Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատվաստման կեղծ հավաստագրեր․Հայաստան-Վրաստան զուգահեռներ

Դեկտեմբեր 24,2021 21:21

Ա․Ա-ն ամիսներ առաջ Երեւանի պոլիկլինիկաներից մեկում Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ հավաստագիր է ձեռք բերել։ Նա, բնականաբար, իրականում պատվաստանյութը չի ընդունել։ Առաջին դեղաչափը իբրեւ թե ստանալու ժամանակ բուժաշխատողին վճարել է 15 հազար դրամ, նույնքան էլ` 2-րդ դեղաչափը ձեւական ստանալու ժամանակ։ Ապա Արմեդ համակարգում Ա․Ա․-ին գրանցել են որպես երկու դեղաչափը ստացած կամ լիարժեք պատվաստված քաղաքացի։

«Ես չեմ վստահում պատվաստանյութերին, չէի ուզում պատվաստվել, որովհետեւ չեմ հավատում, որ պատվաստանյութերն անհետեւանք են, վտանգավոր չեն։ Դրա համար էլ դիմել եմ այդ քայլին։ Ինչո՞ւ պատվաստվեմ, թե միեւնույն է պետք է վարակվեմ։ Իմ հարազատներից մի քանիսը պատվաստվել էին, բայց որոշ ժամանակ հետո վարակվել քովիդով»,-Aravot.am-ին պատմում է Ա․Ա․-ն։ Նա ծանոթներից մեկի միջոցով տեղեկացել է, որ կա նման հնարավորություն, ապա միջնորդի միջոցով դիմել է տվյալ պոլիկլինիկայի բուժաշխատողին։ Իհարկե, միջնորդը բուժաշխատողին նախապես հավաստիացրել է՝ կեղծ պատվաստվողը վստահելի է։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման համատարած կամ ազատական գործընթացը սկսել է այս տարվա մայիսից, մինչ այդ պատվաստումը սահմանված էր ռիսկի խմբերի համար։ Գործընթացի առաջին ամիսներին պատվաստման ցուցանիշները շատ ցածր էին, գործընթացը դանդաղ էր առաջ գնում։ Ամռան ամիսներին այն մի փոքր ակտիվացավ, դրան նպաստեցին արտերկիր մեկնելու համար պատվաստման հավաստագրի պարտադիր պայմանը, ինչպես նաեւ Հայաստանում օտարերկրացիների, մասնավորապես իրանցիների անվճար պատվաստումները։

Հոկտեմբերի 7-ին կառավարության հերթական նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհություն հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը չնայած արագացել է, սակայն այն դեռ բավարար մակարդակի չէ։ Այդ օրը նախարարը դժգոհեց, որ պատվաստումային գործընթացին խանգարողներ կան․«Ցավոք, դեռ կան որոշ անձինք, որոնք չարամտորեն խաթարում են ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում եւ անհիմն վախեր է ներշնչում»: Փաշինյանին դուր չեկավ այս բողոքը, նախարարին հանձնարարեց լիազորության սահմաններում խնդիրը լուծել, ինչպես նաեւ իրավապահներին հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել պատվաստումային գործընթացում օրենք խախտողների նկատմամբ. «Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալե՛ք, կալանավորե՛ք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց եւ պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես դիմում եմ դատախազին եւ քննչական մարմիններին»:

Վարչապետի այս հանձնարարությունից հետո իրավապահները գործի անցան եւ արդեն հոկտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց կեղծ պատվաստումների դեպքեր։

Բացահայտված առաջին դեպքը ցնցող էր․ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկայի մի խումբ բուժաշխատակիցներ 2021 թվականի ապրիլ-հոկտեմբերին Շիրակի մարզի եւ հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել Covid-19-ի դեմ պատվաստանյութով, սակայն հաստատել են ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագրեր, ապա մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ։ Այս դեպքից հետո էլ իրավապահները ժամանակ առ ժամանակ հաղորդագրություն էին տարածում պատվաստման կեղծ հավաստագիր տրամադրելու դեպքերի մասին։

Սրան զուգահեռ հանրապետությունում պատվաստման գործընթացն ակտիվանում է, քանի որ պետությունը որոշում ընդունեց աշխատանքի ներկայանալ կամ պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։

Այս պահանջն էլ որոշակիորեն դրդեց որոշ քաղաքացիների դիմելու կեղծ հավաստագիր ստանալուն կամ թեստավորման կեղծ արդյունքներ ձեռք բերելուն։

Նոյեմբերի 10-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի Covid 19 համավարակի դեմ միջոցառումներում հանցավոր չարաշահումների փաստերով 20 քրեական գործ է հարուցվել, 15 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնք վերաբերում են Երեւան քաղաքի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ բուժհաստատություններին, հիմնականում՝ պոլիկլինիկաներին: Ըստ դատախազության, ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող և համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ, կամ առանց նմուշառման կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ ստացած քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով վերը նկարագրված ակնհայտ ապօրինի գործողությունների համար ստացել են տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 40.000 ՀՀ դրամ կաշառք:
Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ դատախազությունից տեղեկացնում են՝ այս պահի դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ քննչական մարմիններում քննվում է 23 քրեական գործ, որոնցից 18-ն առնչվում են պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ հավաստագրեր տրամադրելու եւ դրա վերաբերյալ տվյալներն «ԱՐՄԵԴ» համակարգում մուտքագրելու դեպքերին: Նշված 23 քրեական գործերով նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, որոնց մեծամասնությունը՝ պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ հավաստագրեր տրամադրելու գործերով: Որպես մեղադրյալ ներգրավված անձինք հանդիսանում են ինչպես բուժաշխատողներ, այնպես էլ կեղծ հավաստագիր ձեռք բերած քաղաքացիներ: 4 մեղադրյալի նկատմամբ, որոնք հանդիսանում են տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննվող 23 քրեական գործերից 5-ը վերաբերում է ՀՀ ժամանած ուղեւորներին տրամադրվող քովիդ թեսթի բացասական արդյունքը հավաստող կեղծ փաստաթղթերի:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Վահե Մովսիսյանը քննում է կեղծ պատվաստման մի դեպք․ասում է՝ Երեւանի պոլիկլինիկաներից մեկի փոխտնօրենն իր աշխատասենյակում քաղաքացուն առանց Covid-19-ի դեմ պատվաստման 15 հազար դրամ կաշառքի դիմաց այդ անձին պատվաստման հավաստագիր է տվել։ Այս դեպքով մեղադրանք է առաջադրվել կաշառք տվողի նկատմամբ։ Չնայած, քաղաքացին իր ցուցմունքում ասում է, որ պատվաստվել է, սակայն ինչպես քննիչն է ներկայացնում, կան փաստական տվյալներ, որ նա պատվաստանյութը չի ստացել։ Այս քաղաքացին կալանավորված չէ, նրա խափանման միջոցը ստորագրությամբ չհեռանալն է երկրից։ Թե ինչպես պետք է ապացուցվի՝ պատվաստանյութ ստացել է, թե՝ ոչ, քննիչ ասում է․«Արյան հետազոտությունը, միգուցե պատասխան տա՝ պատվաստվել է, թե ոչ, սակայն տվյալ մեղադրյալը հրաժարվել է արյան նմուշ տալ փորձաքննության համար։ Դա իր իրավունքն է»։

Հնարավո՞ր է փորձաքննության միջոցով պարզել, թե տվյալ քաղաքացին իսկապես պատվաստվել է, թե՞ ոչ, գուցե հակամարմինների առկայությունը ցույց տան։ Սակայն հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է՝ չգիտենք՝ դատարանում որքանով կհաջողվի որպես ապացուցողական հիմք ընդունել հակամարմինները, որովհետեւ դրանով բացակայությունը չի կարող 100%-ով հիմք լինել, որ չի պատվաստվել․«Գրականությունից հայտնի է, որ մարդիկ պատվաստվել են, բայց հակամարմին չի առաջացել»։

Քննիչ Մովսիսյանը կեղծ պատվաստման մի շարք գործեր է քննել, իր պրակտիկայից ելնելով ասում է՝ մարդիկ կարծում են, որ պատվաստանյութը կարող է իրենց առողջական վիճակի վրա ազդել, հետեւաբար, աշխատանքից չազատվելու համար դիմում են նման քայլերի։

Մելիք-Նուբարյանն ասում է, որ կեղծ պատվաստումներին մարդիկ դիմում են մի քանի պատճառներով՝ չեն վստահում, որ պատվաստանյութն անվտանգ է, չեն կարծում, որ քովիդը վտանգավոր է։ Չվստահելու պատճառներն էլ շատ են։ Մելիք-Նուբարյանը նշում է՝ չեն վստահում պետական քարոզչությանը, մարդիկ մեդիագրագետ չեն։ «Նաեւ հակապատվաստումային քարոզչությունն է ազդում մարդկանց որոշումների վրա։ Պատճառներից մեկն էլ կառավարության վատ հաղորդակցությունն է։ Եւ կարող է որոշ հարեւան երկրներից թիրախավորված հակաքարոզչություն են նետում հայկական դաշտ՝ մեզ մոտ քաոսային վիճակը շարունակելու համար»,-ասում է Մելիք-Նուբարյանը։

Պատվաստումների ցուցանիշները նախարարությունը հրապարակում է շաբաթը մեկ անգամ։ Ամենաթարմ տվյալները դեկտեմբերի 23-ին են հրապարակվել, ըստ որի, ՀՀ-ում Covid-19-ի դեմ պատվաստվել է 1 միլիոն 591 հազար 809 քաղաքացի, 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը, իսկ երկրորդ դեղաչափը՝ 670 հազար 710 քաղաքացի։
ՀՀ առողջապահության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է՝ ՀՀ-ում պատվաստման գործընթացի ներդրումից ի վեր կորոնավիրուսից մահացած 7000-ից ավելի քաղաքացիներից 23-ն են եղել պատվաստված։ Ընդհանուր հիվանդացածների մեջ ամբողջական պատվաստված է եղել 6775 քաղաքացի, այսինքն՝ 1,9%-ը։ Պատվաստված մահացած 23 քաղաքացիները բոլորն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ։

Այսօր համաճարակային իրավիճակը Հայաստանում ավելի մեղմ է, քան նախորդ ամիս, երբ օրական նոր դեպքերն անցնում էին միջինում 1500-ը, իսկ մահերի թիվը 50-ից ավել էր լինում, նոյեմբերի 12-ին քովիդից մահվան 70 դեպք էր արձանագրվել։

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին 6236 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 135 նոր դեպք, մահվան 3 դեպք։ Մեր երկրում համավարակի առաջին դեպքերի հաստատումից ի վեր ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 7939 քաղաքացի։

Կեղծ պատվաստումները եւ դրանց մասին կեղծ հավաստագրեր տրամադրելու այս գործընթացը հանրային առողջության տեսանկյունից լուրջ խնդիր է առաջացնելու։ Մելիք-Նուբարյանն ասում է՝ եթե դեպքերը լինեն զգալի տոկոս, դա նշանակում է իրականում չպատվաստված մարդիկ, որոնք ունեն կեղծ հավաստագիր, եւ «ԱՐՄԵԴ» համակարգում գրանցված են որպես պատվաստված, հետագայում հիվանդանալու են, եւ երբ թվերը վերլուծվեն, պարզվելու է, որ պատվաստվածների զգալի տոկոս հիվանդացել է, մի մասը՝ մահացել, եւ սա հանրային վստահությունը խաթարելու է․«Չենք կարողանալու ապացուցել, որ այդ մարդիկ, որոնք իբրեւ թե պատվաստված են եղել ու մահացել, իրականում պատվաստված չեն եղել։ Եւ այդ ամենի հետեւանքով անմեղ մարդիկ են տուժելու»։ Մասնագետն իրավիճակն ավելի պատկերավոր է ներկայացնում, թե ինչպես է կեղծ պատավաստումը խեղաթյուրվելու վիճակագրությունը եւ ինչպես է այն վնասելու պատվաստումային գործընթացին․«Եթե պատկերացնենք, որ հրապարակվի վիճակագրությունը, եւ օրինակ 1,5 միլիոնից մոտ 30%-ը տոկոսը կասկածելի պատվաստված լինի ու վարակված, հանրության վստահությունը նվազելու է, չենք կարող ապացուցել, որ դրանք իրականում կեղծ պատվաստումներ են եղել։

Մելիք-Նուբարյանը կարծում է, որ կեղծ պատվաստումային գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պետք է խիստ պատիժ կրեն, որովհետեւ սա ոչ միայն հանրային առողջության, այլեւ բարոյականության եւ արժեհամակարգի հարց է։
«Բուժաշխատողները մարդու կյանքի եւ առողջության համար պայքարող մասնագետներ են, եւ եթե նման մասնագետներն են մարդկանց դրդում ռիսկային գործողության, ուրեմն պետք է պատժվեն, առավելեւս, եթե չեն հասկանում, որ պատվաստումն օգտակար է, ուրեմն չպետք է աշխատեն»,-ասում է Մելիք-Նուբարյանը։

Իրավիճակը Վրաստանում

Վրաստանում նույնպես քիչ չեն մարդիկ, որոնք խուսափում են պատվաստվելուց եւ դիմում են կեղծարարության։ Այս երկրում, սակայն, ավելի շատ դիմում են կորոնավիրուսի թեստավորման արդյունքները կեղծելուն։

Վրաստանի առողջապահության ոլորտի փորձագետ Ակակի Զոիդձեն ասում է՝ 30 լարիով ՊՇՌ թեստավորման արագ պատասխան ստանալը հավասարազոր է արդյունքները կեղծելուն։ Նա նշում է, որ Վրաստանում ամեն քայլափոխի լաբորատորիաներ են, որտեղ մարդիկ թեստ են հանձնում, անհնար է, որ դրանք վստահելի լինեն, Պետությունը պետք է խիստ վերահսկողություն իրականացնի դրանց նկատմամբ։

Մեր հարեւան երկրի իրավապահ մարմինների տվյալներով, բացահայտվել է թեստավորման արդյունքները կեղծելու 18 դեպք, որոնցով քրեական գործ է հարուցվել 3 անձի նկատմամբ, իսկ 15 անձի նկատմամբ՝ կեղծ փաստաթղթերի օգտագործման համար։ Թբիլիսիում 1 անձի մեղադրանք է առաջադրվել Covid 19-ի դեմ պատվաստման անձնագրեր կեղծելու եւ վաճառելու համար։ Այս գործով մեղադրյալը պատվաստման երկու անձնագիր է կեղծել 140 եվրոյով։ Վրաստանում №4 բուժեկենտրոնի տնօրենն ու բժիշկը ձերբակալվել են, նրանք քաղաքացիներին առանց պատվաստելու կազմել են հավաստագիր, իբրեւ թե քաղաքացիները պատվաստվել են, ապա այդ մասին տվյալները ներմուծել Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի էլեկտրոնային բազայում։

 

3,9 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում դեկտեմբերի 23-ի տվյալներով Covid 19-ի դեմ պատվաստվել է 18 տարեկանից բարձր քաղաքացիների 44,1%-ը՝ 1-ին դեղաչափ, 38,5%-ը ամբողջությամբ պատվաստված է։ Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 976 նոր դեպք, վարակից մահացել է 78 քաղաքացի։ Ընդ որում, համավարակի սկզբից ի վեր Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 13 367 քաղաքացի։ .

Վրաստանում կեղծ պատվաստման եւ թեստավորման քաղաքացիների նկատմամբ որոշել են ավելի մեղմ վարվել, իրավապահ մարմինները նրանց հորդորում են ներկայանալ եւ խոստովանել, արդյունքում նրանք կազատվեն պատժից, ընդ որում, այս մարդկանց հորդորում են պատվաստվել։

Հայաստանում կեղծ պատվաստման հավաստագրեր ձեռք բերողների նկատմամբ ներողամիտ վերաբերմունք սահմանված չէ։ Առողջապահության նախարարությունն այս առնչությամբ հայտնում է՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջին դեղաչափից առնվազն 4 շաբաթ հետո կարող է պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության և գրավոր համաձայնության:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Օգտագործվել են նաեւ առողջապահության նախարարության Ֆեյսբուքյան էջի լուսանկարներից եւ Վրաստանի on.ge կայքէջի լուսանկարը

Հոդվածը ստեղծվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի՝ Project “Establishing the Journalists’ Hub from the Eastern Partnership Countries” նախագծի շրջանակներում, որն իրականացնում է Մեդիայի զարգացման Հիմնադրամը։ Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտահայտեն Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Մեդիայի զարգացման Հիմնադրամի դիրքորոշումն ու քաղաքականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031