Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Հիտլերը հարձակվեց սովետի վրա, Թուրքիան ներխուժեց Սիրիա, սահմանները դելիմիտացված եւ դեմարկացված չէի՞ն, ուրեմն ավելի լավ է սահմանները Թուրքիայի հետ մնան փակ»

Դեկտեմբեր 24,2021 20:35

«Դեբատ» բանավեճի ակումբում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Մոդուս Վիվենդի» ՀԿ նախագահ Արա Պապյանին երկու հարց տվեց. նա  դեմ է դելիմիտացիան եւ դեմարկացիան հիմա սկսելո՞ւն, եթե այո, ե՞րբ է համարում հարմար ժամանակը եւ երկրորդ. պարոն Պապյանի ելույթից ճի՞շտ է հասկացել, որ ավելի լավ է Թուրքիայի հետ սահմանները մնան փակ:

«Այո, ավելի լավ է մեր սահմանները Թուրքիայի հետ մնան փակ, որովհետեւ դա որեւէ ձեւով չի նպաստելու մեզ: Նախ, սահմանները փակ չեն: Մենք Թուրքիայի հետ ունենք 3 միլիոնի արտահանում եւ 300 միլիոնի ներմուծում:  Փակ սահմանների պարագայում դա չի կարող լինել: Պարզապես, Գյումրի-Կարս ճանապարհի փոխարեն օգտագործում են Գյումրի-Ախալցխա-Թուրքիա ճանապարհը: Ընդամենը ուղղության փոփոխում է, որով ավտոմեքենան  7-8 ժամ երկար է գնում եւ ծախսը մի $ 100 ավելացնում է ամբողջ 20 տոննա ապրանքի վրա: Դա ոչինչ է:

Ես չգիտեմ, թե ո՞վ է այդ հեքիաթը մտցրել: Ես կարծում եմ՝ սահմանների բացման հարցը դրված է ոչ թե Թուրքիայի համար, ինչը ածանցյալ է, այլ Ադրբեջանի: Որովհետեւ Ռուսաստանը Հայաստանից պետք է արտահանի երկու կարեւոր բան՝ մոլիբդենի, պղնձի, ոսկու հումքը, որը Սյունիքում է, եւ մեր ատոմակայանի կուտակված չակերտավոր թափոնները, որոնք խիստ շահութաբեր են եւ տարբեր կիրառություն կարող են ունենալ: Դա հնարավոր չի արտահանել առանց երկաթուղային ճանապարհի:

Ինչ վերաբերում է դելիմիտացիային եւ դեմարկացիային, հասկանալի է,  որ հարեւանի հետ դա անպայման պիտի տեղի ունենա: Բայց պիտի հստակեցվի այն օրինական հիմքը, այն փաստաթղթերը, որոնց հիման վրա դա պետք է տեղի ունենա: Կրկնում եմ, չի կարող սովետական վարչական  սահմանը հիմք հանդիսանալ միջպետական դելիմիտացիայի համար: Դրանք զուտ վարչական սահմաններ են՝ ստեղծված օկուպանտի կողմից: Պիտի հասկանանք մի բան. Հայաստանի Հանրապետությունը իրավական տեսանկյունից օկուպացվել է, դա ամրագրված է միջազգային շատ փաստաթղթերով, այդ թվում՝ առայսօր ԱՄՆ-ում գոյություն ունեցող  1950-ականներին ընդունված փաստաթղթով,  որտեղ գրված է, որ Հայաստանը օկուպացված է 1920 թվականից:

Ադրբեջանը ինքն է հայտարարել 1991 թվականի հոկտեմբերի 18-ին, որ սովետական շրջանը օկուպացիոն շրջան է, հրաժարվել է սովետական իրավաքաղաքական ժառանգությունից եւ  վերականգնել պետականությունը: Հետեւաբար, մենք պետք է գանք նախասովետական շրջան եւ տեսնենք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ինչ սահման է եղել կամ  գոնե ինչ փաստաթղթեր ու սկզբունքներ են ընդունվել: Քանի որ կա վեճ եւ տարըմբռնում, ինչ են անում քաղաքակիրթ երկրները: Հայաստանն ու Ադրբեջանը թող միասնաբար դիմեն ՄԱԿ-ի դատարան, յուրաքանչյուր կողմը թող ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք համարում է հիմք՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի համար: Եվ դատարանը թող որոշի, թե որ փաստաթղթի վրա պետք է սահմանագծում, սահմանազատումը արվի: Ու դա լինելու է կատարման համար պարտադիր փաստաթուղթ»,- պատասխանեց արա Պապյանը:

Հովիկ Աղազարյանը, ըստ էության չհերքեց ընդդիմախոսի հիմնավորումը, սակայն ընդգծեց՝ շատ կարեւորելով, որ սահմանագծումը եւ սահմանազատումը որքան շուտ արվի, այնքան լավ կլինի «Որովհետեւ դա երկարատեւ գործընթաց է:  Հետեւաբար, երբ սկսվի,  դա եւս մեկ շտրիխ է կայուն խաղաղության հաստատման ճանապարհին»,-ասաց նա:

Aravot.am-ը բանախոսներին հարցրեց, թե ի՞նչը կարող է այսօրվա իշխանության համար այդքան շտապելու իրական պատճառը լինել: Հովիկ Աղազարյանը պատասխանեց, թե իր ասածը չի նշանակում, թե  շտապում են: «Ես ասում եմ՝ որքան շուտ սկսվի, այնքան լավ»: Իսկ Արա Պապյանն ասաց. «Կարծում եմ, այս գործի հիմքում ընկած է այն թյուր պատկերացումը, որ դելիմիտացված եւ դեմարկացված սահմանները կարող են երկիրը պաշտպանել արտաքին ներխուժումից: Թուրքիան, երբ ներխուժեց Սիրիա, սահմանները դելիմիտացված եւ դեմարկացված էին, Թուրքիան ներխուժում է Իրաք՝  դելիմիտաացված եւ դեմարկացված սահմաններով: Այսինքն, դա որեւէ բան չի տալու, դա զուտ իրավական գործողություն է,  որտեղ ասվում է՝ սա իմն է, սա՝ քոնն է:

Աշխարհում բոլոր պատերազմների 90 տոկոսը դելիմիտացված եւ դեմարկացված սահմաններով է եղել: Որ Ադոլֆ Հիտլերը հարձակվեց սովետի վրա,  սահմանը դելիմիտացված չէ՞ր, որ Սադամ Հուսեյնը Իրաքի վրա հարձակվեց, նույնը չէ՞ր: Եվ հակառակը՝ ռուս-ճապոնական սահմանը, որը առայսօր դելիմիտացված չէ: Ավելին, խաղաղության պայմանագիր չկա ստորագրված: Բայց դա բնավ չի խանգարում, որ խաղաղ ապրեն, դիվանագիտական հարաբերությունները հաստատեն եւ սերտ հարաբերություններ ունենան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031