Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ-շատերն են փորձում տեղավորվել այդ «ավելի լավի» մեջ, ու չեն հաջողում․ «Ազգ»

Դեկտեմբեր 25,2021 09:30

Միշտ զարմացել եմ, 44-օրյա պատերազմից հետո մանավանդ, երբ պետական որոշ գործիչներ Գերմանիայի ու Ճապոնիայի օրինակն էին հիշում որպես պարտությունից հետո տնտեսական հզորանք վաստակած պետություններ: Կարծես նրանք, այդ պետությունները, չէին զարգանա, եթե պատերազմ չլիներ, եթե պարտված չլինեին… Համեմատության որեւէ եզր չկա այդ երկրների հետ, որոնք պատերազմի ընթացքում եւ առաջ իրենց կուտակած գիտական հզորությունները ներդրեցին տնտեսության խաղաղ զարգացման գործում: Մինչդեռ մենք, դեռեւս անկախության մեր առաջին տարիներից սկսած՝ փոշիացրեցինք համաշխարհային մակարդակի հասած մեր գիտական ներուժը, երբ, օրինակ, Մերգելյան ինստիտուտի նման հսկան սկսեց «Ուզի» տեսակի ավտոմատ-ատրճանակ ու մանկական խաղալիք արտադրել…

Կարիք չկա հին, նոր եւ նորագույն մեղավորներին փնտրելու: Նրանցից շատերը հրապարակի վրա են դեռ, իսկ նորագույնը դեռեւս իշխում է ամեն գնով, չնվազող իր մոլուցքի բոլոր բջիջներով: Այսպես է լինում, երբ տնտեսությունից, քաղաքականությունից, ռազմից, դիվանագիտությունից եւ, ամենակարեւորը, ինտելեկտից զուրկ անձը եւ անձինք իրենց ձեռքն են վերցնում իշխանության բոլոր լծակները եւ կռիվ են տալիս դարձյալ հանուն իշխանության ու փողի, եւ հասարակությանը զբաղեցնում սարքովի, սոցիալ-քաղաքական ոչ մի արժեք չունեցող տեսարաններով:

Իշխանություն հանուն փողի եւ փող՝ հանուն իշխանության: Վերջին տեսարանը Նիկոլ-Մարության բորբոքված կռիվն է. մեկը փողի վրա նստած (հիշեցի՞ք դասական արտահայտությունը) փող չի տալիս, մյուսը իշխանության վրա նստած՝ իշխանություն:

Իսկ ժողովո՞ւրդը- նկատի ունեմ հուսախաբված, հուսալքված եւ ընկճված մեծամասնությունը- տարուբերվում է վարկերի տոկոսները գոնե մարելու, ընտանիք պահելու, խեղճուկ կենսաթոշակից թոռներին ամանորյա ինչ-որ բան նվիրելու, 100-200 դրամով դեղորայք գնելու, սրանից-նրանից մի կերպ մի փոքրիկ գումար պոկելու, Ռուսաստան ու մինչեւ Մեքսիկա եւ այնտեղից, թեկուզ զարտուղի միջոցներով, Մ. Նահանգներ խցկվելու հոգսերի մեջ: 25-26 տարեկան երիտասարդներ կան, ոչ քիչ թվով, որոնք նման երկարատեւ ու փորձանավոր ուղեւորության համար 20-25 հազար դոլար են վճարել իրենց թաղամասերից Ամերիկա հաստատված «դուզերին», որպեսզի…

Պաշտոնական թվերը, եթե հավատանք դրանց, ցույց են տալիս, որ հակառակ Վահան Քերոբյանների հավաստիացումներին, թե «մարդիկ հիմա ավելի լավ են ապրում», ազգաբնակչության 30 տոկոսը աղքատության սեմին է: Սեմի՞ն, թե՞ ներսում, խորքերում: Շատ-շատերն են փորձում տեղավորվել այդ «ավելի լավի» մեջ, ու չեն հաջողում:

***

Ընդունենք. Տարեմուտի սեմին այս խոհերը հաճելի չեն իշխանավորների եւ իշխանությունից օգտվողների, նաեւ երջանիկ ու անտարբեր փոքր զանգվածի քիմքին: Սակայն այս տարի եւս, ինչպես սգավոր նախորդ Ամանորին, ի վիճակի չենք մենք մեզ խաբել: Տարին փակում ենք տխուր: Միայն Հային հատուկ փոքրիկ այն հույսով, որ մեր ժողովրդի ողջախոհ զանգվածը ի վերջո իր ձեռքը կվերցնի Հայոց ճակատագրի տնօրինման գործը, հույսի ջահեր կվառի մարդկանց սրտերում ու մտքերում, կպաշտպանի հայոց հողը Սյունիքից ու Տավուշից մինչեւ Արցախ, մարդկանց կմղի դեպի ստեղծարար աշխատանք, կվերականգնի ազգային միասնականությունը Հայաստանից մինչեւ Արցախ եւ Սփյուռք, կվերստեղծի հիմքերը արժանապատիվ եւ ապահով կյանքի: Հո՛ւյսը:

Բարի լինի այս Նոր տարին:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031