«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած «Երեք տենորներ» տոնական գալահամերգը սպասված էր, հատկապես պատրաստված ունկնդիրը միշտ կարիք ունի նման շքեղ համերգների ու բարձր արժեքների:
Աննախադեպ գեղեցիկ ծրագրով հանդես եկան օպերային երգիչներ Արսեն Սողոմոնյանը, Լիպարիտ Ավետիսյանը եւ երիտասարդ տենոր Տիգրան Հակոբյանը:
Կարդացեք նաև
Առաջին երկուսն արդեն ունեն միջազգային ճանաչում եւ օպերային արվեստի բարձունքներ են նվաճել, նրանք հանդես են գալիս հայտնի բեմերում, իսկ Տիգրան Հակոբյանին մասնագետները հրաշալի ապագա են կանխատեսում:
Համերգին առանձնահատուկ հմայք հաղորդեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգի ավարտին հնչեց «Նեսուն դորմա» հայտնի արիան՝ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայից, իսկ համերգի ավարտից հետո ունկնդրի երկարատեւ ու բուռն ծափահարությունները երկար ժամանակ չէին թողնում տաղանդավոր տենորներին հեռանալ դահլիճից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ