Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյան ազնվական գերդաստանի հողերի գործը

Դեկտեմբեր 25,2021 13:00

Օրերս լույս է տեսել գրականագետ Վանո Եղիազարյանի՝ «Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» գիրքը:

Գիրքը նվիրվել է Հովհաննես Թումանյանին եւ Հրանտ Մաթեւոսյանին: Վանո Եղիազարյանը երկու տասնյակ ուսումնասիրությունների, ինչպես ինքն է ասում՝ «բանասիրական որոնումների», հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ է. Թլկուրանցի, Մխիթար Սնեցի, Սեբեոս, Գրիգոր Ակներցի, Հովհաննես Սարկավագ Իմաստասեր: «Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» ուսումնասիրության նպատակը, ըստ հեղինակի, պատմականորեն քննելն էր բանաստեղծի եղբոր՝ Ռոստոմի գործունեությունն իր միջավայրի, ժամանակի մեջ, պարզել նրա անվան շուրջ աղմուկի կապը բանաստեղծի եւ մեկ դար առաջ մամուլում նրա ունեցած բանավեճերի հետ, բացահայտել ճշմարտությունը Ռոստոմի էության եւ սպանության մասին: Գրքում բազմաթիվ են արխիվային փաստաթղթերը, լուսանկարները:

Ներկայացնում ենք մի հատված այդ գրքից:

1861 թվականի փետրվարի 19-ին Ալեքսանդր Բ-ն Պետերբուրգում  ստորագրեց ճորտատիրական իրավունքի վերացման մասին մանիֆեստն ու «կանոնադրությունները»: Հողային այդ ռեֆորմի սկզբունքները կիրառվեցին նաեւ կայսրության ծայրամասերում: 1864 թ.-ի հոկտեմբերի 13-ին ընդունվեց օրենք Թիֆլիսի նահանգում ճորտատիրության իրավունքի վերացման մասին: 1870 թվականի մայիսի 14-ին Ալեքսանդր Բ-ն հաստատեց հողային ռեֆորմի նոր նախագիծը, որն օրենքի ուժ ստացավ: Ըստ այս կանոնադրության՝ 15 տարին լրացած արական ամեն մի շունչ իրավունք ուներ փրկագնման միջոցով ձեռք բերել մինչեւ 5 դեսյատին հող: Անտառները, արոտավայրերն ու խոտհարքները մնացին կալվածատերերին։ Գյուղացիներին թողնում էին տնատեղերն ու այգիները, որոնք կարող էին ժառանգվել կամ վաճառվել։ 1877 թվականի սեպտեմբերի 5-ի, ապա 1883 թվականի մարտի 15-ի լրացուցիչ հրամանագրերով 1870 թվականի օրենքը տարածվեց նաեւ կալվածատեր այն գյուղացիների վրա, որոնք դուրս էին մնացել ռեֆորմի գործադրության շրջանակներից։ 1861 թ.-ի հրամանով հողը որպես սեփականություն մնացել էր կալվածատերերին։ Գյուղացիներին իրավունք էր տրվում ետ գնելու միայն տնամերձ հողակտորը, իսկ դաշտային հողաբաժնի ետգնումը ամբողջովին կախված էր կալվածատիրոջ կամքից: Մինչդեռ 1883 թվականի օրենքով դաշտային հողերի ետգնումը դարձավ պարտադիր։

Հողային այս ռեֆորմի հետեւանքն այն էր, որ բանաստեղծի պապի՝ Հովհաննես աղայի մահից հետո Թումանյան ազնվական տան ժառանգները կորցրին իրենց պատկանող հողային որոշ տարածքներ, որոնք Հովհաննես աղան ստացել էր որպես պարգեւ մարտական սխրանքների դիմաց: Ահա թե ինչու էր 1884 թ.-ի մարտի 28-ին բանաստեղծի հորեղբայր Մեհրաբ Թումանյանը հողերի հարցով դիմել Լոռու գավառապետին, թե գյուղացիները Դսեղի տանուտերի օգնական Եփրեմ Հովհաննիսյանի եւ գյուղական դատավոր Ղազար Գաբիեւի դրդումով յուրացնելու նպատակով ինքնագլուխ վարում են տասնամյակներով իրենց պատկանող հողերը, բայց դիմումը մնացել էր անհետեւանք:

Հողային այս ռեֆորմն իրականացվում էր գյուղական իշխանությունների միջոցով, երբեմն էլ հրավիրվում էին կայսերական իշխանության այլ ներկայացուցիչներ:

Հողերի խնդիրը երկար ժամանակ դառնում է Թումանյան ազնվական գերդաստանին մտահոգող հիմնախնդիրներից մեկը:

1898 թ.-ին Ռոստոմը Հովհաննեսին նամակ է գրում, որից պարզվում է, որ իրենց հողերի խնդիրը կապված է համագյուղացիներ Քոչնանց Արութնի ու Վաննանց Սոսնի հետ. «Այդ էլ այնքան դժուար չէ. մի ակենտ եկաւ, ես տկար էի, Սմբատին էլ Իգահատ էի ուղարկել Աւետիկ աղի մօտ մի խաբար բերելու, թէ ինչ խօսանք: Նա ուշացաւ: Գրիշկեն ասել է, թէ ես գիւղի տիրացու էի` այդ պատճառաւ էլ գիւղացիք մի քանի կտոր հող են տուել, վարում եմ, օֆչիստի հող է, տունս էլ օֆչիստի հողի վերայ է: Երուանդն էլ ասել էր, որ սպորնի հողն իմն է, թէ տէրութիւնը կըտայ այսուհետեւ էլ խառջով կու վարիմ. ակենտն ընդունել էր: Գրիշկեն դեռ այդ էլ է ասել, որ մեր հողն էլ է օֆչիստինը: Այդ պատճառաւ գիւղացիք իհարկէ Քոչնանց Արութնի ու Վաննանց Սօսնի պլանի վարեցին մեր եւ Ստեփանի հողերն: Մեր առուակի մեծ հողն տուէլ էին 12 տան, ոչ ոք չգնաց, գնացողն եղաւ Գոգնանց Սաքին, Մատոն եւ Ղուլնանց Եգորն, դդի փէինած մեծ հողն տուել են ինը մարդու, բայց միայն վարում են Ալեքն ու Կռոանց Ուհանը, իսկ Սմբատի հողերն էլ նմանապէս վարեցին, բայց Գրիշկի հողերն մնում են:

Բայց քեօխվեն, Գաբոյանց Արութիւնը եւ Ալէքն ջրից հետ են տալիս մեր տաւարն, չեն թողնում ջուր խմելու եւ մեզ էլ ջուր վերցնելու աղբիւրներից: Բացի այդ ստիպում են, թէ դուրս արա ապրանքներդ այստեղից, բոլորս տկարացած չենք կարողանում ոտքի կանգնել, ոչխարն չափից դուրս զաբուն մնում են այս ձմեռուայ մէջն, ես որտեղ գնամ, որ ապրեմ, թէ ինչքան է տեղս դժուար, մի խօսք որ հոգիս ձեռիս լինի, բաց կթողնեմ, եթէ մի կես րոպե կանգնում եմ, իսկոյն վեր եմ ընկնում, չեմ կարում կանգնել»:

Նույն նամակում Ռոստոմը շարունակում է. «Ասեցիր, թէ ատվակատն յոյս է տալիս, թէ կրկին պալագին բողոքելու իրաւունք ունիք, այդ էլ չարիր, թէ մի հնար կայ, բոլոր կարողութիւններս (անընթ.) ու մի բան արա, զարմանալու մարդ ես»:

Այս նամակից մի քանի օր անց Ռոստոմը կրկին գրում է Հովհաննեսին. «Նամակդ Ամրխանի ձեռամբն ուղարկեցի Սօսնին, չը գիտեմ, թէ ինչ կլինի: Այլ եւս հոգս չի կայ ապրանքս տեղավորեցի, ցորենը եթէ ֆորն բաց անեմ, իսկոյն բոլորն կծախեմ թաղարն 12 մանեթ, լսում եմ, որ ազնուականներն Մարցա գյուղից ծախում են, դորա համար եմ պահում, որ մի անգամից ծախեմ: Քրիստոնեական պատմութիւնը երկու օրուայ բան է, արդեն գիրքն ուսած սովորում եմ, շուտով կու գամ, դու ուշադրութիւն դարձրու, առաջուայ նման չը ուշացնես: Գրիշկի բախչեն ցանած է եղել, զաբոռն քանդել են եւ բոլոր լոբին ջարթել, փշրել: Ակենտին չմոռանաս, վերջացրու գործն: Հողերի մասին ուշադրութիւն դարձրու, բայց գլխաւորապէս քահանայութեան, գործի մասին, որ եթէ անուշադիր ես թողնելու, ինձ յայտնիր եւ այլն»:

Նամակից պարզվում է, որ Սոսի Վանյանն է եղել իշխանության ղեկին` Ռոստոմի հողերի շուրջ խնդիր առաջացնելով եւ նրանց անասունի ջրի ճամփան փակելով, ինչի համար Հովհաննես Թումանյանը նամակով դիմել է Սոսիին, իսկ այդ նամակը Ռոստոմն Ամրխանի ձեռքով հանձնել էր Սոսիին: Ինչպես պարզվում է հետագայում, հողերի հարցը չի լուծվել այս անգամ եւս:

1898 թ.-ի ապրիլի  8-ի նամակում Ռոստոմը գրում է, որ գյուղացիք չեն թողնում` Հովհաննեսի ոչխարները արածեն գյուղում, ուստի հորդորում է Մարցում հողամաս առնել. «Անորս դուքանը եմ գնում վաղը, քանի որ խառնուած են, մի 10 հատ զաբուն ոչխար ունեի, քոնը գիւղացիք չեն թողել արածելու, հենց դրանով բոլորն էլ կտորվել են սոված: Մարցում թէ տեղ են ծախում, զգուշացիր, եթէ ծախում են` առնենք»: Թերեւս Ռոստոմի հորդորով էլ Թումանյանը գնել է այդ հողամասը, որի հատակագիծը  պահպանվել է ՀՀ ազգային արխիվում:

1898 թ.-ի հուլիսի կեսերին Հ. Թումանյանը Արսեն Ղլտճյանին գրում է. «Դու արդեն գիտես, թե ձեռքս գրիչ առնելու օրից ես ինչ վրդովմունքներ, ինչ անհանգստություններ, ինչ սպանիչ թշվառություններ ու դժվարություններ եմ տարել, որոնց գլխավոր աղբյուրներից մեկն էլ իմ ամուսնական-ընտանեկան կյանքն էր, իմ տնփեսայական (ավելի ճիշտը շնփեսայական) բացառական անտանելի դրությունն էր։ Վերջապես բաժանվեցի ահագին աղմուկներով ու անբավականություններով, երկու ամիս շարունակ կռիվ անելուց հետո, ասացի հիմի որ կհանգստանամ մի քիչ: Հենց այն օրը, որ պետք է նոր բնակարանը բերեի երեխաներին, հեռագիր ստացա, թե շուտով գյուղն արի՝ հայրդ մեռավ… Այս տնաքանդություն էր, բառիս բովանդակ մտքով (իմ վիշտը մի կողմ եմ թողնում), բայց այս բավական չէր։ Գանձարանը (ՍՈջվՈ) վեճ ուներ մեզ հետ. մերժեց մեր դատը, մեր հողերը խլեց, մինչեւ անգամ տունը…»:

Ռոստոմ եղբոր հորդորներին անսալով` Հովհաննեսը զբաղվել է հողերի խնդրով:

1899 թ.-ի հունիսի 5-ին Հ. Թումանյանը խնդրագիր է գրում` ուղղված Թիֆլիսի նահանգապետին.

Խնդրագրի թարգմանությունը

«Նորին գերազանցության Թիֆլիսի պարոն նահանգապետին

Ազնվական Հովհաննես Ասլանի որդի Թումանովից

ԽՆԴՐԱԳԻՐ

Խոնարհաբար խնդրում եմ, Ձերդ գերազանցություն, Թիֆլիսի ազնվական երեսփոխանական ժողովին տեղեկանք տալ առ այն, որ ես դատի տակ ու քննչության ենթակա չեմ եւ չեմ եղել եւ որ օրենքի ուժով ենթակա չեմ ունեցվածքից զրկվելու»։

Թումանյանագետ Լուսիկ Կարապետյանը գրում է. «Հենվելով «օրենքի ուժով ենթակա չեմ ունեցվածքից զրկվելու» խոսքերի վրա, կարելի է եզրակացնել, որ այս խնդրագիրը գրված է դսեղեցիներից Թումանյանների հողային սեփականությունը ապօրինաբար բռնագրավելու կապակցությամբ։ Թումանյանների «հողերի գործը» հին պատմություն ունի, պահպանվել է Մեհրաբ Թումանյանի (բանաստեղծի հորեղբոր)՝ 1884 թ. մարտի 28-ի խնդրագիրը նույն «գործով»։ 1913 թ. վերստին քննության առարկա է դարձել «գործը», որը իր վերջնական լուծումը ստացել է Թումանյանի՝ հուլիսին Դսեղ մեկնելուց հետո, իհարկե, հօգուտ Թումանյանների»:

1913 թ.-ի հուլիսի 13-ին բանաստեղծը հողերի խնդրով եղել է Դսեղում, որտեղից նամակ է գրել դստերը` Նվարդին.

«ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Դսեղ-Աբասթուման

1913, հուլիսի 13, Դսեղ

Նունիկ ջան, ես մեր հողերի գործի համար մի երկու օրով գյուղն եկա։ Ամենքն էլ շատ լավ են։ Մի քանի օրից հետո կգամ Ուրավել։ Շատ բարեւներ Հեղինեին ու Տիգրանին իրենց բալիկով։ Երեխեքն էս տարի ավելի լավ են քան երբեւիցե։

Համբույրներով՝ հայրիկդ»:

«Առավոտ» օրաթերթ
24.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031