Պաշտոնական Բաքուն շարունակում է բանակաշինության գործընթացը և ամենաժամանակակից սպառազինության գնումները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութում զորամասի բացմանը:
«Ռազմատենիկայի գնումները, ռազմական ծախսերի ավելացումը, ինչպես նաև զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, այդ ամենը, բնականաբար, ցույց է տալիս, որ եթե անգամ պատերազմն ավարտվել է, ապա բանակաշինության գործընթացը չի ավարտվել: Ընդհակառակը, պատերազմի փորձը մեզ ցույց տվեց՝ որոնք են մեր ուժեղ և թույլ կողմերը: Պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք ոչ շատ թերություններ, բայց դրանք եղել են: Ուստի պատերազմը մեզ համար անգին փորձ էր»,- ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ այս պահին կյանքի են կոչվում պատերազմից հետո ստորագրված նոր պայմանագրերը: «Նոր պայմանագրերի հիման վրա արդեն Ադրբեջան է գալիս ամենաժամանակակից սպառազինություն և տեխնիկա մեր բանակի համար»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ նոր սպառազինությանը զուգահեռ ստեղծվում են նաև նոր զորամիավորումներ, մասնավորապես Ադրբեջանի զինված ուժերում սկսվել է կոմանդո ջոկատի ձևավորումը:
Կարդացեք նաև
«Հադրութի զորամասում տեղակայված են նոր զորամիավորումներ՝ կոմանդոյի ուժերը: Կոմանդո ուժերի ստեղծումը մեզ համար նորարարություն է,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ դրանք պատրաստ կլինին իրականացնել ցանկացած ռազմական առաջադրանք:- Այդ ջոկատներում կծառայեն լավ պատրաստված անձիք, որոնք պատրաստ կլինեն իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի: Դա զգալիորեն կավելացնի մեր բանակի ռազմական հզորությունը:
Ալիևը հավելել է, որ «այդպիսի ջոկատներ շատ կլինեն»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ