Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր երկրի համար մեծ ճոխություն է քաղաքական այս գզվռտոցը»

Դեկտեմբեր 25,2021 12:00

Ասում է «Հայի Բռունցք» հ/կ-ի հիմնադիր-նախագահ Գարիկ Աղասյանը

«Հայի Բռունցք» հ/կ-ն ակտիվ գործունեություն է ծավալում Հրազդան քաղաքում՝ իրագործելով կրթամշակութային տարբեր ծրագրեր։ Մեզ հետ զրույցում Գարիկ Աղասյանը անդրադարձել է  հասարակության քաղաքականացվածությանը, Հրազդան համայնքում ծրագրերի իրականացմանը եւ ՏԻՄ ընտրություններին։

– Ո՞րն է մեր հասարակության խնդիրը, ըստ ձեզ՝ մենք ունե՞նք առողջ հասարակություն:

– Ունենք ծայրահեղ բեւեռացած հասարակություն, մարդկանց քաղաքականացվածության աստիճանը պայթյունավտանգ մակարդակի վրա է. ես հասարակության մեջ նկատում եմ 3 բեւեռ` մարդիկ, որոնք նկատում են մեր բոլոր խնդիրները եւ շարունակ բարձրաձայնում են` առանց նախաձեռնելու որեւէ լուծում, մարդիկ, որոնք ձեւացնում են, թե իրականում խնդիր չկա եւ շարունակ հակադարձում են առաջին խմբին եւ մարդիկ, որոնք լուռ անում են իրենցից կախված ամեն հնարավորը` խնդիրների լուծման, մեղմացման համար:

Այս բեւեռացման 1-ին եւ 2-րդ խմբերը քաղաքականացված հասարակության մաս են կազմում, 3-րդ խումբը ոչ քաղաքականացված, հասարակական սեկտորն է:

Ես կարծում եմ՝ մեր երկրի համար, հատկապես հիմա, մեծ ճոխություն է քաղաքական այս գզվռտոցը. մենք կորցնում ենք մեր հայրենիքը, իսկ քաղաքական գործիչները լուծումների փոխարեն մեղավորներ են փնտրում, իհարկե, մեղավորների համար դեռ ժամանակ կգտնենք, բայց արդյո՞ք հիմա է այդ ժամանակը…

Ես քաղաքականացված մարդ չեմ եւ հարցիս հասցեատեր եմ կարգում իշխանական եւ ընդդիմադիր բոլոր ուժերին:

Հոգեկան զեղումների հասնող որոշ քաղաքականացված մարդիկ, անգործության մատնված մտահոգներ, գիտե՞ք` շենացնողի համար, գործ անողի, արարողի համար միշտ էլ անելիք կա, բայց վատը այն է, որ մի քանի սուտ հանճարներ մի քիչ թթու, մի երկու կտոր նրբերշիկ դնում են սեղանին, սկսում են հարաբերվել օղու հետ ու վերջ, իրենց կարգում են ազգի փրկիչներ ու սկսում են հերթով փնովել` հիմնականում գործ անողներին:

– Ինչո՞վ եք պայմանավորում հասարակության շրջանում քաղաքական նման խմորումները եւ ձեր տեսանկյունից ո՞րն է լուծումը։

– Խնդիրների լուծման լավագույն ուղին համախմբվածությունն է։ Ցավոք, համախմբվել բառը այնքան են օգտագործել, որ որակական իմաստով շատ է թուլացել: Շատերը հիմա գոռում են համախմբում` համախմբման կենտրոն դարձնելով իրենց: Իրական համախմբման կենտրոնը պետք է լինեն մեր խնդիրները, եւ յուրաքանչյուրի պարտքը լինի խնդիր լուծելը: Օրինակ, մեր երիտասարդական թիմը իր օրինակով սա անում է, չունենք մեծ միջոցներ, որ ավելի շատ բան անենք, բայց եղածի մաքսիմումը անում ենք, որ որոշակի խնդիրներ լուծվեն…

– Դուք հաճախ եք շեշտում ապաքաղաքական լինելը, բայց Հրազդանում անցկացված ՏԻՄ ընտրությունների ժամանակ բացեիբաց հայտարարեցիք, որ աջակցում եք գործող քաղաքապետին, արդյոք չե՞ք հակասում ինքներդ ձեզ։

– Այո, ես աջակցել եմ եւ իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու Սեւակ Միքայելյանին, եւ որեւէ քաղաքական կոնտեքստ մի փնտրեք համայնքը սիրող եւ համայնքը զարգացնող մարդուն աջակցելու մեջ: Ես եւս մեկ անգամ հավաստում եմ իմ միտքը` հանուն Հրազդանի զարգացման, կառուցման, շենացման, հանուն արդարության Սեւակ Միքայելյանը պետք է շարունակեր իր պաշտոնավարումը:

– Քանի որ խոսեցիք ՏԻՄ ընտրությունների մասին, դուք՝ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքները ձեր համայնքում։

– Ես բավականին ոգեւորված եմ հրազդանյան ընտրություններով. սա այն դեպքն է, երբ բոլոր ուժերն էլ հաղթանակ ունեցան, բոլորն էլ մասնակցելու իրավունք են ստացել համայնքային ղեկավարմանը իրենց մրցունակ նախընտրական ծրագրերով, քանի որ ինձ հայտնի չէ որեւէ ուժի կողմից ինքնաբացարկի ինֆորմացիա, կարող ենք կարծել, որ 4 թիմերն էլ իրենց նախագծերը կյանքի կոչելուն միտված քայլեր կձեռնարկեն, դե մենք էլ՝ որպես ակտիվ հանրության ներկայացուցիչներ, հետեւողական կլինենք յուրաքանչյուրի կողմից իրականացվող քայլերին: Բոլոր ուժերի մանդատները պետք է ծառայեն ի շահ մեր համայնքի, եթե այսպես է, ուրեմն շուտով սպասենք ներդրողներին: Ինչպես խոստացել են մեր թեկնածուները, ընտրվելու դեպքում կսպասենք համատիրությունների «ռեստավրացիային», Ծովինար ջրամբարի մաքրման նախագծերին…

– Կարծեմ դուք էլ ծրագրեր ունեք, որոնք պատրաստվում եք ներդնել ի շահ համայնքի։

– Մեր թիմը մի շարք նախագծեր է պլանավորել առաջիկա 5 տարիների համար. Երիտասարդական նոր կենտրոնի ստեղծում, կարիերայի զարգացման ծրագիր, սոց. աջակցության ծրագրեր, ձեռներեց երիտասարդների աջակցության նախագիծ, միջազգային համագործակցություններ, միջհամայնքային կոալիցիոն խմբերի ստեղծում, նպատակային ոչ քաղաքական հավասարակշռված պայքար` հանուն հզոր, լուսավոր ապրելու Հրազդանի ապագայի:

Զրույցը՝

Տաթև ՍԱՐԳՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031