«Եթե Նիկոլ Փաշինյանը փորձի կառավարման համակարգ փոխել և նախագահ դառնալ, շատ վատ քայլ կանի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահական կամ կիսանախագահական համակարգին անցնելուն և Ն․Փաշինյանի՝ նախագահ դառնալու վերաբերյալ խոսակցություններին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման որոշում է ստորագրել։ Այդպիսով, կասեցվել է նախորդ հանձնաժողովի գործունեությունը։ Նորը դեռ չի ձևավորվել, բայց նախորդը, երկու հարցի վերաբերյալ, արդեն որոշում ուներ՝ պահպանել խորհրդարանական կառավարման համակարգը և ստեղծել Գերագույն դատարան։ Դ․Իոաննիսյանը չգիտի նոր գործընթացների ժամանակ այդ որոշումները կպահպանվե՞ն, բայց գտնում է, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգին չպետք է անցնել։
Դ․Իոաննիսյանը անդրադարձավ նաև ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում քննվող գործերին և ասաց, թե Գլխավոր դատախազությունից գրություն է ստացել, որ այդ շրջանակներում քննվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և ԱԺ 6 պատգամավորներին վերաբերող գործերը։
Նրա ներկայացմամբ, այդ պատգամավորները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներ են։ «Սեյրան Օհանյանը կարող է լինել այդ վեցից մեկը։ Եվ այս խմբակցությունների պայքարն այդ օրենքի դեմ, ինձ թվում է, պայմանավորված է անձնական խնդիրներով։ Այս օրենքի դեմ ՍԴ են գնում։ ՍԴ-ում էլ այդ գործերը քննելու է Հ․Թովմասյանը, ում նկատմամբ այդ օրենքը կիրառվում է»,- հավելեց Դ․Իոաննիսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում