«Սա ոչ միայն ուղղակի ճանապարհ է Ադրբեջանի արևմտյան հատվածների` Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապող, այլև սա նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաև Հայաստանը»,- առցանց մամուլի ասուլիսի ժամանակ կոմունիկացիաների բացման և անվտանգության հարցերին ի պատասխան նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ մենք Ադրբեջանի հետ համաձայնության գալուց հետո պետք է ունենաք մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար, քանի որ դա ՀՀ-ին կբերի կոնկրետ օգուտներ: Նա նշեց, որ չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը: Հարցին՝ իսկ անվտանգությո՞ւնը, Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց. «Ինչի՞, ո՞ւմ անվտանգությունը»: Հարցերն ընթերցող լրագրողը նշեց՝ այդ ճանապարհով երթևեկողների: Նիկոլ Փաշինյանը կրկին հարցրեց. «Այդ ճանապարհով երթևեկող ադրբեջանցիների մասի՞ն է խոսքը»: Լրագրողը թե՝ հայերինն էլ…Նիկոլ Փաշինյանն ասաց. «Փոխադարձաբար այդ երաշխիքները մենք պետք է կոնկրետացնենք: Ընկալումն այն է, որ պետք է ուղեկցումներ կազմակերպել: Անվտանգությունը պետք է ապահովվի: Ակնհայտ է, որ այդ ճանապարհը պետք է գործի երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության ներքո այն երկրների, որոնց տարածքով այդ ճանապարհներն անցնում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ