Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն խմբակցություն չէր ձևավորել, ուստի գրանցվել է մեկ թեկնածու՝ Կարեն Մանուկյանը». պահանջ՝ անվավեր ճանաչել Թալինում Տավրոս Սափեյանին ընտրելու որոշումը

Դեկտեմբեր 24,2021 21:44

«Հստակ է, որ քաղաքական ուժը պետք է խմբակցություն ստեղծի, հետո համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրի, իսկ Տավրոս Սափեյանի թեկնածությունը կատարվել է ավագանու անդամի կողմից, քանի որ ՔՊ-ն խմբակցություն չէր ձևավորել»,- ՀՀ վարչական դատարանում հայտարարեց «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնք» խմբակցությունների ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ այս խմբակցությունները դիմել են վարչական դատարան՝ Տավրոս Սափեյանին ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, այն պատճառաբանությամբ, որ Տավրոս Սափեյանը չի առաջադրվել խմբակցության կողմից, մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն համայնքի ղեկավարի թեկնածուն կարող էր առաջադրվել խմբակցության կողմից:

Նշենք, որ դատական նիստին չէր մասնակցում Տավրոս Սափեյանը:

Կուսակցությունների հայցի հիմքում ընկած է այն, որ ՔՊ-ն ավագանու նիստի ընթացքում չի ներկայացրել կուսակցության կանոնադրություն և խմբակցություն չի ձևավորել, հետևաբար նա համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու իրավասություն չուներ: Ուստի հայցվոր կողմից պահանջն է «Հայք»-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Մանուկյանին ճանաչել համայնքի ղեկավար: Հիշեցնենք՝ Կարեն Մանուկյանը ստացել էր 10 ձայն, Տավրոս Սափեյանը՝ 11: Կարեն Մանուկյանը, Տավրոս Սափեյանի օգտին քվեարկելով, ավագանու նիստի ընթացքում հայտարարել էր. «Տավրոս, դու լավ գիտես, որ քաղաքապետ չես ընտրվել, սակայն ամբողջ ծանրությունը վերցնում եմ ինձ վրա ու կատարում ընտրությունս»։

Արա Զոհրաբյանը դատարանի դահլիճում այս առիթով մանրամասնեց. «Ավագանու նիստի ժամանակ ոստիկանական ուժերը շրջափակել են Թալինի համայնքապետարանի շենքը: ՔՊ-ն նիստի ընթացքում չի ձևավորել խմբակցություն, և ավագանու նիստի ընթացքում վեճը տեղի ունեցավ այդ մասով: Տավրոս Սափեյանն ուղղակի ավագանու անդամի կողմից է առաջադրվել: Ավագանու նիստը հետաձգելու առաջարկ ենք արել, որ ՔՊ-ն խմբակցություն ստեղծի, հետո թեկնածու առաջադրի, բայց իրենք մնացել են իրենց դիրքորոշմանը: Մեր պահանջի մյուս փաստարկն այն է, որ եթե ավագանու նիստի ընթացքում առաջադրվում է մեկ թեկնածու, նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա ձայներն ավելի են ավագանու անդամների 40 տոկոսից: Առաջադրվել է մեկ թեկնածու՝ Կարեն Մանուկյանը, քանի որ Տավրոս Սափեյանը օրենսդրական նորմին  համապատասխան չի առաջադրվել, իսկ Դավիթ Մանուկյանը ստացել է 40-ից ավելի ձայներ ու չի ստացել դեմ ձայներ»:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը պնդեց՝ օրենքը ոչ մի տեղ չի սահմանում, որ նորընտիր ավագանու նստաշրջանի բացման օրը ձևավորվի խմբակցություն, խմբակցության ստեղծման համար առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա: Նա ասաց. «Առավել ևս խմբակցություն ստեղծելու մասին որոշում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նման որոշում անհրաժեշտ էլ չէ: Համայնքի ղեկավար ընտրելուց հետո նոր կուսակցությունները հստակեցնում են իրենց կազմերը, ոչ թե առաջին նիստով, այլ առաջիկա նիստով: Առաջադրվել է Տավրոս Սափեյանի թեկնածությունը, ում անունն ընդգրկվել է քվեաթերթիկում: Արդյունքում քվեարկությանն ընդգրկված է եղել երկու անուն , մեկը ստացել է 10, մյուսը՝ 11 ձայն: Ուստի համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու որևէ հիմք առկա չէ»:

Կողմերին լսելուց հետո նախագահող դատավորը նիստը փակված համարեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031