Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ահա իմ «գաղտնազերծումները»

Դեկտեմբեր 25,2021 14:00

«Եվ խելքահան չլինեք արեւելյան ճոխ ընդունելություններից, քաղցր-մեղցր խոսքերից ու չհավատաք Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալու խոստումներին: Այդ մրցանակը ձեր քթի տակից Ալիեւն անցած պատերազմում տարավ»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը:

– ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն այլեւս փաստ է: Դեռ 1990-ականների սկզբին Թուրքիան հայտնի երեք նախապայմաններն է առաջ քաշել: Այդ ժամանակ Դուք բարձրաստիճան պաշտոնյա էիք եւ որոշակի հասանելիություն ունեիք գաղտնի ռեժիմի քննարկումներին: Ի՞նչ գաղտնազերծումներ կանեք:

– Ոչ մի:

– Հարաբերությունների կարգավորման վերջին` 2008 թվականի փորձը տապալվեց Թուրքիայի ձեռամբ: Այժմ ի՞նչ է փոխվել, ինչու՞ է Թուրքիան գնում հարաբերությունների կարգավորման: Ի՞նչ գին է վճարելու Հայաստանը:

– 1988-ից` Ղարաբաղյան շարժման սկզբնավորմամբ Թուրքիան սեւեռուն հետեւում է Խորհրդային Հայաստանի անցուդարձին: 1991-ի դեկտեմբերին, երբ ԽՍՀՄ-ի վերացումն աշխարհի քաղաքական քարտեզից արդեն փաստ էր, Թուրքիան ճանաչեց եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց անկախացած նախկին խորհրդային հանրապետությունների հետ, բացառությամբ Հայաստանի: Նա միայն de facto ճանաչեց մեզ, de jure` ոչ ու չհաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Այդ օրերից սկսած կողմերը տարուբերվող աշխուժությամբ ու տրամադրությամբ են վերաբերվել միմյանց: Անց են կացվել ուղիղ եւ միջնորդավորված զանազան մակարդակների շփումներ, կայացել հեռախոսազրույցներ, փոխանակվել են նամակներ, հետո ընդհատվել ու որոշ ժամանակ անց վերսկսվել: 1990-ականներից սկսած տասնյակ հազարավոր հայաստանցիներ այցելում են Թուրքիա, ուխտագնացության մեկնում, մեր պապերի ասած` «թուրքին մնացած» հայկական հողեր: Ինքս էլ մի քանի անգամ եղել եմ Կարսում, Վանում, Մուշում, այցելել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարան, «Ժամանակ»-ի եւ «Մարմարա»-յի խմբագրություններ: 1996-ին Ստամբուլում հանդիպել եմ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Քալեմլիի, 1998-ին` խոշոր գործարար Իցհակ Ալատոնի հետ: ՀՀ դեսպան աշխատած շրջանում շփվել Ղազախստանում Թուրքիայի դեսպան Նեւզաթ Ույանըքի հետ: Ահա իմ «գաղտնազերծումները»…

Այնպես որ, շփումներ միշտ են եղել, չարժե կտրվել պատմական հենքից: Ի վերջո, 2018-ին Հայաստանի տեղում անապատ չէր` գործում էին պետական հաստատություններ: Հայաստանը ստորագրել ու վավերացրել է մի քանի հարյուր միջազգային պայմանագիր ու համաձայնագիր, որոնց մասնակից է նաեւ Թուրքիան: Այսինքն` մենք տարբեր քարանձավներում չենք բնակվում, այլ գտնվում ենք միջազգային-իրավական կարգավորումների միասնական հարթակում: Հայաստանը անդամակցել է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների, որտեղ Թուրքիան արդեն իսկ ներկայացված էր` ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, Առեւտրի համաշխարհային կազմակերպություն եւ այլն: 1992 թվականին Հայաստանը`  Թուրքիայի եւ 9 այլ պետությունների հետ հիմնել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը եւ մշտական ներկայացուցիչ ունի այդ կազմակերպության Ստամբուլում տեղեկայված գլխավոր գրասենյակում: Այս ամենը եւ շատ այլ կարեւոր ձեռնարկներ կատարվել են հեղափոխականների անիծած «վերջին 30 տարում»:

– Հայտնի են Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների անունները. ԱԳ փոխնախարարի պաշտոն զբաղեցրած եւ զրո դիվանագիտական փորձառություն ունեցող 31-ամյա Ռուբեն Ռուբինյանը բանակցելու է 37 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող Սերդար Քըլըչի հետ: Ի՞նչով էր պայմանավորված մեր ընտրությունը: Ի՞նչ արդյունք սպասել:

– Մեր անունից որոշում ընդունողն առաջնորդվել է անձնական հավատարմության եւ վստահության հեղափոխական սկզբունքով: Արդեն 4-րդ  տարին ընթացող համակարգային  խորտակումների գլխավոր պատասխանատուից ամեն արդյունք սպասելի է: Սակայն նահանջի տեղ այլեւս չունենք` բռնազավթված են Արցախի զգալի տարածքներ, մարդկային ու նյութական անդառնալի կորուստներ ենք կրել պատերազմում եւ դրան հաջորդած «խաղաղության դարաշրջանում»:

Խամրեցրին Հայոց տան աստղը: Գործել է պետք, որ չմարի, կրկին փայլատակի:

– Թուրքիայի ԱԳ նախարարը, ումից իմանում ենք այս հարցով նորությունները, հայտարարեց, որ բանագնացների հանդիպումը չի ուշանա: Ինչո՞վ բացատրել այս շտապողականությունը:

– Թուրքիան շտապում է, որովհետեւ մենք ենք նեղ վիճակում: 1998-ին էլ մենք էինք շտապում, որովհետեւ Ադրբեջանն էր պարտված ու նեղն ընկած: Բայց հարվածը ներսից ստացանք… Անդառնալի անցավ ամեն ինչ, թող պատմաբաններն զբաղվեն այդ դեպքերով, այսօր այլ խնդիրներ ունենք եւ, հեղափոխականների խոստացածի պես` «իրավիճակ է փոխվել»:

– Հասկանում եմ Ձեր դառը սարկազմը: Այդուհանդերձ` ի՞նչ անել:

– Հեղափոխականները պարտավոր են հասկանալ` մեկ առանձին կուսակցություն եւ կառավարություն ի զորու չեն մեկ զարկով լուծելու հայ-թուրքական թնջուկը: Սա երկար գործ է: Ազգային հիշողությունն էլ մեկ խմբակի կամքով չի ջնջվի, կացնի հարվածով չեն կտրվի սերունդներին միմյանց կապող անտեսանելի թելերը: Հայ մարդը, շատ է պատահել, երես է դարձնում իր հողուջրից, ազգուտակից, իշխողներից, բայց միշտ զորեղացած, թե գլխիկոր վերադարձել է մոռացած ակունքներին:

Հիշեք ժողովրդական խոսքը` Էս խմորը դեռ շատ ջուր կառնի: Նայեք, որ մեզնից հետո եկողներին հավելյալ դառնություն չժառանգեք: Ընթացեք զգույշ եւ անշտապ, առանց հեղափոխական «քյալլագյոզության»: Նախընտրելի է ամեն անգամ բանակցություններից առաջ լսել Լուիս Ֆոնսի «Despacito» երգը: 4 միլիարդ ունկնդրում ունի, վնաս չէ:

Եվ: Եվ խելքահան չլինեք արեւելյան ճոխ ընդունելություններից, քաղցր-մեղցր խոսքերից ու չհավատաք Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալու խոստումներին: Այդ մրցանակը ձեր քթի տակից Ալիեւն անցած պատերազմում տարավ:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031