխանություն։
«Հայերենի բացատրական բառարանում այլ բառեր չկան, որ բնութագրենք։ Այսօր Նիկոլ Փաշինյանին, նրա թիմը… դրանք բոլորը մի կողմի վրա դրեք։ Այսօր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, որ երկիրը փրկի։ Նրանք արդեն իրենց խնդիրը լուծել են, իրենց խնդիրն առաջ են տանում։ Ամբողջ երկիրը շրջափակված է Բաքվի կողմից ու Թուրքիայի կողմից… այդ իշխանությունն այսօր կործանել է մեր երկիրը»,-կարծիք հայտնեց Գալուստ Սահակյանը։ Նրա խոսքով. «Հիմա մենք պետք է մեր երկիրը կառուցենք»։
Հնչեցրինք Նիկոլ Փաշինյանի մեկ այլ մեղադրանք, որ Արցախը նախկիններն են հանձնել։ Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Գիտե՞ք ինչ՝ անմիտ մարդիկ այնքան բան կարող են ասել… Արցախի համար զոհվել են մեր բոլորիս լավագույն ընկերները, այդ ամբողջ ժամանակահատվածում առաջադեմ մարդիկ են եղել. չեմ ասում՝ հերոսներ, որովհետեւ այսօրվա հերոսները հերոսներ չեն։ Նրանք ազգային կոչման մարդիկ էին, որոնք կարողացել են Արցախը փրկել եւ Հայաստանը Հայաստան դարձնել։ Այսօր մարդիկ կլինեն, որոնք հիմար-հիմար դուրս կտան։ Ուզում եմ՝ ոչ դուք հավատաք, ոչ էլ ժողովուրդը։ Արցախը Հայաստանի ճակատագիրն է, այնպես որ, մենք պետք է կարողանանք նախեւառաջ Արցախի հարցը լուծել»։
Մեջբրեցինք նաեւ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե նախորդ իշխանությունը չէր թողել Արցախն Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու որեւէ հնարավորություն։ «Բայց ո՞վ է մեղադրողը։ Նա համեմատվում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի հե՞տ»,-հարցադրում հնչեցրեց Գալուստ Սահակյանը։ «Մանր-մունր մարդիկ են, որոնք իրենց գործն անելու համար հիմար-հիմար բաներ են դուրս տալիս, դուք էլ մտածում եք, թե հենց այդպես էլ պետք է լինի՞»,-եզրափակեց նա։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2021