«Կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի, չնայած երկու օր առաջ էլ խոսում էինք, ՀՀ նախագահն ասում էր, որ ինքը մնում է իր տեսակետին, որ պետք է խորհրդարանական համակարգը փոխվի»,-հարցին՝ արդյոք դիտարկվո՞ւմ է կառավարման համակարգի փոփոխությունը, արդյոք Դուք և՞ս ուզում եք Ձեր հագով կոստյում կարել, ինչպես Սերժ Սարգսյանը, վերականգնել կիսանախագահական համակարգը և դառնալ ՀՀ նախագահ, առցանց մամուլի ասուլիսի այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց՝ պատերազմից հետո իրեն էլ մի պահ թվում էր, թե պետք է կառավարման համակարգ փոխել, սակայն եկել է այն եզրահանգման, որ կիսանախագահական կամ նախագահական համակարգ լինելու դեպքում չէր կարող անել այն, ինչ արեց. «Պահանջում էին իմ հրաժարականը, հասկանում էի, որ մի իրադրություն է, որտեղ պետք է լեգիտիմություն վերականգնել կամ հեռացում տեղի ունենա, մյուս կողմից չէի կարող ժողովրդից ստացած մանդատը հանձնել ժողովրդի կողմից վստահություն չունեցող անձի: Ուստի ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից՝ էդ ընթացքում պահելով ժողովրդի՝ ինձ տված մանդատը և ասելով՝ ես այս մանդատը, ում որոշեք, կփոխանցեմ: Ըստ էության ժողովուրդը որոշեց, որ մանդատը ես պետք է պահեմ: Եթե ես լինեի ՀՀ նախագահ կիսանախագահական համակարգում, ես հրաժարական տայի, հրաժարական տալը հրաժարական կտայի, բայց արդեն չէի կարող ժողովրդին տված մանդատը վերադարձնել ժողովրդին, լինելով վարչապետ՝ ես երաշխավորեցի ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը»:
Իսկ թե ինչու վեթինգ չեն իրականացնում, Նիկոլ Փաշինյանն այս առիթով ասաց. «Դրա համար կա պատճառ, քանի որ ինչ ուզում ենք անել, ուզում ենք անել օրինական և չվնասելով ՀՀ-ի միջազգային ժողովրդավարական իմիջին….ոչ մի կոստյում, կոշիկ, գլխարկ կարելու մտադրություն չկա, եթե լիներ, 2021-ի գործընթացը չէր լինի,երբ մենք գնացինք, ժողովրդի առաջ կանգնեցինք, ասացինք՝ ոնց որոշեք, տենց էլ կլինի, և ժողովուրդը ոնց որոշեց, այդպես էլ եղավ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ