Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անկասկած, վճռական դեր է խաղացել ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակում, և այդ դերը նա փայլուն է խաղացել: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ում միջնորդությամբ Մոսկվայում այս օրերին հանդիպում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Նախագահ Իլհամ Ալիևը միշտ ասել է, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով, ապա այն պետք է լուծել ռազմական ճանապարհով: Ադրբեջանի նախագահը հենց սկզբից կոշտ դիրքորոշում է զբաղեցրել տարածքների վերադարձի հարցում, որոնք երկիրը կորցրել էր 90-ականների պատերազմի արդյունքում: Նա միշտ հետևողական է եղել այդ հարցում: Նախագահ Իլհամ Ալիևի անձնական դերակատարությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում մեծ է: Նա շատ մեծ ուշադրություն է դարձրել բանակն ամենաժամանակակից սպառազինությամբ հագեցնելու վրա: Տվյալ դեպքում նրա արժանիքը ակնհայտ է»,- ասել է Շվիդկոյը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Իլհամ Ալիևը քաղաքական գործիչ է, և որ նա հիանալի հասկանում է, որ ցանկացած հաղթանակ պահանջում է հարևանների հետ փոխհարաբերություններում հեռանկարներ:
«Այս առումով պահպանելով տարածքային ամբողջականությունը՝ նա, անկասկած, լուրջ է վերաբերվում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Եվ դա նրա խորաթափանցության վկայությունն է»,- եզրափակել է Շվիդկոյը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ